«Խորհրդարանական ուժերի ներկայացուցիչները հստակ նշեցին, որ չեն պատրաստվում ո՛չ առաջին, ո՛չ էլ երկրորդ փուլում առաջադրել վարչապետի թեկնածու»,- հանրահավաքի մասնակիցներին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քիչ առաջ ԱԺ-ում ավարտվեց Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանական ուժերի ավելի քան 2 ժամ տևած բանակցությունները: Վարչապետը գրեթե չանդրադարձավ, թե կոնկրետ ինչ են խոսել կողմերը, միայն մի քանի կարևոր խնդիրների անդրադարձ կատարեց: Մասնավորապես, Փաշինյանը շեշտեց, որ երկրում հաստատված է քաղաքական ճգնաժամ, և այդ քաղաքական ճգնաժամը պետք է հաղթահարեն բոլորով միասին.

«ՀՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը, ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները նույնպես համակարծիք են, որ այս ճգնաժամը պետք է հաղթահարեն այնպես, որ երկիրն ընդհանուր առմամբ շահած դուրս գա այս ամենից: Մենք խոսել ենք խնդրի լուծման հնարավոր տարբերակների մասին, և որպես տարբերակ ես առաջարկել եմ հետևյալը՝ առաջիկա օրերին հրաժարական տալ վարչապետի պաշտոնից, ակնկալելով, որ ՀՀԿ-ն ու խորհրդարանը չեն գրգռի մարդկանց՝ թեկնածու առաջադրելով»,- առավել մանրամասնեց վարչապետը:

Ըստ նրա, ավելի նպատակահարմար կլինի, եթե նախապես որոշվի իր հրաժարական ներկայացնելու օրը, ինչից հետո խորհրդարանական ուժերը 2 անգամ որևէ թեկնածու չեն առաջադրի և դեկտեմբերի առաջին կեսին տեղի կունենանան արտահերթ ընտրություններ.

«Ինձ հարցրին, թե ինչու պետք է ընտրություններն անցկացվեն դեկտեմբերին, այլ ոչ մայիսին։ Ես երկու պատճառ եմ ասել։ Նախ՝ երկրում քաղաքական ճգնաժամ է, երկրորդ, ասել եմ, որ 1-1.5 ամիս է՝ զգում եմ, որ բոլոր հարցերը մղվել են երկրորդ պլան, մարդիկ մենակ ասում են՝ արեք արտահերթ ընտրություններ, ես ժողովրդից զգում եմ պահանջը, ով խոսում ա, ասում ա՝ արտահերթ ընտրությունները ե՞րբ եք անելու, արեք, էլ չենք դիմանում: Ընտրությունները պետք է անցկացնել դեկտեմբեր ամսին, քանի որ դա պայմանավորված է Սահմանադրությամբ. 14 օր պետք է, որ երկու փուլով վարչապետ չընտրվի, իսկ դրանից հետո արտահերթ ընտրությունները նշանակվում են ոչ շուտ, քան 30 և ոչ ուշ, քան 40 օրում»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Հանրահավաքի ավարտին վարչապետ Փաշինյանը որոշեց մի փոքր երթով քայլել կենտրոնական փողոցներով և հեռանալ ԱԺ տարածքից:

«Հիմա մենք կարող ենք արձանագրել հետևյալը՝ մենք այսօր ցույց տվեցինք, որ հենց այսօր Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը քաղաքացիական, համաժողովրդական, համազգային պահանջ է, և այն քաղաքական ուժն ու ուժերը, որոնք դեմ կգնան այս պահանջին, ուղիղ պատերազմ են հայտարարում ժողովրդին»,- ավարտեց վարչապետը:

Pin It on Pinterest