«Մարտի 1»-ի գործով ապացույց կեղծելու ՀՔԾ-ի ներկայացրած մեղադրանքով դատարանը որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին, որն այս պահին բացակայում է Հայաստանից և Մոսկվայում է գտնվում: «Մարտի 1»-ի գործի քննության առթիվ Forrights.am-ը մի քանի հարց ուղղեց ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանին:
-Դուք 2008-ի մայիսից եղել եք ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, «Մարտի 1-ի» գործով կեղծված ապացույցների առթիվ Ձեզ որևէ բան հայտնի եղե՞լ է: Հնարավո՞ր է Դուք տեղեկություն ունեք այլ կեղծված ապացույցների մասին:
— Ես 2008-ի մայիսին նշանակվել եմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում: Դատախազի բոլոր տեղակալները, այդ թվում նաև ես, համակարգել են կոնկրետ բնագավառներ: Իմ համակարգման տիրույթում չէին ՀՔԾ-ում քննվող քրեական գործերը, հետևաբար՝ խոսել այդ քրեական գործում առկա ապացույցների մասին չեմ կարող: Ավելին, մասնագիտական էթիկայի տեսանկյունից ճիշտ չէ քրեական գործի նյութերին չտիրապետելով՝ կարծիք ներկայացնել, քանի որ ես չեմ տիրապետում այդ քրեական գործին վերաբերող քննչական և դատավարական փաստաթղթերին: Իսկ «Մարտի 1-ի» գործի մասին տեղեկացված եմ բացառապես մամուլի հրապարակումներից: Ինչ վերաբերում է ընդհանրապես այդ գործում առկա կեղծ ապացույցներին, ապա դա կարծում եմ ոչ միայն ինձ, այլև հասարակության համար սենսացիոն նորությունն էր:
-Ձեր կարծիքով՝ ո՞ւմ պետք է մեղադրանք առաջադրվի հաջորդիվ: Նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի անունն է շրջանառվում մամուլում:
-Ինչպես արդեն նշեցի՝ ես բացարձակ չեմ տիրապետում այդ գործի նյութերին: Քննչական խումբը, որն իրականացնում է գործի նախաքննությունը, բավարար ապացույցներ ձեռք բերելու պարագայում կարծում եմ չի հապաղի և կներգրավվի նոր մեղադրյալներ: Իսկ առհասարակ, ես չեմ կարող ենթադրել, թե ով ինչ կերպ է ազդել կամ «կեղծել» այս գործին առնչվող ապացույցները: Եթե կլինեն այդպիսիք, ապա, այո՛, նրանք չպետք է խուսափեն պատասխանատվությունից, և նրանց ևս պետք է մեղադրանքներ առաջադրվեն:
-Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը 2008-ին նախագահի օգնականն էր և ինքն էր բացատրություններ տալիս «Մարտի 1-ի» հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին: Կարծում եք, նա և՞ս պետք է հարցաքննվի այդ գործով:
-Գևորգ Կոստանյանն այդ ժամանակահատվածում եղել է ՀՀ նախագահի իրավական գծով օգնականը, ապա՝ ՀՀ գլխավոր դատախազը: Նա այս քրեական գործով ամենատեղեկացված բարձրաստիճան պաշտոնյաններից մեկն է, եթե ոչ ամենատեղեկացվածը: Այն, որ այս ծանր հանցագործությունը չբացահայտվեց, դա նաև նրա «շնորհիվ է»: 2008թ. մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը բառացիորեն ասել էր, որ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը տղամարդավարի խոստացել էր, որ սայլը տեղից կշարժվի, սակայն իրենք հասկացել են, որ այդ ամենը իմիտիացիոն բնույթ էր կրում: Իսկ իր հարցազրույցներից մեկի ժամանակ, Գևորգ Կոստանյանն արդարացել էր, թե երբ ինքը դարձել է գլխավոր դատախազ, Մարտի 1-ի դեպքերից արդեն հինգ տարի անցել էր, և շատ վկաներ արդեն երկրում չէին, իսկ շատ վկաներ արդեն չէին հիշում դետալներ: Սակայն նա անիմաստ էր համարել անգամ վկայի կարգավիճակում Քոչարյանի հարցաքննությունը և հայտարարել՝ Քոչարյանին կանչենք, հարցաքննենք, որ ի՞նչ ասի:
Աայսօր Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այս գործով անցնող ամենաառանցային մեղադրյալն է: Գևորգ Կոստանյանն իր այդ հայտարարություններով տեղնուտեղը «գնդակահարել էր» նախաքննական մարմնի աշխատանքը՝ գործը քննող քննիչներին և հսկող դատախազներին ուղղակիորեն «մեղադրելով» անգործության մեջ: Ուզում եմ հարցնել՝ իսկ 5 տարի ինչո՞վ էին զբաղված քննչական խումբն ու ՀՀ նախագահի իրավական գծով օգնական, ապա ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին հանգրվանած Գևորգ Կոստանյանը: Թե՞ քրեական գործը հնեցվում էր, որ մոռացվի ու չբացահայտվի: Իսկ այսօր ՀՔԾ-ի պետ Սասուն Խաչատրյանին և քննչական խմբին սպասվում է ծանր աշխատանք, քանի որ արդեն իսկ անցել է շուրջ տասը տարի: Ես վստահ եմ, որ մարտի մեկի քրեական գործն ամբողջությամբ բացահայտվելու է և այն անձինք, որ անգամ չէին հրավիրվում որպես վկա հարցաքնվելու՝ ներգրավվելու են որպես մեղադրյալներ: Այս առումով Գևորգ Կոստանյանը ոչ թե մարտի 1-ի քրեական գործը ձախողած, այլև ամբողջապես խորտակած պաշտոնյա է: Անշուշտ, նա պետք է հարցաքննվի:
-Գևորգ Կոստանյանը հակադարձել է գլխավոր դատախազին ուղղված Ձեր հաղորդմանը՝ ասելով, թե Դուք գիտեք՝ ինչի համար է նա Ձեզ աշխաանքից ազատել, այս առթիվ ի՞նչ կասեք: Հավանական համարո՞ւմ եք այսօր Ձեր վերադարձը նախկին պաշտոնին:
-Գևորգ Կոստանյանը ինձ երբևէ հանդիպած լրջության հետ աղերս չունեցող պաշտոնյան է: Նա ինձ աշխատանքից չի ազատել, այլ միջնորդել է նախկին ՀՀ նախագահին՝ ինձ ազատել դատախազի տեղակալի պաշտոնից առանց իմ դիմումի: Գիտեք, այս մասին շատերն են ինձ հարցնում, և այստեղ ոչ մի տողատակ չկա: Սակայն, եթե Գևորգ Կոստանյանն ինչ-որ կերպ դեռ հակադարձում է, ապա ես խոստանում եմ ձեզ ապագայում տրամադրել ՀՔԾ-ում Գևորգ Կոստանյանի տված բացատրությունները: Եվ դուք կհամոզվեք, թե նա ինչպիսի մեծ հարգանքով է վերաբերվում ինձ: Եվ միայն այդ դեպքում դուք վերջապես կճանաչեք իրական Գևորգ Կոստանյանին:
Ցավում եմ, որ ոմանց թվում է, թե ես պաշտոնի «կռիվ եմ» տալիս: Բնավ՝ ոչ, հավատացած եղեք: Ես ինքնասիրություն ունեցող մարդ եմ և երբեք չեմ հանդուրժի անարդարությունը՝ որքան ժամանակ էլ անցնի: Շատ բաների մասին չեմ խոսի, միայն ասեմ, որ նախկին իշխանավորներից շատերը սարսափում են նույնիսկ Արմեն Դանիելյանին դատախազի պաշտոնին տեսնելու մտքից, էլ ուր մնաց՝ ես վերականգնվեմ: Այդ պարագայում քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածությունը տասնապատիկ անգամ կավերանա, իսկ Հայաստանը գուցե և արտաքին պարտք չունենա:
Մարինե Խառատյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: