Սեպտեմբերի 23-ին՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը, թիվ 8/05 ընտրատեղամասում տարածքային հանձնաժողովի նախագահ Նորիկ Երանյանը հարվածել է «1in.am» լրատվական կայքի լրագրող Դիանա Դավթյանի ձեռքին՝ ասելով «միկրոֆոնդ էն կողմ տար»։ Լրագրողը ԽԱՊԿ-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ բացի այդ, օպերատորի ուսից քաշել և նկարահանմանը խանգարել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Արթուր Մանուկյանին ուղեկցող անձանցից մեկը։ Հույս ենք հայտնում և պահանջում, որպեսզի իրավապահ մարմինները մանրակրկիտ հետաքննեն կատարվածը և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։
Բարեբախտաբար, այս միջադեպը միակն է Երևանի ավագանու ընտրությունների ընթացքում, երբ խախտվել են լրատվամիջոցի աշխատակիցների իրավունքները։ Սա չափազանց կարևոր փաստ է, եթե հաշվի առնենք, որ ընդամենը մեկ տարի առաջ կայացած ավագանու ընտրությունների օրը գրանցվել էր ֆիզիկական բռնության 2 եւ մասնագիտական գործունեության այլ խոչընդոտումների 5 միջադեպ։
ԽԱՊԿ-ն իր մտահոգությունն է հայտնում նաև լռության օրը՝ սեպտեմբերի 22-ին, Մեդիա կենտրոնում տեղի ունեցածի վերաբերյալ, երբ «Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնում էր իր մոնիտորինգի նախնական արդյունքները, իսկ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները փորձեցին խոչընդոտել այդ գործընթացը։
Մի կողմից դիտորդական առաքելություն իրականացնողները, հրապարակելով իրենց տվյալներն ընտրությունների նախօրեին, մեր գնահատմամբ, խախտեցին լռության օրվա պահանջը, քանի որ դա կարող էր ազդել ընտրողների կողմնորոշման վրա, մյուս կողմից՝ անընդունելի էր ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանի ու նրա համակիրների ագրեսիվ պահվածքը, երբ նրանք սրահից վրա հասան և լեզվակռվի մեջ մտան բանախոսների հետ։ Կարծում ենք՝ այս միջադեպը նույնպես կարժանանա իրավասու մարմինների ուշադրությանը։
Այդուհանդերձ, ԽԱՊԿ-ն արձանագրում է, որ ընդհանուր առմամբ այս ընտրությունները որակապես տարբերվեցին բոլոր նախորդներից նաև լրագրողների և լրատվամիջոցների համար աշխատանքային բարենպաստ պայմաններ ստեղծելու և անկաշկանդ գործելու առումով։ ԽԱՊԿ-ը կարևորում է այս նախադեպի տարածումը հետագա ընտրություններում։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: