Հասարակական կազմակերպությունների տասնյակ ներկայացուցիչներ դեմ են ՊԵԿ-ի մշակած «ՀԿ-ների մասին» և «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագծերին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նոյեմբերի 9-ին հարցի շուրջ հրավիրված հանրային քննարկում-սեմինարի ընթացքում հայտնեց «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի ղեկավար Կարեն Զադոյանը:
«Հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ հասարակական կազմակերպությունները, ըստ օրենքի, պարտավոր էին հանրային ֆինանսավորման մասով ներկայացնել հաշվետվություններ, և, եթե ներկայացվող գումարը գերազանցում էր 5 միլիոնը, ապա ներկայացներ նաև ֆինանսական աուդիտի եզրակացությունը: Քանի որ ՊԵԿ-ը 2018թ. փետրվարին ընդունված ոչ իրավաչափ որոշման հիմքով ոչ միայն հանրային ֆինանսների մասով էր հաշվետվություն պահանջում, այլ նաև ՀԿ-ների ամբողջ գործունեության ծավալով, որը չէր բխում օրենքից, և կար այդ խնդիրն ավելի ճշգրտելու անհրաժեշտություն, փաստացի, ՊԵԿ-ը, որպեսզի գնա և կատարի օրենքի պահանջները, հակառակ նախագիծն է բերում, որ այդ ոչ իրավաչափ որոշումը դարձնում է օրենքի մակարդակի»,- ասաց Զադոյանը:
Կարեն Զադոյանի խոսքով` նախկինում այս օրենքի նախագծերը քննարկվում էին Կառավարության ու ՀԿ-ների միջև, այսպիսով ՊԵԿ-ը խախտել է նաև այդ կոնսենսուսը: Հանրային քննարկմանը մասնակցող ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանը նշեց, որ իրենց նպատակը հասարակական կազմակերպությունների ու հիմնադրամների վրա վերահսկողություն սահմանելը չէ:
«Մենք փորձում ենք ինստիտուցիոնալ գործիքներ գտնել հաշվետվողականությունը բարձրացնելու համար: Ստեղծելու ենք անվճար էլեկտրոնային համակարգ, որտեղ կազմակերպությունները քայլերի հաջորդականությամբ կկարողանան ներկայացնել իրենց ֆինանսական միջոցների ստացման աղբյուրները և այն, թե ինչպես են դրանք ծախսվել: Սա կապված է նրա հետ, որ առաջ բավարար հաշվետվողականություն չի եղել, և այս հարցերի հետ կապված խնդիրներ են առաջացել դատական մարմիններում»,- ասաց Ռուստամ Բադասյանը:
ՀԿ-ների ներկայացուցիչները պետական եկամուտների կոմիտեի գործողություններում հապճեպություն են նկատում, սակայն ՊԵԿ նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանի խոսքով` իրենք չեն շտապում օրենքի նախագծերը ներկայացնել Ազգային ժողով:
«Մենք պատրաստ ենք կառուցողական քննարկման ու լսելու բոլոր շահագրգիռ կողմերին»,- նշեց ՊԵԿ նախագահի տեղակալը:
Սեմինար-քննարկման կազմակերպիչներն ու մասնակիցներն առաջարկեցին ետ կանչել օրենքներում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը և ստեղծել ՊԵԿ-ՔՀԿ-ներ աշխատանքային խումբ` մասնակցային և երկկողմանի ընդունելի նախագիծ համատեղ մշակելու նպատակով:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: