«Ես չեմ կարող հիմա ասել, որ բոլոր այդ 1000 փամփուշներն էլ բանակի զենքերն են եղել, թե ոչ, բայց մեր ապացույցները խոսում են այն մասին, որ իրեղեն ապացույց հանդիսացող առնվազն 1000 պարկուճ փոխվել է Ներքին զորքերի սպառազինության մեջ գտնվող զենքերից կրակված պարկուճներով: Ներքին զորքերի այդ զենքերը հիմա էլ կան»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, անդրադառնալով նախօրեի այն բացահայտմանը, որ Մարտի 1-ին կիրառված իրական պարկուճները նախկին քննչական խմբի ղեկավարի ու դատաձգաբան-փորձագետի կողմից կեղծվել են:
Խաչատրյանը չցանկացավ մանրամասներ ներկայացել, թե ում հրահանգով է Վահագն Հարությունյանը կեղծել ապացույցները, նշելով՝ այս պահին կան կասկածներ, բայց դրանց մասին չի բարձրաձայնի:
«Մարտի 1»-ի գործով նախկին քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանն էլ իր հերթին հայտնել էր, որ իր նկատմամբ ապօրինի հետախուզում է հայտարարվել, քանի որ ավելի վաղ ՀՔԾ-ին տեղեկացրել է իր գտնվելու վայրը:
«Հետախուզումը ոչ թե միայն անձի գտնվելու վայրը պարզելն է, այլև այն ենթադրում է հետախուզվողին վարույթն իրականցնող մարմին ներկայացնելը. այսինքն միայն վայրը հայտնի լինելը չի նշանակում, որ չի կարելի հետախուզում հայտարարել: Վահագն Հարությունյանը Հայաստանի տարածքը լքել է այս տարվա հուլիսին, իսկ հարցաքննությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն պետք է ունենա որոշակի արդյունավետություն: Այսինքն անձը կանչվում է հարցաքննության, երբ նրան ունենք հարցեր և որոշակի հանգամանքների շուրջ նա պետք է հարցաքննվի: Այն հանգամանքները, որոնք հիմա են հայտնի դարձել, հայտնի չէին հուլիսին»,- պարզաբանեց Սասուն Խաչատրյանը:
ՀՔԾ պետը փաստեց, որ անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքն ապացույցների բավարար համակցությունն է եղել.
«Ոչ ասեկոսեները, ոչ օպերատիվ տվյալները, ոչ ինչ-որ այլ տվյալներ, այլ քրեադատավարական օրենսդրությամբ սահմանված հստակ ընթացակարգերով ձեռք բերված ապացույցների համակցությունն է հիմք տալիս անձին ներգրավել որպես մեղադրյալ»,-ընդգծեց նա:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: