Որոտան-Խնձորեսկ ճանապարհին 4 զինվորի կյանք խլած և բազմաթիվ զինվորների վիրավոր դարձրած վթարը ցնցեց հանրությանը. բոլորը պատճառներ ու մեղավորներ են փնտրում: Վթարված «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացած շարքային Էդգար Հունանյանն էր: Մամուլում Էդգարի մտերիմներից մեկն ասել է, որ շարքային Էդգարը չի ուզել գնալ Արցախ, քանի որ մեքենան նորմալ վիճակում չի եղել:
Այս վարկածը մասնակի հաստատել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, որը լրագրողների հետ զրույցում նշել է, թե ծառայողական քննության նախնական արդյունքներով արդեն իսկ ակնհայտ է, որ ողբերգության պատճառների շարքում տեղ են գտել տեխնիկական և ծառայության կազմակերպման հետ կապված մի շարք կոպիտ բացթողումներ։
Դավիթ Տոնոյանը վստահեցրել է, որ մեղավորները պատասխանատվություն կկրեն օրենքի ողջ խստությամբ։ Դեպքի առթիվ քրգործը, սակայն, հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 3-րդ մասով (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ): Ինչպես հայտնի է՝ հարուցված քրգործը քննում է քննչական կոմիտեն:
ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը կարծիքով՝ այս վթարի մեղավորները շատ են: «Պատահարի համար պետք է պատասխան տան ավտոծառայությունը, հրամկազմը, բոլորն էլ իրենց մեղավորությունն ունեն էդտեղ: Կա վերահսկողական ծառայություն, որը անսարք մեքենա չպետք է թողներ դուրս գար: Շատ մարդիկ պիտի պատասխան տան էս գործով: Նախ՝ դուրս գալուց մեքենան պետք է ստուգվեր, որպեսզի խուսափեն նման պատահարներից, հետո պետք է ժամկետային զինծառայող չլինեն վարորդները»,-Forrights.am-ի հետ զրույցում ասաց նախկին փոխնախարարը՝ հավելելով, որ մարդատար մեքենաները բանակում պետք է վարեն առնվազն 5 տարվա փորձ ունեցող պայմանագրային զինծառայողները:
«Քաղաքացիական կյանքում, երբ տրանսպորտը ութ հոգուց ավելի ուղևոր է տանում, վարորդը պետք է ունենա D կատեգորիա: Իսկ մեր զինվորները C կատեգորիայի վարորդներ են բոլորը: 6 ամիս ԴՈՍԱՖ-ում սովորում են, գնում 1-1,5 տարի ծառայում են, միևնույն է՝ չեն կարող մարդ տեղափոխել էնպես, ինչպես D կատեգորիայի վարորդները»,-նշեց նախկին փոխնախարարը:
D կատեգորիայի վարորդն էլ, Գագիկ Մելքոնյանի խոսքով, ամենաքիչը հինգ տարվա ստաժ պետք է ունենա բանակում աշխատելու համար: «Զինվորների կյանքերը վստահել C կատեգորիայի վարորդ-շաչքայիններին, ես համարում եմ սխալ: Պիտի փորձառու պայմանագրային զինծառայողներ լինեն, որոնք հինգ տարուց ավելի ստաժ ունեն: Իրենց կարելի է վստահել մարդկային կյանքը: Դա 99 տոկոսով կլուծի վարորդի ֆակտորի խնդիրը, իսկ եթե մեքենան անսարք է, դա արդեն այլ խնդիր է»,-նշեց Մելքոնյանը:
Նախկին փոխնախարարը չի կարծում, որ պայմանագրային զինծառայողներ ներգրավելը լրացուցիչ ծախս կլինի բանակի համար, հատկապես, երբ խոսքը մարդկային կյանքների մասին է:
Ի դեպ, Մելքոնյանը բանակում հեղափոխությունից հետո շատ փոփոխություններ չի նկատել: «Կան փոփոխություններ: Որ ասեմ մեծ փոփոխություններ եղել են, չէ, էդքան մեծ փոփոխություն չկա: Զինվոր- սպա հարաբերություններում փոփոխություն կա դեպի լավը: Հուսով են, որ ավելի կլավանա»,-ասաց նախկին փոխնախարարը:
Պաշտպանության մեկ այլ նախկին փոխնախարար Անդրանիկ Քոչարյանը Forrights.am-ի հետ զրույցում նկատեց, որ բանակում տրանսպորտային պատահարները բավական շատ են: «Տարեցտարի նման դեպքերից բազմաթիվ կորուստներ ենք ունենում: Պատասխան պետք է տան բոլոր պատասխանատուները: Եկել է պահը, որ լուծվի շատ կարևոր խնդիր. զինվորների տեղափոխումը բարձրակարգ վարորդական հմտություններ ունեցող զինվորականների կողմից: 18 տարեկան երեխուն տալիս են ծանր մեքենան՝ մարդ տեղափոխելու: Պատկերացնո՞ւմ եք՝ երեխային ավտոբուս տան: Տեխնիկական անսարքության պայմաններում ծանր տեխնիկայի ղեկին անփորձ երեխեք են ղեկին նստած»,-ասաց Քոչարյանը:
Նա ևս կարծում է, որ եթե մեքենայով զինվոր են տեղափոխում, ղեկին պետք է նստած լինի շատ հմուտ վարպետ: «Թող բանակը կամ շատ երկար ժամանակ պատրաստի էդ երեխեքին, կամ պայմանագրային վերցնեն լուրջ վարորդների, դնեն նման ծառայության մեջ»,-առաջարկեց Քոչարյանը՝ հավելելով. «Հիմնական լուծումը պետք է գտնել հմուտ վարորդներին ղեկին նստեցնելու ճանապարհով: Զինվորներ տեղափոխելու դեպքում այլ կարգի վկայական պետք է ունենա վարորդը: Եվ մարդ և ծանր տեխնիկա տեղափոխելու փորձ պիտի ունենա: Ընդհանրապես, մարդ տեղափոխող մեքենայի ղեկին պետք է լինի շատ փորձված վարորդ»:
Նախկին փոխնախարարի խոսքով՝ բանակի համար ամենակարևոր բանը զինվորն է ու տեխնիկան. «Երկուսն էլ պետք է լինեն իդեալական վիճակում»:
Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ զինվորական ծառայության վարորդները մինչ բանակ զորակոչվելն անցնում են համապատասխան պատրաստություն՝ ՊՆ պատվերի շրջանակում:
«Եթե պարզվի, որ վարորդի մեղքով է եղել, գուցե կարիք առաջանա այս ծրագրերը վերանայելու»,- ասել է Բալայանը՝ միաժամանակ հավելելով, որ տվյալ դեպքում վթարված ավտոմեքենայի վարորդը բավական փորձառու է եղել, քանի որ մի քանի ամիս անց պետք է զորացրվեր:
Հիշեցնենք` նոյեմբերի 7-ին Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհին «Կամազ» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ գլորվել ձորը, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդգար Արմենի Հունանյանը եւ ավտոմեքենայի թափքում գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողներ, շարքայիններ`Հայրապետ Վոլոդյայի Նաիրյանը, Հրանտ Արայի Գասպարյանը եւ Դավիթ Բենիամինի Մելքոնյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել են:
Մարինե Խառատյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: