«Բլոգնյուզի» դեմ քրգործ է հարուցվել կրոնական ատելություն հրահրելու հիմքով

0
2725

«Բլոգնյուզ» կայքի և ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան» կեղծ էջի հրապարակումների հիմքով քրգործ է հարուցվել, որն այժմ ուղարկվել է ԱԱԾ քննական վարչություն: Այս մասին Forrights.am-ին փոխանցեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:

Հայաստանի «Կյանքի խոսք» ավետարանական եկեղեցին սեպտեմբերի վերջին դիմել էր ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը՝ խնդրելով քրգործ հարուցել կրոնական թշնամանք հրահրելու հիմքով: Գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածով՝ կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված գործողությունների կատարման մասով, որով նախատեսվում է 3-6 տարվա ազատազրկում:

Մեր տեղեկություններով՝ ֆեյսբուքյան «Դուխով Հայաստան» էջի հրապարակումների առթիվ իրավապահներին էր դիմել նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչը, քանի որ նույն էջում Երևանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ գրվել էր, որ Հայկ Մարությանին ընտրողները կարող են գումար ստանալ կառավարության շենքից:

Մեր հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից հայտնել են, որ քրեական գործը հարուցվել է հոկտեմբերի 1-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ ՀՀ վարչապետի օգնականի կողմից տրամադրված տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով:

ԱԱԾ-ից փորձել էինք պարզել, թե ի վերջո բացահայտե՞լ են՝ ովքեր են «Դուխով Հայաստան» կեղծ էջի հեղինակները և ովքե՞ր են հարցաքննվել այս գործով:

«Ներկայումս քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում, քրեական գործով կատարված քննչական գործողությունները և պարզված հանգամանքները հանդիսանում են նախաքննական գաղտնիք և վարույթն իրականացնող մարմինը, հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 201-րդ հոդվածով նախատեսված կարգավորումները, նպատակահարմար չի գտնում դրանք հրապարակել քննության տվյալ փուլում»,-ի պատասխան գրել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ներկայացուցիչ Ա. Աղաջանյանը:

Forrights.am-ի հետ զրույցում «Կյանքի խոսք» եկեղեցու մամուլի խոսնակ, կրոնագետ Արմեն Լուսյանն ասաց, որ գործի քննության ընթացքում երկու անգամ կանչվել է ոստիկանություն, քանի որ քրգործը հարուցվել է ոստիկանությունում, հետո է ուղարկվել ԱԱԾ:

Արմեն Լուսյանի խոսքով՝ իրենք պնդում են բողոքը, քանի որ հրապարակումները կրոնական թշնամանքի հարուցում են, որոնց արդյունքում սպառնալիքներ են եղել եկեղեցու անդաների հասցեին: «Դրանք ծայրաստիճան վտանգավոր արարքներ են հազարավոր մարդկանց հետ կապված, ուստի պնդում ենք, որ բազմակողմանի, օբյեկտիվ քննություն տարվի և մեղավորները պատժվեն ըստ օրենքի»,-ասաց Լուսյանը:

Օգոստոս ամսին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բացվել էր «Դուխով Հայաստան» կեղծ էջը: «Այդ ֆեյսբուքյան էջում ՀՀ ազգային հերոս Մոնթեն ներկայացվում է որպես դավաճան, ադրբեջանցիները՝ եղբայր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հող հանձնող, իսկ այս ամենի հեղինակ՝ «Կյանքի Խոսք» եկեղեցին։ Ավելին՝ սեպտեմբերի 20-ին տվյալ կեղծ էջի օգտատերերը, տեղադրելով «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու հովվի նկարը և նշելով նրա անուն ազգանունը, կատարել են սուտ, զրպարտող և կրոնական ատելություն հրահրող հրապարակում»,-պարզաբանեց Լուսյանը:

Նրա խոսքով՝ «Բլոգնյուզ» կայքն ու դրա գլխավոր խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը, ակնառու դիտավորությամբ «Դուխով Հայաստան» կեղծ էջը վերագրելով «Կյանքի Խոսք» եկեղեցուն, ներկայացրել էին, թե իբր եկեղեցին իրականացնում է հակահայկական քարոզչություն:

Ըստ Արմեն Լուսյանի՝ «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանի կողմից «ակնհայտ սուտ տեղեկության տարածումը և կրոնական ատելության քարոզչությունը» եկեղեցու հանդեպ չի դադարեցվել անգամ «Կյանքի Խոսք» եկեղեցու պաշտոնական հերքումից հետո, ուստի իրենց այլ ճանապարհ չի մնացել, քան դիմել իրավապահներին:

Կրոնական հարցերով փորձագետ, religions.am կայքի հիմնադիր Ստեփան Դանիելյանը Forrights.am-ին ասաց, որ նախկինում կրոնական թշնամանք տարածելու դեմ գործեր դատարանում եղել են, սակայն նման գործերը պարտվել են: «Եվ դա պայմանավորված է եղել իշխանության քաղաքականությամբ և դատարանների ոչ անկախ լինելով։ Դա իմ տեսակետն է, իսկ թե ներկա պայմաններում նման դատավարություններ ինչպես կավարտվեն՝ կտեսնենք»,-ասաց իրավապաշտպանը։

Նրա խոսքով՝ նման դատական գործերը շատ կարևոր են։ «Ժողովրդավարական արժեքներն նման դատական գործերով են կայանում։ Բոլոր վիճի առարկաները պետք է դատարաններում հանգուցալուծվեն։ Ողջունելի է, որ Կյանքի խոսք եկեղեցին վերջապես որոշել է դատարան դիմել»։

Դանիելյանի խոսքով՝ Հայաստանում կրոնական թշնամանք և ատելություն խոսք պարունակող ելույթներ ու տեղակատվություն շատ է լինում։ «Հատկապես թիրախավորվում է Կյանքի Խոսք եկեղեցին, որի անդամներն հիմնականում երիտասարդներն են և սոցիալապես ակտիվ։ Գուցե դա է պատճառը։ Ատելության խոսքի վերաբերյալ դատարանի վճիռներն կանխարգելող կարևոր նշանակություն ունեն»,-եզրափակեց իրավապաշտպանը։

Նշենք, որ «Կյանքի խոսք»-ը ԱԱԾ-ին խնդրել է պարզել հետևյալ հարցերը՝ ովքե՞ր են «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի օգտատերերը, ինչո՞ւ են ներկայացել որպես «Կյանքի Խոսք» եկեղեցու էջ՝ տարածելով հակապետական և հակաառաքելական տեղեկություններ, այն դեպքում, երբ որևէ կապ չունեն եկեղեցու հետ, ինչո՞ւ են Արթուր Սիմոնյանի անունից և նրա նկարով գրառում կատարել, եթե Արթուր Սիմոնյանը երբևէ նման հայտարարություն չի արել:

Մարինե Խառատյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here