Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժեց ցմահ դատապարտյալ Յուրի Սարգսյանի՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակվելու վերաքննիչ բողոքը։ Դատարանը հրապարակման մեջ չհիմնավորեց չբավարարելու հիմքերը։

24 տարի բանտում անցկացնելով, ցմահ ազատազրկման դատապարտված Յուրի Սարգսյանն այսօր դատարանում վաղաժամկետ ազատության համար էր պայքարում։ Ազատ արձակվելու դիմումի հիմքում պաշտպան Արաքս Մելքոնյանը նշում էր Յուրիի անձնական կյանքի հանգամանքները (վերջինս ամուսնացել է և ունի երեխաներ), նրա կամավորական գործունեությունը, գրքեր խմբագրելը, ռադիոկայանների հետ բլոգային աշխատանք տանելը և այլն:

Այսօր դատարանում խոսքի իրավունքից օգտվեց դատապարտյալ Սարգսյանը. վերջինս բավականին հուզված էր։

51-ամյա Յուրին հայտարարեց, որ անկեղծորեն զղջում է 25 տարի առաջ կատարած հանցանքի համար, ներողություն է խնդրում բոլոր նրանցից, ում ցավ է պատճառել.

«Ես այլևս այն մարդը չեմ, ով տարիներ առանց նման արարք է կատարել։ Այդ ամենի պատճառով ես կորցրի ամեն ինչ՝ տունս, ընտանիքիս, ընկերներիս, բարի համբավս և ազատությունս։ Ես ամեն օր մտածում եմ, որ այս դեպքն այլ հանգուցալուծում կարող էր ստանալ, բայց ոչինչ փոխել չի լինի հիմա: Ես ամեն պահ զղջում եմ իմ կատարած արարքի համար, ես էլ ընտանիք ունեմ, հասկանում եմ ձեր ցավը: Ես անկեղծ զղջում եմ…միայն եթե կարողանայի ինչ-որ բան փոխել…Հավատացեք, իսկական պատիժը բանտի 4 պատերի մեջ չի, այլ իմ մեջ է»,- իր խոսքում նշեց Սարգսյանը:

Անդրադառնալով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կողմից տրամադրած այն բնութագրին, համաձայն որի այս 25 տարվա ընթացքում ինքը 6 կարգապահական տույժ ունի, Յուրին մանրամասն նկարագրեց դրանք ստանալու պատճառների մասին: Այդ առիթով հարուցված բոլոր քրեական գործերը կարճվել են:

Յուրի Սարգսյանի պաշտպան Արաքս Մելքոնյանը շեշտեց՝ ապացուցման միակ միջոցը, որ անձը փոխվել է, դա նրան հասարակություն վերադարձնելն է: Ըստ փաստաբանի, Յուրան ՔԿՀ-ում ցույց է տվել, որ ազատ արձակվելուց հետո կարող է դրսևորել կանոնավոր կյանք.

«Յուրի Սարգսյանն ունի ընտանիք, երեխա, աշխատանք, բնակության վայր: Ազատ արձակվելուց հետո ապրելու է քաղաքից հեռու և զբաղվելու է գյուղատնտեսությամբ: Ի դեպ, նշենք, որ տուժող կողմի հետ անցանկալի հանդիպումներից խուսափելու համար է ցանկացել ապրել քաղաքից դուրս»,- նշեց պաշտպան Մելքոնյանը:

Տուժող կողմի իրավահաջորդ Ռուզաննա Հայրապետյանը Սարգսյանի ամբողջ խոսքի  ընթացքում արտասվում էր: Նա դատարանին հայտարարեց, որ վերաքննիչ բողոքի որոշումը թողնում է դատարանի հայեցողությանը.

«Ինձ համար շատ ծանր է ասել՝ ազատեք, էլ ավելի ծանր՝ թողեք բանտում: Չեմ կարողանում կողմնորոշվել: Դեռ մեծ ցավ ունեմ սրտումս, բայց ամբողջ կյանքում ճաղերի հետևում թողնելու պատասխանատվությունն էլ իմ ուսերին չեմ վերցնի: Դատարանը ոնց ճիշտ կգտնի, թող այդպես էլ վարվի: Թող իմ ուսերին չլինի իր դատավճիռը»,- ասաց տիկին Հայարպետյանը:

Մյուս տուժող՝ Հարություն Ջուլֆայանի որդին՝ Սարգիս Ջուլֆայանը, առարկեց բողոքի բավարարման դեմ: Ջուլֆայանը նշեց, որ հոգու խորքում կցանկանար Յուրան ազատ արձակվեր, որ «սիրտը թեթևանար», բայց սթափ մտածելով հակառակում է համոզվում:

Լսելով դատավարական կողմերին, դատարանը 30 րոպեով հեռացավ խորհրդակցական սենյակ: Տուժող կողմը լքեց նիստերի դահլիճը՝ չսպասելով դատարանի որոշման հրապարակմանը:

Քիչ անց դատարանը հայտարարեց՝ վերաքննիչ բողոքը մերժվում է, իսկ Առաջին ատյանի դատարանի որոշումը թողնում օրինական ուժի մեջ:

Պաշտպան Արաքս Մելքոնյանը Forrights-ի հետ զրույցում նշեց, որ որոշման մասին չի կարող կարծիք հայտնել, քանի որ ծանոթ չէ վերաքննի բողոքի մերժման հիմքերին, սակայն հայտնեց՝ անպայման դիմելու են Վճռաբեկ դատարան:

Տուժողի իրավահաջորդներն էլ հայտարարեցին՝ դատարանի որոշումն «իրենց սրտով էր»:

Հիշեցնենք, որ Յուրի Սարգսյանն ազատազրկվել է Խաչիկ Հայրապետյանի և Հարություն Ջուլհակյանի սպանության համար: Հանցանքը բացահայտվել էր 1 տարի անց, իսկ արդեն 1996թ.-ին՝ Գերագույն դատարանի վճռով,  Սարգսյանը ենթարկվում է մահապատժի, սակայն 2003թ.-ին՝ նախագահի հրամանագրով, գնդակահարությունը փոխարինվում է ցմահ ազատազրկմամբ:

Ռոզա Վարդանյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest