Դունյա Միյատովիչը ողջունում է մարտի 1-ի իրադարձությունների բացահայտմանն ուղղված ՀՀ իշխանության քայլերը

0
767

Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հանձնակատար Դունյա Միյատովիչը Հայաստանում տեղի ունեցած իշխանության խաղաղ փոխանցումը նշանակալի իրադարձություն է համարում, սակայն շեշտում է, որ հասարակության ակնկալիքները բարձր են, և կառավարությունը պետք է ուշադրությունը կենտրոնացնի խոցելի անձանց վաղուց մոռացված իրավունքների պաշտպանության վրա: Դունյա Միյատովիչն այս մասին ասել է՝ ամփոփելով սեպտեմբերի 15-20-ը Հայաստան կատարած այցի արդյունքները:

Դունյա Միյատովիչը նաև ողջունել է Հայաստանի իշխանության քայլերը, որոնք միտված են 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների բացահայտմանը: Նա ընդգծել է, որ դա պետք է արվի՝ խստորեն պահպանելով օրենքի գերակայության սկզբունքները, դատական համակարգի անկախությունը, թափանցիկությունն ու արդար դատաքննության երաշխիքները, որպեսզի հնարավոր լինի խուսափել վրեժխնդրության, քաղաքական հետապնդումների մասին հնարավոր մեղադրանքներից:

«Քանի որ Հայաստանը շատ կարևոր փուլ է անցնում, ես բոլոր քաղաքական գործիչներին և հասարակական կարծիքի լիդերներին կոչ եմ անում իրենց ներդրումն ունենալ միասնական հասարակություն ձևավորելու հարցում և ցուցաբերել հատուկ զգուշավորություն»,- ասել է Միյատովիչը:

Հայաստան կատարած այցի ընթացքում Մարդու իրավունքների հարցերով Եվրոպայի խորհրդի հանձնակատարի ուշադրության կենտրոնում են եղել կանանց իրավունքները, գենդերային հավասարության և ընտանեկան բռնության հետ կապված խնդիրները, տարբեր խոցելի խմբերի և անապահովների իրավունքները, ինչպես նաև նախկինում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ հաշվետվողականությունը:

Նա ողջունել է Հայաստանում 2017թ. ընդունված «Ընտանիքում բռնության կանխարգելման մասին» օրենքը: Միյատովիչը կարևորել է իրավապահ մարմինների աշխատակիցների, քննիչների, սոցիալական աշխատողների և դատական համակարգի անդամների հետագա կարողությունների զարգացումն ու իրազեկվածության մակարդակի բարձրացումը, որպեսզի նրանք ավելի տեղեկացված լինեն ու կարողանան արդյունավետ ապահովել ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունը և վերացնել դրանց հետևանքները:

Աղբյուր` Փաստինֆո

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here