Երևանի ավագանու ընտրություններում ԻՄ ՔԱՅԼԸ դաշինքի 82%-անոց հաղթանակը Հայաստանը վերադարձնում է սովետական տարիներ. «Ժողովրդավարության տեսանկյունից դա լավ արդյունք չէ: Կարելի է ասել` խորհրդային տարիներին բնորոշ ընտրություններ էին: Ուրախությամբ մարդիկ գնացին, քվեարկեցին սիրելի իշխանության օգտին»,- Forrights.am-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, ում կինը` Անահիտ Թարխանյանը ևս քաղաքապետի թեկնածուների թվում էր: Քաղաքագետի խոսքով` հանրությունը պարզապես վստահության քվե է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, և փաստել, որ աջակցում է հեղափոխությանը:

Արդեն այսօր պարզ է, որ բացարձակ հաղթանակ է գրանցվելու նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ինչն ըստ Անդրիաս Ղուկասյանի, բացասաբար է ազդելու քաղաքական մյուս ուժերի զարգացման վրա. «Հանրության մեջ այս պահին իշխում է տոտալիտար մոտեցումը քաղաքական իրավիճակին, ինչը հնարավոր չէ քողարկել: Սա իրապես խանգարելու է ժողովրդավարական ինստիտուտների և քաղաքական դաշտի ձևավորմանը»:

Այդուամենայնիվ, Անդրիաս Ղուկասյանը գտնում է, որ սա պատմական որոշակի փուլ է, որը պետք է Հայաստանն անցնի. «Հին քաղաքական համակարգը պիտի մահանար և այս ընտրություններով կնքեց մահկանացուն, ավանդական կուսակցությունները մոտեցան իրենց ավարտին: Նոր քաղաքական ուժերն ունեն շատ դժվար և բարդ ճանապարհ` ձևավորվելու, կազմավորվելու և հանրային աջակցություն հավաքելու: Այս ֆոնի վրա դա կտևի բավականին երկար ժամանակ: Կարճատև ժամանակահատվածում ես գրեթե բացառում եմ, որ որևէ նոր քաղաքական ուժ կարողանա հակակշիռ ստեղծել Նիկոլ Փաշինյանին և Քաղաքացիական պայմանագրին»,- ասում է քաղաքագետը:

Երևանի ավագանու ընտրության նախընտրական փուլում գերիշխել են քաղաքական տեխնոլոգիաները, որոնք լուրջ հետք թողեցին վերջնարդյունքի վրա: Քաղտեխնոլոգիաների կիրառումով հարուստ են լինելու նաև խորհրդարանական արտահերթ ընտրությունները, ինչն ի վերջո բերելու է սպասվող արդյունքը.

«Դա գիտե՞ք ինչի է նման: Մարդիկ երբեք թրիք չեն ուտի, բայց քաղաքական տեխնոլոգիայի միջոցով կան եղանակներ, թե ինչպես ստիպել, որ թրիք ուտեն: Կաշառել, կամ ասել` եթե չուտես, երկիրը տապալվելու է, վախեցնել, կամ ասել` էս թրիքը դու պետք է ուտես հանուն հայրենքի, մեր երկրի ապագայի»:

Պարոն Ղուկասյանի խոսքով`Փաշինյանի իշխանության քաղաքական ֆունկցիան կայանում է քրեական օլիգարխիան արդարացնելը և բերել օլիգարխիայի վիճակի, այսինքն` քրեական բառը մաքրել. «Այս ընտրությւոններում առաջնահերթ շահեց Սերժ Սարգսյանը, որովհետև իր գլխավորած սև ուժերի կազմավորած ընտրական համակարգը անցկացրեց այս ազատ և արդար ընտրությունները, ո՞վ շահեց, շահեց կազինոն: Խոշոր սեփականատերերը պահպանում են իրենց սեփականությունը, և շարունակում են տնտեսության մեջ ազդել, բայց քաղաքականության մեջ ոչ այնքան մեծ ազդեցություն ունենալ: Սա է այս կառավարության ամենամեծ խնդիրը»:

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի կարծիքով` սեպտեմբերի 23-ի ընտրությունները ի ցույց դրեցին ՀՀ քաղաքական համակարգի անառողջ բնույթն ու ընտրողների էմոցիոնալ մոտեցումը առավելապես տեղական նշանակության ընտրական գործընթացների նկատմամբ.

«82% քվեն նորմալ չէ առողջ և մրցակցային ընտրությունների համար, քանի որ պատմության մեջ այդքան ձայներ ստացած քաղաքական ուժերը հետագայում լուրջ խնդիրներ են առաջացրել առաջինը պետության, ապա իրենց համար։ Այս վտանգավոր բարձր տոկոսը վկայում է իրական մրցակցության բացակայության մասին, քանի որ չկա այդպիսի քաղաքական օրակարգ և ծրագիր, որը, բնական մրցակցային պայմաններում, ստանա ընտրողների 82%-ը»։

Ղազինյանը համոզված է` Նիկոլ Փաշինյանն իրականում ցանկանում է Հայաստանը տեսնել ազատ և ժողովրդավարական, այդուհանդերձ, բացարձակ թվերով հաղթանակը լուրջ մտահոգության առիթ է: Եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանան այս տարվա վերջում, ապա խորհրդարանում Փաշինյանի կողմից պաշտպանվող ուժը կամ ուժերի դաշինքը կհավաքի նույն քանակի ձայներ, ինչը լրջագույն ժողովրդավարական խնդիրներ կհարուցի Հայաստանի ներքին և արտաքին վարկանիշի համար.

«Եթե Փաշինյանը որոշի կապիտալիզացնել երեկվա ընտրությունների արդյունքները ԱԺ արտահերթ ընտրությունների միջոցով, ապա գործընթացը կմտնի արդեն Սահմանադրական ճգնաժամի փուլ՝ դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով»,- կարծում է Արթուր Ղազինյանը։ Հայաստանը գտնվում է քաղաքական խորագույն ճգնաժամի մեջ, որի հաղթահարման միակ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, բայց եթե դա տեղի չունենա ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգով, ապա հետևանքները կլինեն անկանխատեսելի և ծանր։

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունում նոր խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում: Այդ մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարել է խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Այդուհանդերձ, ՀՀԿ-ն պատրաստ է քննարկումների այդ հարցով: Բաղդասարյանը ՀՀԿ-ի համար օրակարգային է համարել ընտրական օրենսգրքի բարեփոխումները, որից հետո, եթե արտահերթի վերաբերյալ Փաշինյանից առաջարկություն ստանան, կմտածեն այդ մասին: Իր հերթին ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն է հայտարարել, որ պատրաստ են արտահերթ ընտրությունների հարցով բանակցել Նիկոլ Փաշինյանի կառավարության հետ:

Նշենք, որ կիրակի օրը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական արտահերթ ընտրությունների հարցով: «Կար տրամադրություն, որ դրանք անցկացվեն մինչ հաջորդ տարվա հունիս, բայց ընտրությունները պետք է անցկացնենք ավելի վաղ, որպեսզի առավել շուտ սկսենք տնտեսության վերականգնման ընթացքը: Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով բոլորին ակնհայտ է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անխուսափելի են, և դրանք պետք է հնարավորինս շուտ տեղի ունենան», — ասել է Հայաստանի վարչապետը:

Ռոբերտ Անանյան 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest