Թավշյա հեղափոխությունից հետո հանրության շրջանում ամենաքննարկվող հարցը թերևս մեկն էր. արդյո՞ք իշխանությունները նախաձեռնում են համաներում իրականացնել: Նկատենք, որ Հայաստանում վերջին համաներումը տեղի է ունեցել 2013թ. սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախացման 22-ամյակի առթիվ:

Սովորաբար, համաներում հայտարարելը զուգադիպում է տոների հետ, սակայն, փաստենք, որ այս առումով Սահմանադրության մեջ որևէ սահմանափակում չկա: Ընդամենն անհրաժեշտ է, որ Կառավարությունն առաջարկով դիմի Ազգային ժողով և հետագա քննարկումներից հետո կիրառվի համաներումը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը շեշտում է՝ պետք չէ նման «անմարդկային վերաբերմունք» կիրառել դատապարտյալների նկատմամբ և համաներման հարցն օդի մեջ թողնել.

«Իշխանությունները պետք է հստակ հայտարարեն՝ կիրառվելո՞ւ է արդյոք համաներում, թե՞ ոչ: Բանտերում գտնվող մարդիկ մեծ հավատով էին լցված հեղափոխության և նոր իշխանությունների նկատմամբ, նրանք մեծի ակնկալիք ունեին նրանցից: Մասնավորապես ցմահ դատապարտյալները, որոնց թիվն այս պահին բավականին մեծ է: Այս իշխանության կողմից ամենամեծ մարդասիրական քայլը կլինի համաներում հայտարարելը»,- իր խոսքում նշեց Ալեքսանյանը:

Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը հասարակական հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ համաներման համար անհրաժեշտ է հանրային պահանջ: Փաստաբան, իրավապաշտպան Նինա Կարապետյանցին զարմացրել էր փոխնախարարի նման պատասխանը: Նա նշեց՝ նախարարության շենքը գրավե՞լ, թե՞ փողոցներ փակել է ակնկալում Քոչարյանը.

«Փոխնախարարի պատասխանը ես այլ կերպ չեմ կարող գնահատել, քան «սաբոտաժ»: Վերին ատյաններում դեռ մնացել են նախկին իշխանության համար աշխատող մարմիններ, որոնք ամեն հնարավորն անելու են, որ սևացնեն ներկա իշխանություններին: Եթե հանրային կարծիք են ուզում, ապա պետք է հարցնեն փաստաբաններին, իրավապաշտպաններին և հենց դատապարտյալների հարազատներին. այն մարդկանց, որոնք մտնում և դուրս են գալիս կալանավայրեր: 20 տարի շարունակ մենք բարձրաձայնում ենք, որ քրեակատարողական հիմնարկներում սոսկալի վիճակ է: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում միայն գտնվելն արդեն իսկ խոշտանգում է. հոտը, խոնավությունը, թաց պատերը, անմարդկային պայմանները և սնունդն ուղղակի անմարդկային վերաբերմունք է…Ուստի օր առաջ պետք է թեթևացվի ՔԿՀ-ները»,- նշեց իրավապաշտպանը:

Փաստաբան Տիգրան Սարգսյանն էլ իր հերթին շեշտում է, որ համաներումն առաջին հերթին պետք է տարածվի այն դատապարտյալների վրա, որոնք հատուցել են տուժողներին պատճառած վնասները: Վերջինս փաստում է՝ շատ են դեպքերը, երբ տուժող կողմը ներել է և հենց ինքն է պնդել, որ մեղադրյալն ազատ արձակվի, սակայն, այս դեպքում արդեն դատարանը թույլ չի տալիս.

«Համաներումը նպաստում է, որ հանցանք գործած անձն արագ ուղղվի: Այն խրախուսում է դատապարտյալին, որ ընտրի ճիշտ ճանապարհը: Այս պարագայում` դատապարտյալները փորձում են կարգապահական տույժեր չունենալ, օրինավոր վարք են դրսևորում, որ վաղակետ ազատության մեջ հայտնվեն: Սակայն սա չի նշանակում, որ հանցագործներ են վերադարձնում հասարակություն, քանի որ օրենսդրորեն վերանայվում է նաև այս գործընթացը: Համաներում` չի նշանակում, որ բոլորը պետք է դուրս գան, այդ թվում վտանգավոր մարդիկ, չենք ասում՝ ամբողջությամբ բանտերի դռները բացեք, բայց 70%-ով բանտերը բեռնաթափելը, այս հանգամանքներում, իրատեսական է»,- ասաց փաստաբան Սարգսյանը:

Հավելենք, որ ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շարունակ խուսափում է հստակ պատասխանել հարցին՝ կլինի՞ արդյոք համաներում: Նա պնդում է, որ այդ տեղեկությունը պետք է գաղտնի մնա մինչև վերջին պահը. «Համաներման ակտը դեռ մշակման փուլում, մինչև ընդունումը պետք է մնա գաղտնի։ Դա բխում է հասարակության շահից։ Դրա վերաբերյալ նախապես չի կարելի խոսել»,- իր ելույթներից մեկի ժամանակ նշել էր նախարարը:

Սակայն որոշ տեղեկություններ այնուամենայնիվ կան. Արդարադատության նախարարությունում պատրաստվում է դատապարտյալների ցուցակ, որոնց ներում է շնորհվելու:

Ռոզա Վարդանյան

 

 

 

 

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest