Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունավեց «Սասնա Ծռեր 2» քրեական գործի քննությունը՝ փոքր-ինչ լարված մթնոլորտում: Կես ժամ ուշացմամբ սկսված նիստի մեկնարկին, դատավոր Մեսրոպ Մակյանը դատավարական կողմերին հայտնեց, որ նիստն ուշ է սկսվում ամբաստանյալներից մի քանի ուշացման պատճառով: Դատարանը զգուշացրեց, որ դա կարող է դիտարկվել որպես դատավարությունից խուսափելու փորձ և ունենալ անցանկալի հետևանքներ:
Վրդովված Արեգ Կյուրեղյանը դատարանին հորդորեց չսպառնալ իրենց, ինչին ի պատասխան դատավոր Մակյանը հայտարարեց՝ չի սպառնում, նախազգուշացնում է:
Դատարանի և Կյուրեղյանի մեջ փոքրիկ բանավեճ տեղի ունեցավ, որը լսելի չէր ապակիներից այն կողմ գտնվող անձանց համար: Քիչ անց դատարանը սանկցիա կիրառեց Արեգ Կյուրեղյանի նկատմամբ և 10 ժամով հեռացրեց նիստերի դահլիճից:
Այսօր շարունակվեց քննարկվել, թե արդյոք կասեցվելու է խմբի անդամներից Արայիկ Խանդոյանի գործը: Հիշեցնենք, որ նա շաբաթներ առաջ սրտի կաթվածից մահացել էր: Վարուժան Ավետիսյանը տեղեկացրեց՝ դեռ փաստաթղթերն ամբողջությամբ պատրաստ չեն և ժամանակ է անհրաժեշտ դրանք ներկայացնելու համար:
Քրեական գործի քննությունը ևս մեկ շաբաթով հետաձգվեց: Գործի քննությունը կշարունակվի հոկտեմբերի 31-ին:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: