Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազին

1512
Արթուր Դավթյան

ՀՀ Գլխավոր դատախազին
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետին
ՀՀ Հատուկ Քննչական ծառայության պետին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին

Ես գիտեմ, որ արդարադատության գլխավոր սկզբունքներից մեկը հումանիզմն է: Գիտեմ նաև, որ հումանիզմ կոչվածը կարող է մեկնաբանվել տարբեր կերպ, միակ բանը, որի հետ հույսեր եմ կապում, ոչ թե վերացական հումանիզմն է, այլ ճշմարտությունը:
Ճշմարտությունը միակն է, որ տարընթերցելի չէ: Մենք ամբողջ ընտանիքով տասնամյակներ շարունակ տեսել ենք քաղաքական հետապնդումներ, հալածանքներ, որովհետև ապրել ենք այնպես, ինչպես թելադրել է մեր խիղճը, համոզմունքը:

Հիմա էլ մեր ապրած կյանքի իրավունքով Ձեզանից չենք խնդրում ինչ-որ ողորմածություն, այլ պահանջում ենք հետամուտ լինել արդարադատությանը: Արդարությունը մեզ համար հոմանիշն է կյանքի, ուստի տվյալ դեպքում մենք հանդես ենք գալիս ոչ թե խնդրողի, այլ պահանջատիրոջ դիրքերից:

2017թ. հունիսի 13ին Ալավերդում տեղի ունեցավ սպանություն: Որդիս` Վահագն Աբգարյանը, մեղադրվում է, մասնավորապես, այդ սպանությունը կազմակերպելու մեջ (մյուս մեղադրանքներն «ածանցյալ» են այս հիմնական մեղադրանքին):
Որպես քաղաքացի և բազմամյա լրագրող, համոզված եմ, որ որքան ծանր է մեղադրանքը, նույնքան ծանրակշիռ պետք է լինեն ապացույցները: Մինչդեռ ներկայացված «ապացույցներն» ընդգրկում են ընդամենը մեկ շահագրգիռ անձի բանավոր հայտարարություններն ու քննիչների «վառ երևակայությունից» բխող ենթադրությունները: Այս «ապացույց» կոչվածների շինծու լինելը հիմնավորվում են մի շարք փաստարկներով, որոնք միաժամանակ խոսում են գործը վարող քննիչների կամ ոչ պրոֆեսիոնալիզմի, կամ ոչ անկողմնակալության մասին:

Առաջին: Սպանությունը կատարած Վլադիմիր Դավթյանը վճռականորեն մերժում է իր արարքի պատվիրված լինելու հանգամանքը, չնայած տարբեր քննիչների կողմից հոգեբանական և ֆիզիկական բազմաթիվ ճնշումներին: Այդ մասին նամակներով տեղյակ է պահել նույնիսկ վարչապետին` դրանով իսկ հայցելով նրա պաշտպանությունը: Եվ, իսկապես, տրամաբանության և սովորական ողջախոհության տեսակետից անհեթեթություն է պատկերացնել, այսպես կոչված, պատվերով սպանություն, երբ սպանություն կատարած անձը ոչ միայն չի փորձում անհայտ մնալ, այլև, ընդհակառակը, սպանությունը կատարում է ցուցադրաբար, և նույնիսկ ցուցադրաբար է սպասում իրեն ձերբակալելու եկող ոստիկաններին:

Երկրորդ: Այն անձը, ում ցուցմունքներն ընկած են Վահագն Աբգարյանին ներկայացվող ամբողջ մեղադրանքի հիմքում, այդ նույն անձի դեմ այսօր հարուցված է քրեական գործ`ապօրինի զենք և զինամթերք պահելու, սահմանախախտումների մեղադրանքով: Ապշեցուցիչ կերպով խոսքը գնում է հենց այն զենքի մասին, որի ապօրինի ձեռք բերումը և ուրիշին տրամադրումը մեղսագրվում է Վահագն Աբգարյանին: Ընդ որում, հենց ըստ գործի նյութերի, Վահագն Աբգարյանի մոտ ոչ ոք (բացի կեղծ ցուցմունք տվող այդ մեկից) երբևիցե չի տեսել որևէ զենք առհասարակ: Արդյո՞ք տարօրինակ չէ, որ քննիչները նաև այս դրվագում բավարարվել են մեկ ցուցմունքով:

Ես ինձ թույլ չեմ տալիս անել հեռուն գնացող եզրակացություններ, բայց մի՞թե այս փաստը խոսում է քննիչների բարձր պրոֆեսիոնալիզմի և անկանխակալության մասին: Համոզված եմ` ոչ: Որդուս զրպարտող այդ նույն և միակ անձնավորության մոտ բազմաթիվ մարդիկ տարբեր ժամանակներում ու հանգամանքներում տեսել են հենց այն զենքը, որով կատարվել է սպանությունը: Եվ նորից արդյո՞ք տարօրինակ չէ, որ այս անձնավորությունը քննիչների «թեթև» ձեռքով որդուս դեմ հարուցված քրեական գործով անցնում է որպես վկա, թ՞ե նա, այդպես ասած, «մեր վկան է»:

Երրորդ: Սպանություն կատարած Վլադիմիր Դավթյանը որդուս սանիկն է: Մեղադրական եզրակացությունում այս հանգամանքն այնքան է կարևորվում, այն էլ մի այնպիսի «լույսի ներքո» է ներկայացվում, թե իբր տեսեք, սա ևս գալիս է հիմնավորելու, որ սպանությունը պատվիրել է Վահագն Աբգարյանը, բայց ենթադրությունն ինքնին ապացույց չէ: Առավել ևս ապացույց չի կարող լինել հիվանդագին ենթադրությունը, չէ՞ որ «քավոր-սանիկ» հարաբերությունից, ընդհակառակը, ավելի մարդկային է ենթադրել, որ քավորը իր սանիկին չի կարող սպանություն պատվիրել: Իբր թե սպանության պատվիրված լինելու հանգամանքը հիմնավորող մնացած ենթադրությունները իրենց «հանճարեղությամբ» նույն կարգի չեն:

Եթե բանը հասել է ենթադրություններին, ապա ես ինքս էլ կարող եմ ենթադրություններ անել: Մասնավորապես, ես ենթադրում եմ, որ քննիչները կատարել են իրենց նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի հանցավոր պատվերը (թե նա ինչու՞ էր շահագրգիռ և ու՞մ պատվերն էր կատարում, կան լուրջ ենթադրություններ) և նախ քրեական օրենսգրքից պատճենել են հնարավորինս ծանրագույն հոդվածներ ու հետո միայն անհաջող փորձ կատարել`որդուս վերագրելով այդ հոդվածների համապատասխան ինչ-որ արարքներ: (Հարց չի՞ առաջանում, թե այս ջերմեռանդ քայլերը ինչու՞ կամ ինչի՞ դիմաց են արվել): Իմ այս ենթադրությունն ավելի հիմնավոր է (փաստարկները` ժամանակին), քան քննիչների բոլոր ենթադրությունները առանձին – առանձին և միասին վերցրած:

Մի բան ևս: Երկար ամիսներ տևող դատավարության ավարտը չի երևում: Մենք հասկանում ենք, որ այս օրերին դատարաններն անհամեմատ ծանրաբեռնված են: Բայց մինչև ե՞րբ սպասենք:

Հեղափոխությունը մեզ ապրելու և արդարադատությանը հավատալու շանս է տվել: Ես, ամուսինս, որդիս շատերին ենք ձեռք մեկնել, բայց մենք մեզ օգնել չենք կարող, մեր ապավենը նորօրյա կյանք սկսող երկրի արդար քայլերն են:

Վահագն Աբգարյանի մայր՝ Անահիտ Գևորգյան