Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այսօր շարունակվեց 2015թ. հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտում` առանձնակի դաժանությամբ սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի գործի քննությունը:

Դատական նիստի սկզբում, դատավոր Դավիթ Հարությունյանը դատավարական կողմերին հայտնեց, որ դատարան է ներկայացվել 38 անուն փաթեթ.

«Ենթադրաբար, դրանք այն հագուստներն են, որոնք պատկանել են գործով անցնող 4 մեղադրյալներին և մի քանի վկաների»,- նկատեց դատարանը:

Շուրջ 4 ժամ զննության ենթարկելով և հետազոտելով փաթեթների պարունակությունը, դատարանը գործընթացը երբեմն-երբեմն ընդմիջում էր նկատողություններով. մի քանի փաթեթների պարունակություն ծիծաղ էր առաջացնում ամբաստանյալների մոտ, ինչ էլ վրդովեցնում էր դատավորին.

«Եթե ձեզ շարունակելու ենք այդ ձևով պահել, ուրեմն դատարանը կտրուկ միջոցների կդիմի: Չեմ կարծում, որ հագուստներն այդպիսի հրճվանք կարող են առաջացնել»,- մեղադրյալներին խիստ տոնով դիմեց դատավոր Հարությունյանը:

Փաթեթների մեջ, բացի ռազմական ինստիտուտի կուրսանտների համազգեստներից, առկա էր նաև 408 ննջասենյակի ուսանողների տետրերը, որոնք աչքի անցկացրեց պաշտպանական կողմը:

Առկա էին փաստաթղթեր, որոնք կուրսանտ Հայկազ Բարսեղյանի ձեռքերի դատաբժշկական փորձաքննության արդյունքներն էին վկայում, իսկ մեկ այլ փաթեթում կար Գնել Թևոսյանի, Մովսես Ազարյանի, Վաչե Սահակյանի և Նորիկ Սահակյանի եղունգների փորձաքննության արդյունքները:

Նկատենք, որ փաթեթների հետազոտման ամբողջ ընթացքում դրան մասնակից չեղավ տուժողի ներկայացուցիչ Արկադի Բարսեղյանը: Վերջինս Forrights-ի հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում մասնակցել «կլոունադայի».

«Եա հենց առաջին օրվանից էլ ասել եմ, որ էս հագուստների մեծ մասը չի պատկանում էս 4 հոգուն: Իրենց արյունոտ հագուստները գիշերը հանել են ինստիտուտից: Գնելի հայրը՝ Զարմիկ Մարկոսյանը հետևի մուտքից մտել ա ու տարել համազգեստները: Հիմա եկել ի՞նչ են ուզում գտնել»,- ի պատասխան ասաց սպանված կուրսանտի հայրը:

Փաթեթներն ուսումնասիրելուց հետո պարզ դարձավ, որ ներկայացված համազգեստներից շատերը չեն պատկանել գործով անցնող մեղադրյալներին: Դրանիցից շատերի վրա բացակայում էր կուրսատնների զինգրքույրի համարանիշը:

Պաշտպանական կողմն էլ կարծիք հայտնեց, որ փաթեթներից մի քանիսը դատարան է ներկայացվել արդեն իսկ բացված վիճակում.

«Մենք բոլորս էլ ականատես եղանք, որ փաթեթներից մեկը, որի մեջ Մովսես Ազարյանի հագուստներն էին, կնքված չէր և հեշտ բացվող էր: Ես համոզմունք ունեմ, որ այդ փաթեթը նախապես բացվել է և այնտեղից դուրս բերվել մեր պաշտպանյալներին խոշտանգելն ապացուցող արյունոտ հագուստները».- հայտարարեց Մովսես Ազարյանի պաշտպան Անժելա Հոբոսյանը:

Հետազոտված հագուստներից մեկի վրա էլ, որը պատկանում էր Նորիկ Սահակյանին, առկա էր շագանականգույն հետքեր, որը, ըստ պաշտպանական կողմի, Ռազմական ինստիտուտում բռնության ենթարկելու հետևանքն է.

«Ինչ ոչ միայն ծեծել են, այլև էլեկտրաշոկ կիրառել»,- հայտարարեց Նորիկ Սահակյանը:

Դատավոր Դավիթ Հարությունյանն իր հերթին հայտնեց, որ ամբաստանյալներին խոշտանգելու մասին հաղորդում արդեն իսկ ներկայացվել է Գլխավոր դատախազություն ուստի դատարանն ավարտված է համարում փաթեթների հետազոտումը:

Քրեական գործի քննությունը մեկ շաբաթով հետաձգեց: Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 29-ին:

Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանը սպանվել է 2015-ի հունվարի 29-ին՝ Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտում: Այդ օրն առավոտյան նրա մարմինը հայտնաբերվել է ֆիզհրապարակի պտտաձողից կախված: Սպանության համար քննություն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Բարսեղյանի ծառայակից 4 կուրսանտի՝ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Նորիկ Սահակյանին և Գնել Թևոսյանին: Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները Հայկազին սպանել են, ապա ինքնասպանության տպավորություն ստեղծելու համար նրան տարել ու կախել են պտտաձողից:

Ռոզա Վարդանյան

 

Pin It on Pinterest