ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել և ամփոփվել է 2018թ. առաջին 9 ամիսների ընթացքում հանցագործությամբ պետությանը պատճառված վնասի և դրա վերականգնման վիճակը:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2018թ. 9 ամիսների ընթացքում բացահայտված հանցագործությունների դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված քրեական գործերով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 64.130.144.343 ՀՀ դրամ: Նշված գործերից 14.288.089.919 դրամի պատճառված վնասը բացահայտվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության, 8.984.053.324 դրամը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության, 7.466.230.606 դրամը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության, իսկ մնացածը՝ 33.391.770.494 դրամը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննված կամ քննվող գործերի նախաքննությամբ:
Վերջինի մեջ ընդգրկված է նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումներով պետությանը 23.553.817.000 ՀՀ դրամ վնաս հասցնելու փաստով ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրությունների արդյունքում հարուցված քրեական գործով արձանագրված վնասը:
Բացահայտված ընդհանուր վնասից 2018թ. 9 ամիսների ընթացքում վերականգնվել է 10.554.316.736 ՀՀ դրամը, իսկ շուրջ 6.922.245.802 դրամի վնաս, առկա դրամական միջոցներով, երաշխավորված է քրեադատավարական անհրաժեշտ գործիքակազմով, այն է՝ այդ չափով առկա արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանքով:
Բացի այդ, ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքում, բացի պետությանը հանցագործությամբ պատճառված վնասից, պետական բյուջե է վճարվել շուրջ 1.730.406.983 ՀՀ դրամի տույժ-տուգանք:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: