62 «կողմ», 2 «դեմ», 0 «ձեռնպահ». Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծի ընդունումը երկրորդ անգամ տապալվեց: Նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-ը՝ 63 պատգամավորի «կողմ» ձայն: Փաստացի, ընդամենը 1 ձայնի պատճառով նախագիծը չընդունվեց:
Արտահերթ նիստին մասնակցելու համար ներկայացել էին «Ծառուկյան» դաշինքի կազմն ամբողջությամբ՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Նա շեշտեց, որ անգամ հիվանդ և «չթրաշված» պատգամավորներն են հատուկ եկել, որ ապահովեն նախագծի անցկացումը.
«Ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որ ԸՕ փոփոխություններն ընդունվեն: Մեր ամբողջ թիմն այստեղ ա։ Դրսից էլ ա մարդ եկել. որը կնոջը թողել ա դրսում, որը հիվանդ ա: Եկել ենք, որ մեզ չմեղադրեն՝ ժողովուրդն էլ տեսնի, որ ուրիշի սարքածը մեր վրա չի ազդում։ Մեզանից ինչ կախված է, մենք պատրաստ ենք, մեր 31 պատգամավորներով այստեղ ենք, կատարելու ենք մեր պարտքը, մեր խոստումը, իսկ մնացածը ինչ կմտածի, գնացեք իրենց հարցեք»,- իր խոքում նշեց Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ շաբաթ առաջ այս փաթեթի ընդունումն ԱԺ արտահերթ նիստում տապալվել էր, քանի որ ՀՀԿ-ն դեմ էր արտահայտվել նախագծին և բոյկոտել էր քվեարկությանը: Արդյունքում, նախագծին կողմ էր քվեարկել 56 պատգամավոր: Նրանք փաստում էինն, որ առանց իրենց խմբակցության անդամների էլ հնարավոր է հավաքել անհրաժեշտ ձայները:
Նշենք, որ արտահերթ նիստը հրավիրվել էր «Ելք» և «Ծառուկյան» դաշինքի մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ, որոնք օրեր առաջ այս առիթով ստորագարհավաք էին կազմակերպել:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: