2008 թվականի մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը, և նրա որդին` Սեդրակ Քոչարյանը, իսկական դատագրոհ են սկսել: ՀՀ երկրորդ նախագահը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ` պահանջելով ներողություն խնդրել իր մի արտահայտության համար: Ռոբերտ Քոչարյանը միանգամից 3 հայց է ներկայացրել ընդդեմ Սկիզբ Մեդիա Կնետրոն ՍՊԸ-ի, նույնն է` «Առաջին լրատվական» լրատվամիջոցի, նրան մեղադրելով զրպարտության մեջ:

Սեդրակ Քոչարյանը գործի է անցել երկու ճակատով: 2 միլիոն դրամի փոխհատուցում և հրապարակային հերքում է պահանջում քաղաքագետ Արա Պապյանից, զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու և հրապարակայնորեն հերքելու պահանջով էլ հայց է ներկայացրել ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի դեմ: Forrights.am-ը կապվեց դատարանում Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Անի Ալավերդյանի հետ, որպեսզի վերջինս պարզաբանումներ ներկայացնի հայցերի հիմքերի շուրջ: Դատալեքս տեղեկատվական համակարգում Վանեցյանի դեմ հայցի վերաբերյալ տեղեկություն ստանալ հնարավոր չէ: Փաստաբանն ասաց, որ դատական նիստի է և իրեն 2 ժամից զանգահարենք: Խոստացված ժամից սկսած մեր զանգերն Անի Ալավերդյանն անպատասխան թողեց: ԱԱԾ մամուլի կենտրոնը ևս անհասանելի էր:

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Ռոբերտ Քոչարյանի կողմից Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հայցը պատրաստել է փաստաբան Հայկ Ալումյանը: Նա է դատարանում ներկայացնելու Ռոբերտ Քոչարյանի շահերը: Հայցադիմումը դատարան է ներկայացվել սեպտեմբերի 17-ին: Գործով դատավոր է նշանակվել Հայարփի Զարգարյանը:

Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն է համարում վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Ֆրանսիա այցելության ժամանակ արված մի հայտարարություն: Մեկնաբանելով ԱԱԾ և ՀՔԾ պետերի միջև խոսակցության գաղտնալսման փաստը, վարչապետն ասել է. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ: Այդ որտե՞ղ է այդպես գրած»:

«Հետք» պարբերականի հետ զրույցում Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը մանրամասնել է, որ Քոչարյանը դատարանից պահանջել է պարտավորեցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` հրապարակային ներողություն խնդրել այս արտահայտության համար: Քոչարյանը և նրա ներկայացուցիչ Հայկ Ալումյանը եզրակացրել են, որ վարչապետի խոսքի` սպանություն կազմակերպելու հատվածը վերաբերվել է Ռոբերտ Քոչարյանին.

«Ուզում է ասել, որ Ռոբերտ Քոչարյանը մարդկանց սպանություն է կազմակերպել ու հիմա հղում է անում իր անձեռնամխելիության վրա: Այնինչ այդպիսի մեղադրանք Ռոբերտ Քոչարյանին առաջադրված չի եղել, այդպիսի արարքի համար օրինական ուժի մեջ մտած դատավճիռ գոյություն չունի, որ ինքը մեղավոր է ճանաչվել»,- «Հետք»-ին ասել է փաստաբանը:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտաբերած նախադասության կոնտեքստը Քոչարյանի կողմից փոխվել է և մեկնաբանվել ցանկալի ձևով. «Օգտագործվել է առիթ` Նիկոլ Փաշինյանի դեմ հայց ներկայացնելու: Ես այնպես եմ հասկանում, որ վարչապետի կողմից ընդհանրական հարց է բարձրացված` եթե սպանություն են կազմակերպում, մարդը կարո՞ղ է անձեռնմխելի լինել, թե ոչ: Ես վստահ եմ, որ դա ընդհանրական հարց է, որը կարիք ունի պարզաբանման, ինչը պետք է առաջինն անի հենց Քոչարյանի պաշտպանական կողմը»:

Ժաննա Ալեքսանյանը, հետևելով վարչապետի օրինակին, հարցնում է Քոչարյանի կողմին` կարո՞ղ է արդյոք մարդը անձեռնմխելի լինել, եթե նա մարդկանց սպանություն է կազմակերպել. «Ռոբերտ Քոչարյանն այսպիսով ուզում է ասել, որ ինքը արժանապատվության, համբավի համար պայքարող մարդ է: Կոնտեքստից կտրելով Նիկոլ Փաշինյանի խոսքերը` փորձում է ընդամենը ինքնապաշտպանվել»,- եզրակացնում է իրավապաշտպանը` հավելելով, թե Քոչարյանը պարզապես ջանում է իրենից հեռացնել արյան թեման.

Մինչ օրս անձեռնմխելիության հարցը պարզաբանված չէ հանրության համար, հիշեցնում է Ժաննա Ալեքսանյանը: Հնչել են միայն հակասական կարծիքներ: Քոչարյանի պաշտպանական կողմը պնդում է անձեռնխելիության սկզբունքի վրա, սրան հակադրվում են ծանրակշիռ փաստարկներ. «Սրանից հետևում է, որ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության մասին հարցը կարելի էր հնչեցնել այնպես, ինչպես հնչեցրել է Նիկոլ Փաշինյանը.

«Անձեռնմխելիության հարցի լավագույն պատասխանը տվել է մարտի 1-ին զոհված զինծառայող Տիգրան Աբգարյանի մայրը. անձեռնմխելին իմ որդու կյանքի իրավունքն է»: Իրավապաշտպանն անհեռանկար է համարում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ներկայացված հայցի ճակատագիրը դատարանում:

Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արա Պապյանի

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը ևս հայտնվել է Քոչարյան ընտանիքի թիրախում: Որդու` Սեդրակ Քոչարյանի կողմից դատարան հայց ներկայացնելու առիթ է ծառայել «Լրագիր» լրատվամիջոցում Պապյանի հնչեցրած մի միտք: Հարցազրույցում Արա Պապյանն ասել է, որ Քոչարյանի ժամանակ Հայաստանի տնտեսությունը զարգացել է 8 անգամ, բայց կարող էր 18-20 անգամ էլ զարգանար, եթե գործարարների նկատմամբ ճնշումներ չլինեին: Forrights.am-ի հետ զրույցում Արա Պապյանը հիշում է իր խոսքն ամբողջությամբ.

«Ու ասել եմ` ես ինքս դեպքեր գիտեմ, որ մարդկանց ճնշել են, անգամ` ծեծել են, և չեն թողել բջջային հեռախոսների ներկրման ու վաճառքի ոլորտում բիզնեսով զբաղվել, որովհետև դա Սեդրակ Քոչարյանի ոլորտն է եղել: Որքանով հասկանում եմ` իմ այս միտքն են իրենք վիճարկում, համարում են, որ զրպարտություն է, բջջային հեռախոսների շուկան չի եղել Սեդրակ Քոչարյանինը»: Արա Պապյանն իր դեմ ներկայացված հայցի մասին իմացել է լրատվամիջոցներից: Դատարանից ծանուցում դեռ չունի: Քաղաքագետը վստահ է, որ կարող է իր խոսքերը դատարանում հիմնավորել.

«Երևանում խանութ ունեցող կոնկրետ մարդիկ են եղել, զբաղվել են բջջային հեռախոսների ներկրմամբ: Իրենց կոնկրետ հրահանգավորվել է այլևս դա չանել և տրվել է կոնկրետ բացատրությունը: Հիմա, ցավոք սրտի էդ մարդիկ Մոսկվայում են, ես պիտի փորձեմ գտնել նրանց, և իրենք էլ ազնվություն ունենան և վկայություն տան, որ էդպիսի բան եղել է»: Այս պատմության` ջրի երես դուրս գալուց հետո, հնարավոր է` հայտնվեն ճնշումների ու հալածանքների ենթարկված գործարարներ, որոնք կհաստատեն Արա Պապյանի խոսքերը.

«Էն ժամանակվա մաքսայինի աշխատողներին եթե հարցնեք, ու նաև նրանց, որոնք էն ժամանակ երբևէ վերադարձել են Դուբայից, միակ հարցը որ իրենց տալիս էին, հստակ էր` արդյոք ձեզ հետ ունեք բջջային հեռախոս: Այսինքն` հսկել են, որ հանկարծ որևէ մեկը բջջային հեռախոս չբերի: Ի վերջո կա վիճակագրություն, թող նայեն ու պարզեն` սկզբում ովքեր են զբաղվել հեռախոսների բիզնեսով, հետո սրանք դադարել են ներկրել, և հետո սկսել են ներկրել մեկ-երկու ընկերություն, որոնք ենթադրաբար կապված են եղել Սեդրակ Քոչարյանի հետ»:

Արա Պապյանը համոզված է, որ իր խոսքը չի տեղավորվում զրպարտություն տերմինի շրջանակներում: Դա պարզապես եղած փաստի կամ հասարակության մեջ լայնորեն տարածված փաստի հնչեցում է:

Այս պատմության մեջ հետաքրքիր մի դրվագ կա: Արա Պապյանը Ռոբերտ Քոչարյանի իշխանավարումն ընդգրկող 2000-2006 թվականներին եղել է Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը: Արա Պապյանը կարծում է` միգուցե իր դիրքորոշումը Քոչարյան ընտանիքի համար հոգեբանորեն անընդունելի է. «Ոնց որ իրենք են մտածում` մեր դեսպանն է, մենք նշանակել ենք, հիմա մեր դեմ ա դուրս եկել: Հա, բայց ես իրենց դեսպանը չեմ եղել, ես Հայաստանի Հանրապետության դեսպանն եմ եղել: Դիվանագիտության մեջ եմ եղել շատ ավելի վաղուց, քան Քոչարյանները Ղարաբաղից տեղափոխվել էին Երևան»:

Արա Պապյանը ուշադրություն է հրավիրում հանգամանքի վրա, որ հայր ու որդի Քոչարյանները թիրախավորել են հանրությանը հայտնի դեմքերի` Նիկոլ Փաշինյան, Արթուր Վանեցյան և իրեն: Նպատակը մյուս քաղաքացիների աչքը վախեցնելն ու քննադատների բերանը փակելն է. «Սա հակահարձակման ձև է: Երբ իմ արտահայտած մտքի նկատմամբ հետապնդում են սկսում, այսուհետ ամեն մարդ երկու անգամ մտածելու է` հիմա ես մի բան ասեմ, ասելու են դե ապացուցի, ես ո՞նց ապացուցեմ»:

Իրավապահները հասարակությանը կոչ են արել մարտի 1-ի գործով ունեցած փաստերը ներկայացնել իրենց: Հետաքննություն է ընթանում նաև Քոչարյանի` որոշ ունեցվածքների օրինականության մասով: Աջուձախ դատական հայցեր ներկայացնելով` նպատակ ունեն վախ տարածել հասարակության ներսում, որպեսզի մարդիկ ճնշվեն և Քոչարյանի մասին տեղեկությունները չներկայացնեն իրավապահներին:

Ռոբերտ Անանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest