«Նոր խորհրդարանը ներկայից կտարբերվի նրանով , որ ճշգրիտ կարտացոլի հասարակության տրամադրությունները». Արմեն Բաղդասարյան

2579

Վարչապետի պաշտոնից իր հրաժարականով Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերին ներքաշեց նախընտրական գործընթացի մեջ: Այժմ յուրաքանչյուր քաղաքական ուժ ստիպված է հնարավորինս արագ կողմնորոշվել ու դաշինքնով կամ առանձին գնալ ընտրության կամ էլ պարզապես դուրս մնալ այս գործընթացից: ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի ջանքները՝ հաջորդ մայիսին անցկացնել ընտրությունները, տապալվեցին:

Ի՞նչ խնդիր է լուծվելու այս ընտրություններով ու ի՞նչ խորհրդարան կունանանք առաջիկայում, արդյոք սա հակահեղափոխության ռևանշի հնարավորությունը բացառելու համա՞ր է, Forrights.am-ի հարցին ի պատասխան քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը պատասխանեց. «Թե կոնկրետ ինչ խորհրդարան կունենանք, այս պահին դժվար է ասել, որովհետև հայտնի չէ անգամ որ կուսակցությունները կմասնացեն: Ամեն դեպքում, նոր խորհրդարանը ներկայից կտարբերվի նրանով, որ ճշգրիտ կարտացոլի հասարակության տրամադրությունները»:

Այսօր գործող խորհրդարանում, ըստ Բաղդասարյանի, ունենք մի պատկեր, երբ քաղաքական ուժը, որը հասարակության 50 տոկոսի վստահությունը չի վայելում, ունի ԱԺ-ում 50 տոկոս ձայն: «Ապրիլյան թավշյա հեղափոխության պատճառներից մեկն էլ հենց այդ անհամապատասխանությունն էր: Ընդհանրապես այսօր գործող իրավիճակը դասական քաղաքական ճգնաժամ է, երբ գործադիր իշխանությունը խորհրդարանում մեծամասնություն չունի: Եվ արտահերթ խորհրդարանական ընտրությունները հենց այդ ճգնաժամի հաղթահարման միակ տարբերակն են»,-ասաց վերլուծաբանը:

Ըստ նրա՝ այստեղ խոսքը հակահեղափոխությունը չեզոքացնելու մասին չէ. «Խոսքն այն մասին է, որ ունենանք գործուն օրենսդիր իշխանություն, որը համահունչ կլինի այսօրվա ներքաղաքական պահանջներին և մարտահրավերներին»:

Թե ՀՀԿ-ն, թե քաղաքական որոշ ուժեր հայտարարում են, որ եթե խորհրդարանի ընտրություններում կրկնվի Երևանի քաղաքապետի ընտրության պատկերը, նոր խորհրդարանով կձևավորվի քաղաքական մենաշնորհ:

Արմեն Բաղդասարյանը համամիտ չէ. «Քաղաքական մենաշնորհի խնդիրը Ընտրական նոր օրենսգրքով լուծված է: Օրենսդրությամբ ֆիքսված է, որ խորհրդարանում 1/3-ը պետք է լինի ընդդիմությունը և խորհրդարան ներկայացված լինեն առնվազն 4 քաղաքական ուժեր: Հետևաբար քաղաքական մենաշնորհի մասին գոնե այս փուլում խոսք լինել չի կարող»,-նշեց քաղաքագետը:

Փաստ է նաև, որ նոր ԸՕ-ի ճակատագիրը դեռ անհայտ է. ՀՀԿ ներկայացուցիչ Վիգեն Սարգսյանը դրա շուրջ քննարկումը «ձեւական, ուշացած եւ թերի» համարեց՝ չհստակեցնելով՝ արդյո՞ք ՀՀԿ-ն կողմ կքվեարկի այս փոփոխություններին, թե՞ ոչ:

Արմեն Բաղդասարյանի խոսքով՝ եթե անգամ նոր ԸՕ-ն չընդունվի, այսօր գործող օրենսգրքով էլ քաղաքական մենաշնորհի դեմ մեխանիզմներ կան. «Առնվազն 3 ուժեր պիտի լինեն խորհրդարանում՝ անկախ ստացած տոկոսներից: Հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների պաշտոնները ևս համապատասխան բաշխվում են: Օրենքը ապահովագրում է մենաշնորհից, թեև ոչ հարյուր տոկոսով: Քաղաքական ուժերն էլ պիտի աշխատեն դրա դեմ»:

Ըստ քաղաքագետի՝ եթե այսօր «Քաղաքացիական պայմանգիրն» է բարձր տոկոսներ ստանում, դրա մեղավորը մյուս քաղաքական ուժերն են, որոնք լավ չեն աշխատել ու չեն կարողանում ձայն ապահովել:

«Կուսակցությունները պիտի միշտ պատրաստ լինեն ընտրությունների»,-տեսակետ հայտնեց քաղաքագետը՝ հավելելով, որ ՀՀ նոր խորհրդարանում ներկայացված լինելու շանս ունեն ՔՊ-ն, ԲՀԿ-ն, «Լույս» դաշինքը և ՀԱԿ-ը, եթե վերջինս կարողանա համախմբել լիբերալ դաշտը և հանդես գալ միասնական ճակատով: «Սասնա ծռերի» շանսերը Բաղդասարյանը չնչին է համարում:

Ինչպես հայտնի է՝ ՀՀԿ-ն դեռ չի կողմնորոշվել՝ կմասնակցի, թե ոչ այն ընտրություններին, թեև ՀՀԿ երիտասարդ թևը՝ Աշոտյանը, Շարմազանովը, Վիգեն Սարգսյանը արդեն հայտարարել են, որ կողմ են մասնակցությանը: ԲՀԿ-ն ու «Լույս» դաշինքը մասնակցելու են արտահերթ ընտրությանը: ՀԱԿ-ում դեռ որոշում չունեն: ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը մեզ հետ զրույցում ասաց, որ որոշումը կհրապարակեն լինելուն պես՝ խուսափելով պատասխանել հարցին՝ բանակցո՞ւմ են այլ ուժերի հետ նախընտրական դաշինքի շուրջ, թե՞ ոչ:

«Մենք մեզ լիարժեք անցողիկ ենք տեսնում, մնացածը չեմ կարող ասել». Վարուժան Ավետիսյան

«Սասնա ծռերը» արդեն իսկ հայտարարել են, որ իրենց նորաստեղծ կուսակցությունով մասնակցելու են արտահերթ ընտրություններին: «Մեր շանսերը խոստումնալից ենք գնահատում: Թեև որպես կուսակցություն նոր ենք, բայց որպես քաղաքական ուժ տարիներ շարունակ գործել ենք և հիմա լայն հենարան ունենք ժողովրդի մեջ»,-Forrights.am-ին ասաց «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիրներից Վարուժան Ավետիսյանը՝ շարունակելով. «Մենք ազգային իղձերի արտահայտիչն ենք համարվում, այդպիսի սեգմենտ ենք զբաղեցնում հանրային ընկալման մեջ և տեսնում ենք, որ ժողովուրդը ձգտում է դեպի ազգային իղձերն արտահայտող ուժը»:

Վարուժան Ավետիսյանը չի կարծում, որ ադյունքների իմաստով կկրկնվի Երևանի ընտրությունների պատկերը: «Չեմ կարծում հենց այդպիսի պատկեր կլինի, արդյունքը որոշակի տարբեր կլինի, թե որքան, կյանքը ցույց կտա»,-ասաց նա:

Վարուժան Ավետիսյանը ապագա խորհրդարանում կուզենար տեսնել նոր ուժերի, ոչ հներին: Նա հավանական է համարում Քաղպայմանագրի ու  նրա հետ դաշինքով գնացող ուժի և «Սասնա ծռերի» առկայությունը. «Մենք մեզ լիարժեք անցողիկ ենք տեսնում, մնացածը չեմ կարող ասել: Նայած՝ ինչ իրավիճակ կլինի, ինչպիսի ընտրապայքար կլինի»:

Հարցին, թե ինչպիսի՞ ընտրություններ կլինեն այս ընտրությունները, արդյոք կլինե՞ն հավասար պայմաններ, Ավետիսյանն այսպես պատասխանեց. «Օրենքով նախատեսված հնարավորությունների առումով, այո, բայց իրականության մեջ հասկանալի է, որ հավասարություն չկա և դա օբյեկտիվ է: Եվ ռեսուրսների տարբերություններ կան, և այլ հնարավորությունների տարբերություններ կան, ճանաչելիության տարբերություններ կան»:

«Սասնա ծռերը» չեն բացառում, որ հնարավոր է դաշինքով մասնակցեն ընտրություններին, թեև դեռ չեն բանակցում այլ ուժերի հետ:

Հարցին, թե այսօր տեսակետներ կան, որ դեռ դատական գործը չավարտված քաղաքականություն մտնելով «Սասնա ծռերը» փորձում են «քաղաքական ապաստան» ստանալ նոր խորհրդարանում, և որ նրանք պետք է սպասեին դատարանի վճռին, դատական գործընթացի ավարտին, նոր մտնեին քաղաքականություն, «Սասնա ծռեր» կուսակցության հիմնադիրը պատասխանեց. «Մենք ոչ մի վճռի սպասելու անհրաժեշտություն չունենք, մենք քաղաքացիներ ենք, իրացնում ենք մեր իրավունքը քաղաքականությամբ զբաղվելու: Ոչ մեկին հարցնելու կարիք և ցանկություն չունենք»:

Նոր խորհրդարանում բազմաթիվ են լինելու այդ գործում անփորձ մարդիկ. Լևոն Բարսեղյան

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ, իրավապաշտպան Լևոն Բարսեղյանը Forrights.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ ընտրություններից հետո ինչ խորհրդարան էլ ունենանք, առաջին անգամ ունենալու ենք հանրության կամքով, ազատ եւ արդար ընտրություններով ձեւավորված խորհրդարան:

«Բազմաթիվ են լինելու այդ գործում անփորձ մարդիկ: Ես գիտեմ, որ այդ հանգամանքը լավ հումք է տալու Հայաստանի կործանման մասին ողբասացներին, սակայն ես ոչ մի ողբերգություն չեմ նկատում դրանում: Ինձ բազմապատիկ նախընտրելի են ազատ ընտրություններով օրենսդիր դարձած մարդիկ, քան թե կաշառքով, կեղծիքներով, ահաբեկություններով խորհրդարանում մանդատ ստացած զավթարարների խմբերը, ինչ էլ իրենք իրենց երեւակայեն»,-ասաց իրավապաշտպանը:

Ըստ Բարսեղյանը, եթե հետո պարզվի, որ հանրությունը դժգոհ է այդ խորհրդարանից, կամ հետո կդժգոհի, ոչինչ չի խանգարելու նորից փոխել խորհրդարանը եւ այդպես շարունակ

«Կարծում եմ, որ մեծամասամբ հեղափոխական ուժերը կլինեն՝ գուցե երկու թևով լինեն ներկայացված, կարող է լինել նաեւ ԲՀԿ-ն: ՀՀԿ-ն չի համարձակվի առաջադրվել, թեպես շատ կուզեմ, որ առաջադրվի եւ, իմանա, թե ինչ քվե ունի առանց կեղծիքների եւ զանգվածային այլ խախտումների»,-ասաց Բարսեղյանը՝ շարունակելով. «Ես շատ կուզեի, որ մուտքի շեմը հանվեր ընդհանրապես, եթե որեւէ քաղաքական ուժ կստանար 1 մանդատի չափ քվե, թող գնար եւ ներկայացներ իր գաղափարակիցներին եւ գաղափարախոսությունը այդ 1 մանդատով»:

Մարինե Խառատյան