ՀՀ պետեկամուտների կոմիտեն արձագանքնել է Forrights.am-ի՝ «ՊԵԿ-ից տուժած կին գործարարը սնանկացել է. 2 տարում 15 տոննա ապրանքը որդնել է, 2 բեռնատարները՝ փչացել» հրապարակմանը՝ հայտնելով, որ գործով քննիչի որոշմամբ, սեպտեմբերի 4-ին որոշում է կայացվել կալանքից հանել և գործարար Գոհար Վլասյանին ի պահ տալ նրան պատկանող բեռնատարները:

Ըստ ՊԵԿ պատասխանի՝ նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գոհար Վլասյանին են պատկանում բեռնատարներն, պարկերով ալյուրն ու կոմբիկերը, և դա է եղել պատճառը, որ կալանք է դրվել բեռնատարների ու ներմուծված ապրանքի վրա, և դրանք հանձնվել են «Ալյանս տերմինալ» ՍՊԸ-ի պահպանությանը:

Հիշեցնենք, որ Forrights.am-ի միջոցով կին անհատ ձեռներեց Գոհար Վլասյանը դիմել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ բողոքելով, որ ՊԵԿ-ի՝ իր դեմ հարուցած քրգործի պատճառով արդեն 2 տարի չի կարողանում զբաղվել իր բիզնեսով. այն է՝ գյուղմթերքի արտահանմամբ, քանի որ 2 տարի առաջ հարկային մարմնի միջնորդությամբ նախ սնանկ է ճանաչվել 10 մլն դրամ հարկային պարտավորությունը ժամանակին չկատարելու համար համար: Իսկ հետո նույն ՊԵԿ քննչական մարմինը կնոջն էր մեղադրել կեղծ սնանկության գնալու համար ու քրգործ հարուցել նրա դեմ՝ բռնագրավելով Վասիլյանի հոր ընկերության բեռնատար մեքենաները՝ 15 տոննա բեռով: Այդպիսով՝ գործարարի բիզնեսը երկու տարի կաթվածահար է եղել, իսկ գործով ՊԵԿ որոշում չկա:

Բեռնատարները արդեն երկու տարի տուգանային տերմինալում էին, բայց գործարարը ոչ մի ճանապարհով չէր կարողանում բեռնատարները հետ ստանալ ու վերադարձնել տիրոջը: ՊԵԿ քննչական վարչության ՀԿԳ քննիչ Տ. Հարությունյանը 20.09.2016թ.ին որոշում էր կայացրել կալանք դնել բեռնատար երկու մեքենաների և 14 հազար 680 կգ ընդհանուր քաշով բեռի վրա, որից 154 պարկը՝յուրաքնաչյուրը մոտ 50 կգ քաշով` ալյուր, իսկ 260 պարկը՝ յուրաքանչյուրը մոտ 27 կգ քաշով՝ կոմբայնացված կեր, որոնք ի պահ էին հանձնվել մյուս պատասխանող «Ալիանս– Տերմինալ» ՍՊԸ-ին: Այժմ քննիչը փոխել է որոշումը և կալանքից ազատել բեռնատարները՝ բեռով հանդերձ:

Սակայն կին գործարարը մեզ հետ զրույցում ասաց, որ չնայած ՊԵԿ որոշմանը, տերմինալը դեռ իրեն հանձնել է միայն մեկ բեռնատարը, այն էլ առանց որոշ մասերի, որոնց ընդհանուր արժեքը մոտ 1200 ԱՄՆ դոլար է, իսկ մուս բեռնատարը տալու համար 550 հազար դրամ գումար է ուզում: «Քննիչը զեկուցագիր է ուղարկել տերմինալ, որ տան, բայց դեռ դժվարություններ կան: Ասում են՝ չենք ստացել զեկուցագիրը, պետք է վճարեք 550 հազար գումարը և վերջ»,-ասաց գործարարը՝ հարց տալով, թե եթե մեքենան ոչ իր կամքով են տարել տերմինալ ու թալանված վիճակում են իրեն հանձնել, ինչի՞ համար պիտի վճարի:

Մեքենայի վիճակի հետ դատարանի դիմելու առթիվ գործարարը տարակուսում է. «Եթե իմանայի՝ արագ որոշում կկայացնի դատարանը, կդիմեի, բայց ամիսներով ձգձգում են նիստերը: Ես չեմ կարող այդքան սպասել»:

Այժմ գործարարը սպասում է երկրորդ բեռնատարի վերադարձմանը՝ երկու տարի կաթվածահար եղած գյուղմթերքների արտահանման իր բիզնեսը վերկսկելու համար:

Մարինե Խառատյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest