ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած դեպքի հանգամանքները:
Մասնավորապես՝ 2018թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի սահմաններում, դեպքի վայրի զննություն է կատարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ Բաշինջաղյան փողոցի 188/5 հասցեում տեղակայված նախընտրական շտաբում, որին մասնակցել են նաև նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորները՝ ծառայություն իրականացնելով շտաբի մուտքի դռան մոտ՝ քննչական գործողությանը մասնակից չհանդիսացող քաղաքացիների մուտքը հիշյալ տարածք արգելելու նպատակով:
Ըստ զեկուցագրի՝ ժամը 19:10-ին, երբ Ոստիկանության աշխատակիցները զննության արձանագրությունը ծանոթացման համար ներկայացրել են մասնակիցներին, նշված շտաբի աշխատանքները համակարգող Գ.Գ-ն կոչ է արել շտաբի դռների մոտ հավաքված քաղաքացիներին ներխուժել շտաբ, ջարդուփշուր անել ամեն ինչ և վերցնել դեպքի վայրի զննությամբ վերցված տեսախցիկների տեսագրման սարքը:
Բացի այդ, Գ.Գ.-ն, քաշքշուկ հրահրելով, վնասել է մուտքի դռան փեղկը՝ այդկերպ հնարավորություն ընձեռելով դրսում գտնվող 30-40 մարդու ներս մտնել՝ անտեսելով ոստիկանության աշխատակիցների՝ շինությունից դուրս գալու և իրականացվող գործողություններին չխոչընդոտելու օրինական պահանջները: Այնուհետև միջադեպին ներկա գտնվող անձինք, հրելով և քաշքշելով, բռնություն են գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, ինչը զուգորդվել է հայհոյանքներով և բղավոցներով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: