Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հաղորդագրությունը։ Այսօր Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ սեպտեմբերի 23-ին՝ ավագանու ընտրությունների օրը, գրանցվել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեության խոչընդոտման մեկ դեպք, որի մասին ահազանգ է եղել ոստիկանություն։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության՝ ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեին տեղեկացրեց, որ դեպքը կապված է եղել Հ3 ՀԸ լրագրողի հետ, որը չի ունեցել լրագրողական բեյջ, և հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել մտնել ընտրատեղամաս։ Այլ մանրամասներ չհաղորդվեցին։
ԽԱՊԿ-ին հաջողվեց պարզել, որ դեպքը տեղի է ունեցել Հ3 ՀԸ լրագրող Զարուհի Դիլանյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց, որ ինքը բեյջ չի ունեցել, և Կենտրոնի 9/17 ընտրատեղամաս չի կարողացել մտնել. «Խնդիրը մեզ հետ է կապված եղել»։ Իսկ ոստիկանություն նա զանգել է՝ ճշտելու՝ արդյո՞ք կարող է ընտրատեղամաս մտնել անձնագրով։ Լրագրողը կատարվածը մասնագիտական գործունեության խոչընդոտում չի դիտարկում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: