ՀՀ 254 դիվանագիտական անձնագրերի չեղարկումը և դրանց տերերի բացահայտումը սոցիալական քննարկումների այսօրվա թեման է: ՀՀ քաղաքացիները այդպիսով բացահայտեցին, որ մինչ վերջերս դիվանագիտական անձնագիր են ունեցել ոչ միայն նախկինում բարձ պաշտոն ունեցող գրեթե բոլոր պաշտոնյաները՝ այլև նրանց ընտանիքի անդամները՝ սկսած թոռներից:

ԱԳՆ-ն չեղարկել է Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի դիվանագիտական անձնագրերը, սակայն Լևոն Տեր-Պետրոսյանի տիկնոջ՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի անունը այդ ցանկում չկա: Սոցցանցերում քննարկում կա, որ առաջին նախագահի կնոջ դիվանագիտական անձնագիրը չի չեղարկվել:

ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանն այս տեղեկության վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ին փոխանցել է, որ «դիվանագիտական անձնագրերի հետ կապված որեւէ մեկնաբանություն արտաքին գործերի նախարարությունը չի տալիս»:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Forrights.am-ի հարցին, թե Տեր- Պետրոսյանի կինն ունի՞ դիվանագիտական անձնագիր, այսպես պատասխանեց. «Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից 2 ամիս անց՝ 1998 թ-ին Վարդան Օսկանյանը նամակով պահանջել է վերադարձնել նրա ու կնոջ դիվանագիտական անձնագրերը: Այդ օրվանից առաջին նախագահն ու նրա կինը դիվանագիտական անձնագրեր չեն ունեցել»:

Նկատենք, որ մամուլում այսօր հրապարակված ցանկում չկան նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի անունները: Նրանց դիվանագիտական անձնագրերը չեն չեղարկվել, ինչը թերևս օրենքով նախատեսված է:

Մարինե Խառատյան

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest