«Համաներման մասին» օրինագծի քննարկման ժամկետը վերջին օրերին մի քանի անգամ փոխվեց. արդարադատության նախարարը հայտարարել էր, որ ԱԺ-ն «Համաներման մասին» նախագիծը կքննարկի հոկտեմբերի 23-ին ու դատապարտյալներն ու նրանց հարազատները շունչները պահած սպասում էին այդ օրվան:
Այդ օրը, սակայն, քննարկում չեղավ: Հետո որոշ պատգամավորներ՝ այդ թվում Նաիրա Զոհրաբյանը, Էդմոն Մարուքյանը հայտարարեցին, որ օրինագիծը կքննարկվի ԱԺ հոկտեմբերի 29-ի նիստում: Եվ ահա երեկ ուշ երեկոյան արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան էջում գրեց, որ համաներման հարցը խորհրդարանը կքննարկի հոկտեմբերի 31-ի արտահերթ նիստում՝ 24 ժամյա ռեժիմով: Մինչ այդ նախագիծը կքննարկի ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը:
ԱԺ կայքում հրապարակված «Համաներման մասին» օրինագծի տեքստը ոչ բոլորի սպասումներն է արդարացրել. ոմանց անգամ հիասթափեցրել է:
«Պաշտոնական հրապարակումից հետո ակնհայտ էր, որ 2018 թ-ի այսքան սպասված և վստահաբար նաև ուշացված համաներումը որևէ կերպ չի կարելի համարել աննախադեպ»,- Forrights.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպանական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցը:
Ըստ իրավապաշտպանի՝ այն, որ տևական ժամանակ «Համաներման մասին» նախագիծը չէր ներկայացվում ԱԺ, հույս էր տալիս ենթադրելու, որ ուշացման պատճառը կլինի օրենքի իսկապես բացառիկությունը:
«Սպասելիքները շատ ավելին էին, քան այն, ինչ հրամցվեց հասարակությանը: Շատ առումներով վերջին՝ 2013 թ-ի համաներումը ավելի մարդասիրական կարելի է համարել: Օրինակ՝ դա վերաբերում է 2013թ և 2018 թ համաներումների պատժի չկրած մասի կրճատման չափերին: Մասնավորապես՝ շատ դեպքերում այս համաներումը զգալիորեն ավելի քիչ ժամանակով է կրճատելու պատժաչափի չկրած մասը»,-նշեց իրավապաշտպանը:
2016-ին ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի մի քանի անդամների պաշտպան Արայիկ Պապիկյանը չբացառեց, որ այս տեսքով օրինագծի ընդունման դեպքում իրենք հնարավոր է դիմել Սահմանադրական դատարան՝ «Համաներման մասին» օրենքի սահմանադրականությունը պարզելու համար:
«Շատ վատ կլինի, որ ստիպված լինենք դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու «Համաներման մասին» օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը»,- Forrights.am-ին ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ այդ դեպքում կարող է վտանգվել «Համաներման մասին» օրենքի ամբողջության կիրառումը, քանի որ այն նախատեսված է կիրառել երեք ամսվա ընթացքում:
ԱԺ կայքում հրապարակումից հետո պարզ դարձավ, որ օրինագծի նախնական տարբերակում փոփոխություն է կատարվել և որոշակի պայման է դրվել «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա համաներման տարածման համար. այն է՝ ՊՊԾ գնդում պատանդի կարգավիճակում պահված ու ֆիզիկական վնաս կրածները պետք է չառարկեն, որպեսզի «Սասնա ծռեր» կարողանան համաներվել: Ընդ որում, այդ սահմանափակումը վերաբերում է նաև մինչ ՊՊԾ գնդի դեպքերը կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին ու նրա հետ կալանվորվածներին, ինչպես նաև ՊՊԾ գունդ մուտք չգործածներին, ովքեր, ըստ մեղադրանքի, հանցակցել են «Սասնա ծռեր»-ի հետ, ասել է թե՝ աջակցել նրանց: Համաներումը չի տարածվելու ոստիկանների մահվան մեջ անմիջական մեղադրվող խմբավորման երկու անդամների վրա:
«Որքան էլ կարևորենք տուժողի կամ պատանդառված անձի դիքրորոշումը, բայց օրենքի կիրառումը նրանց դիրքորոշմամբ պայմանավորելը ճիշտ մոտեցում չէ»,- Forrights.am-ին ասաց պաշտպան Արայիկ Պապիկյանը: Ըստ նրա՝ «Համաներման մասին» նախագիծը կդառնա օրենք, իսկ օրենքը պարտադիր կատարման ենթակա է:
«Այստեղ օրենքի կիրառումը պայմանավորվում է որոշակի անձանց կամարտահայտությամբ: Եթե, օրինակ, պատանդառված բուժաշխատողը դատարանում հայտարարի, որ դեմ է «Սասնա ծռեր»-ի նկատմամբ համաներման կիրառմանը, օրենքը չի կարող գործել»,-մանրամասնեց փաստաբանը՝ հավելելով, որ այդտեղ իրավաբանորեն ոչ հստակ ձևակերպում կա, որը կարող է չարաշահումների տեղիք տալ. «Ընդ որում, այդ չարաշահումը կարող է թույլ տալ և դատախազը, և դատավորը, և քննիչը»:
Ուստի, ըստ փաստաբանի, օրինագիծը պետք է խմբագրվի կամ կիրառման հստակ մեխանիզմ դրվի: «Չի կարող օրենքի կիրառումը պայմանավորվել որևէ անձի ցանկությամբ, որքան էլ նա հանդիսանա տուժող կամ պատանդառված: Եթե օրենքը պիտի կիրառվի տարբեր մարդկանց դիրքորշումները հաշվիվ առնելով, ապա դա օրենք չի կարող համարվել»,-նշեց Պապիկյանը:
Նրա պնդմամբ՝ խոսքը վերաբերում է մոտ 60 անձի, այդ թվում նրանց, ում մասով դեռ քննությունը չի ավարտվել: «Այստեղ միայն «Սասնա ծռեր» խմբավորումը չի: Մայր քրգործը ՀՔԾ-ն դեռ շարունակում է քննել և այդ գործով այլ մեղադրյալներ ևս կան: Եթե տուժողը բոլորի նկատմամբ համաձայնությունը չի տալիս, ապա արդյո՞ք բոլորի հետ առնչվել է, թե՞ ոչ: Իրավաբանորեն ոչ հստակ է ձևակերպումը»,-շեշտեց փաստաբանը:
Այսպես կոչված «վետոյի իրավունքը» ՊՊԾ գնդի տարածքում զոհված ոստիկանների հարազատներին չի վերաբերում, քանի որ համաներումը չի տարածվում «Սասնա ծռեր»-ի այն անդամների վրա, որոնց վրա սպանության հոդված կա:
Պաշտպան Արայիկ Պապիկյանին նաև հարցրինք՝ արդյո՞ք արժանահավատ չի համարում Պավլիկ Մանուկյանի հայտարարությունը, որ պատահական կրակոցի հեղինակը ոչ թե Արմեն Բիլյան է, այլ Էդուարդ Գրիգորյանը:
«Որպես փաստաբան ես քրգործի նյութերից և իմ պաշտպանյալների հետ աշխատանքի ընթացքում էդ դրվագի վերաբերյալ որևէ տեղեկություն չեմ նկատել»,-ասաց Պապիկյանը՝ հավելելով, որ այդ առթիվ նոր քննություն չկա, և դատախազը պնդում է նախկին մեղադրանքը:
Մարինե Խառատյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: