Արցախի հանրապետության ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար րտակ Բեգլարյանը նշանակվել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հենց Բեգլարյանը.
«Քիչ առաջ Ազգային ժողովի կողմից ընտրվեցի ԱՀ Մարդու իրավունքների պաշտպան՝ 29 կողմ, 0 դեմ ձայներով: Ինձ համար պատիվ է այս պատասխանատու գործառույթը ստանձնել, որը կատարելու եմ ամենայն պատասխանատվությամբ: Ստորև մեջբերում եմ ելույթիցս մեկ հատված, որը լավագույնս բնութագրում է իմ ցանկություններն ու մտադրությունները.
«Ի՞նչ սկզբունքներով եմ առաջնորդվելու գործունեությանս ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվելու դեպքում…
• Վստահություն հավասարապես հասարակության և իշխանությունների կողմից. իմ համոզմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող արդյունավետորեն կատարել իր լիազորությունները, եթե բարձր վստահություն չվայելի հավասարապես քաղաքացիների և իշխանությունների մոտ: Մարդու իրավունքների պաշտպանը նման է կամուրջի, որի հենարանները պետք է հավասարապես ամուր լինեն գետի երկու ափերում էլ, այլապես այն մի օր կփլուզվի հեղեղումներից կամ ծանրությունից:
• Անաչառություն և անկողմնակալություն. ես պարտավորված եմ առավելագույնս անաչառ և անկողմնակալ լինել իմ գործունեության ընթացքում, որպեսզի կարողանամ արդյունավետորեն ծառայել մարդկանց իրավունքների պաշտպանությանը և մեր պետության հիմքերի ամրապնդմանը: Այստեղ կուզեի շնորհակալություն հայտնել «Հայրենիք» խմբակցությանը՝ ինձ վստահելու և իմ թեկնածությունն այս պատասխանատու պաշտոնում առաջադրելու համար: Այնուամենայնիվ, ես պետք է շեշտադրեմ, որ այդ վստահությունը ինձ որևէ կերպ չի կաշկանդում անկողմնակալ կերպով գործունեությունս ծավալելու, և իմ արհեստավարժ ու արդյունավետ աշխատանքը, վստահ եմ, «Հայրենիք» խմբակցության համար նույնպես լավագույն գնահատականը կլինի: Տեղեկացնեմ, որ «Հայրենիք» և «Դաշնակցություն» խմբակցությունները ցանկություն են հայտնել հանդիպել ինձ հետ՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, և նրանց հետ ունեցել եմ արդյունավետ ու կառուցողական հանդիպումներ: Նշեմ նաև, որ այս կամ այն խմբակցության և պատգամավորի դրական կամ բացասական դիրքորոշումն իմ թեկնածության հանդեպ կրկին որևէ կերպ չի ազդելու իմ անաչառ ու բարեխիղճ աշխատանքի վրա, և ես լինելու եմ բոլորի ու յուրաքանչյուրի իրավունքների պաշտպանը:
• Արդարամտություն և սրտացավություն. ամեն ինչից առավել ես մարդ եմ և պարտավոր եմ մարդկայնորեն ծառայել մարդկանց: Այդ մարդկայնության մեջ մտնում է և՛ սրտացավությունը, և՛ արդարամտությունը, որոնք բխում են իմ ոսկե սկզբունքից՝ «Մարդկանց վերաբերվել այնպես, ինչպես կուզեի ինձ հետ վերաբերվեին»:
• Մատչելիություն և հասանելիություն. հնարավորինս կանեմ, որպեսզի շարունակաբար բարձրացնենք Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մատչելիությունն ու հասանելիությունը հասարակության բոլոր խմբերի և յուրաքանչյուր անձի համար:
• Թափանցիկություն և հաշվետվողականություն. Պաշտպանի գործունեությունը պետք է խարսխված լինի հատկապես հասարակության և Ազգային ժողովի առջև թափանցիկ և հաշվետվողական աշխատանքի վրա: Դա նման է մաքուր հայելուն. ի՞նչ կմտածի այն մարդը, որը կեղտոտ հայելու մեջ կտեսնի իր պատկերի աղավաղված արտացոլանքը:
• Նախաձեռնողականություն. առանց նախաձեռնողականության հնարավոր չէ շոշափելի արդյունքներ արձանագրել, և այդ նախաձեռնողականությունը դրսևորելու եմ իրավունքների խախտումների և՛ վերացման, և՛ կանխարգելման, ինչպես նաև տարբեր ծրագրերի կյանքի կոչման գործում:
• Հետևողականություն. իմ լիազորությունների շրջանակներում ես հնարավորինս հետևողական եմ լինելու յուրաքանչյուր իրավունքի խախտում վերացնելու և յուրաքանչյուր ծրագիր իրագործելու հարցում: Ինչի՞ կնմանվի այն տունը, որի տանիքը կդրվի կիսատ շարած պատերի վրա:
• Միջազգային լավագույն փորձի կիրառում. քանի որ Արցախը քաղաքակիրթ աշխարհի անբաժանելի մասն է, և բազմաթիվ երկրներում կուտակված է հսկայական արժեքավոր փորձ, ես պատրաստվում եմ պարբերաբար ուսումնասիրել և տեղայնացնել այդ փորձը տարբեր հիմնախնդիրներ լուծելու համար: Վերափոխելով ժողովրդական մի ասույթ՝ նշեմ. «Ջրհորի գորտը ծովի մասին պատկերացում չի կարող ունենալ, եթե դուրս չգա ջրհորից»:
• Համագործակցայնություն. իմ ելույթում նշված ոչ մի նպատակ հնարավոր չէ կյանքի կոչել առանց ամենօրյա ու արդյունավետ համագործակցության՝ քաղաքացիների, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, արտաքին գործընկերների և բազմաթիվ այլ սուբյեկտների հետ: Սակայն կուզեի առանձնացնել Մարդու իրավունքների պաշտպանի առաջնային համագործակցին, այն է՝ Ազգային ժողովը և յուրաքանչյուր պատգամավոր:
Հարգելի՛ պատգամավորներ, կարծում եմ, որ ընտրելով Մարդու իրավունքների պաշտպան՝ դուք միևնույն ժամանակ յուրովի պարտավորություն եք ստանձնում շարունակաբար աջակցել ձեր վստահության քվեն ստացած անձի արդյունավետ աշխատանքին, իսկ ես, այդ բարձր քվեն ստանալու դեպքում, պարտավորվում եմ առավելագույնս համագործակցել Ազգային ժողովի, բոլոր խմբակցությունների ու յուրաքանչյուր պատգամավորի հետ՝ Արցախի Հանրապետությունում մարդու իրավունքների ու ազատությունների պաշտպանության կարևորագույն առաքելությունն իրագործելու ընթացքում»:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: