«Հանրությունը պետք է օգնի գործող իշխանություններին լավ «հանձնել քննությունը»». Զարուհի Փոստանջյան

1556

«Քարոզարշավի թերությունն այն էր, որ դրա մի զգալի մասը տրամադրվեց միմյանց նկատմամբ մեղադրանքներ հնչեցնելուն, այնինչ մենք խնդիր ունենք ազգային բոլոր ուժերի կոնսոլիդացիայի, որ կարողանանք դուրս գալ այս վիճակից: Երևանը փորձադաշտ չէ»,- քվեարկության մտնելոց րոպեներ առաջ լրագրողների հետ զրույցում նշեց «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Ըստ Փոստանջյանի, այս ընտրություններն իշխանության համար յուրօրինակ քննություն են լինելու, քանի որ նրանք պարտավորվել են վերացնել ընտրակեղծարարությունները.

«Իշխանության ձեռքում են այն լծակները, որոնց միջոցով պետք է կանխվեն ընտրակեղծարարությունը և ապօրինությունները: Հանրությունը ևս պետք է մասնակիցը լինի այդ գործողությանը, չվերցնի և չբաժանի ընտրակաշառք, օգնի գործող իշխանությունենրին լավ «հանձնել քննությունը»: Սա մի հոգու գործ չէ: Այս պահին Կառավարությունը նույնիսկ իր գործողությունը չի կարողանում լիարժեք իրականացնել, որովհետև երկիրը, երբ քանդված է, ապա բոլորը պետք է վերականգնողական աշխատանքներին մասնակցեն»,- իր խոսում ասաց Փոստանջյանը:

Անդրադառնալով շրջանառվող այն լուրերին, որ տեղեկություններ կան, թե  քաղաքական ուժերից  ոմանք ընտրակաշառք են բաժանում, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավարը շեշտեց՝ դա օպերատիվ-հետախուզական ծառայությունների գործողությունների մեջ է մտնում, եթե կան հիմնավոր կասկածներ, ապա պետք է հարուցվեն քրեական գործեր, առաջադրվեն համապատասխան մեղադրանքներ և սկսվի քրեական հետապնդում: