Forrights-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին, քաղաքապետի հավանական թեկնածուներին և նրանց նախընտրական ծրագրերը:
«Երևան քաղաքապետի հավանական թեկնածուները» (ՄԱՍ 1 և ՄԱՍ 2)-ը՝ այստեղ:
Հիշեցնենք՝ սա Երևան քաղաքի ավագանու թվով 4-րդ ընտրությունն է, որն այս տարի արտակարգ ընթացակարգով է անցկացվում: Արտահերթ ընտրությունների պատճառը հուլիսի 9-ի Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն է: Միմյանց հետ «կմրցեն» 4 դաշինք և 8 կուսակցություն:
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն: Ավագանու ցուցակում կա 77 թեկածու: Քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Միքայել Մանուկյանը
Մասնագիտությամբ նկարիչ-ձևավորող և պատմաբան Միքայել Մանուկյանին 1994թ. մեղադրանք է առաջադրվել Երևանի առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանության համար: Բանտարկվել է, սակայն կարճ ժամանակ անց՝ ազատ արձակվել՝ բավարար ապացույցների բացակայության պատճառով: Աշխատել է «Երկիր» օրաթերթում: Պարգևատրվել է մի շարք մեդալներով:
Ունեցվածք— Մանուկյանը հայտարարագրել է 21 մլն ՀՀ դրամ, 50.000 ԱՄՆ դոլար և 25.000 եվրո, որի եկամուտը նշում է Ազգային ժողովից ստացած աշխատավարձը՝ մոտ 8 մլն ՀՀ դրամ: Ունի 2 անշարժ գույք և 1 ավտոմեքենա՝ «Mercedes Benz S-350L» մակնիշի:
Նախընտրական ծրագիր- Դաշնակցությունը նշում է, որ իրենց նախընտրական ծրագրում որպես կարևոր դրույթ սահմանել են Երևանը համահայկական մայրաքաղաք հռչակելը: Կուսակցությունն ամրագրել է երկու սկզբունք. Երևանի ավագանու ընտրություններում հաղթելու դեպքում բոլոր քաղաքական ուժերին ներգրավել մայրաքաղաքի կառավարման մեջ և քաղաքացիական հասարակությանը տալ վերահսկիչ գործառույթներ։ ՀՅԴ-ն Երևանի խնդիրների լուծումը քաղաքային բյուջեի արդյունավետ կառավարման մեջ է տեսնում.
«Մենք չունենք մեծ փողեր, որպեսզի խոստանանք, որ մեր գրպանից կբարեկարգենք Երևանը կամ հույսը կդնենք դրսից ներդրումների վրա: Մեր նպատակը լինելու է Երևանի ռեսուրսների ճիշտ կառավարումը: Մենք Երևանի կառավարման գործում ներկայացնում ենք պրոֆեսիոնալ թիմ»,- ելույթներից մեկի ժամանակ նշել էր կուսակցությունը:
«Հայք» կուսակցություն: Ավագանու ցուցակում կա 60 թեկնածու: Քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Գևորգ Հովսեփյանը
Forrights-ին չհաջողվեց որևէ կենսագրական փաստ գտնել Մանուել Գասպարյանի մասին:
Ունեցվածք- Հովսեփյանը գործազուրկ է, չունի որևէ եկամուտ, չի հայտարարագրել ոչ մի դրամական միջոց: Ունի մեկ անշարժ գույք:
Նախընտրական ծրագիր- «Հայք» կուսակցությունը, իր նախընտրական ծրագիրն ամբողջությամբ տեղավորել է մեկ էջում, շեշտելով՝ ցանկանում է Երևանը դարձնել արժեքների վերստեղծման կենտրոն.
«Հայերը իրենց մեջ կրել են քրիստոնեական արժեքները մինչ քրիստոնեությունը: Մենք հայտարարում ենք, որ Երևանը սիրո և համերաշխության մայրաքաղաք է: Երևանը պետք է լինի ազգային արժեքների վերաստեղծման հեղափոխության մայրաքաղաք: Մի բան, որից մեզ կտրել են»,- ելույթներից մեկի ժամանակ նշել էր կուսակցությունը:
Բացի վերոնշյալից, ինչպես հստակ երևում է ծրագրից, կուսակցությունը կտրականապես դեմ է ԼԳԲՏ անձանց և կոչ է անում «օր առաջ դուրս շպրտել նրանց մեր կյանքից»:
Ռեֆորմիստների կուսակցություն: Ավագանու ցուցակում կա 29 թեկնածու: Քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Արտակ Ավետյանը:
Մասնագիտությամբ դիզայներ և ռեժիսոր Ավետյանը թատերական բազմաթիվ բեմադրությունների հեղինակ է: Հիմնադրել է «Ռեժաս ֆիլմս» կինոստուդիան: ՀՀ Կառավարության պատվերով նկարահանել է լիամետրաժ՝ «Հովհաննեսի ավետարանը» ֆիլմը, իսկ գերմանական հեռուստաընկերության պատվերով՝ «Յոթ երգ Հայաստանի մասին» բազմասերիանոց ֆիլմը:
Ունեցվածք- Ավետյանը որևէ եկամուտ և դրամական միջոց չի հայտարարագրել, չունի անգամ բնակարան: Ունի 2 ավտոմեքենա՝ «Տոյոտա Քեմրի» և «Լեքսուս 470 GX» մակնիշի:
Նախընտրական ծրագիր- Կուսակցությունը նախընտրական ծրագրում անդրադարձել է ոչ միայն անբարեկարգ և անսարք վերելակներին, այլև գովազդային վահանակներին, նշելով՝ դրանք կեղտոտություն են բերում: Տրանսպորտի ոլորտում ևս դրական փոփոխություններ են խոստանում.
«Ուսումնասիրություններ կատարվել են, խնդիրերը պարզ են, անցյալից մնացած խնդիրներ են: Ժամանակին մրցույթները եղել են ոչ օբյեկտիվ: Դրա համար ընկերություններ կան, որոնք սպասարկում են մասնավոր սեկտորի տրանսպորտները: Բերել են բեռներ տեղափոխող մեքենաներ, ադապտացրել են մեր պայմաններին: Պետք է նոր մրցույթներ հայտարարվեն, զրուցեն գծատերերի հետ. բիզնեսմեններն էլ դեմ չեն լինի նորմալ սպասարկել քաղաքի տրանսպորտը: Պետք է լինեն նաև քաղաքին պատկանող տրանսպորտներ»,- ելույթներից մեկի ժամանակ նշել էր կուսակցությունը:
«Օրինաց երկիր» կուսակցություն: Ավագանու ցուցակում կա 115 թեկնածու: Քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Մհեր Շահգելդյանը
Մասնագիտությամբ- Մենեջմենտի, մարկետինգի և բանկային գործի մասնագետ, փիլիսոփա, քաղաքագիտության թեկնածու Շահգելդյանը Հայաստանի հեռուստառադիոպետվարչության հասարակական-քաղաքական հաղորդումների բաժնի մեկնաբան է եղել: Դրանից հետո Հայաստանի ազգային ռադիոյի արտասահմանի համար տրվող հաղորդումների «Հայաստանի ձայն» խմբագրության գլխավոր խմբագիր, ապա՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի փոխնախագահ: Այժմ ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորն է:
Ունեցվածքը- Շահգելդյանը հայտարարագրել է 2 մլն 520 հազար ՀՀ դրամ, որոնք գոյացել է ռեկտորի աշխատավարձից և դասախոսությունից: Ունի 1 անշարժ գույք և մեկ մեքենա:
Նախընտրական ծրագիր- Մոտ 10 էջում կուսակցությունը ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը, շեշտը դնելով «մայրաքաղաքի կենսագործունեության ու կառավարման համակարգի կազմակերպման սկզբունքային նոր մոտեցումների վրա, որոնք միտված են Երևանը դարձնելու զարգացած ու բարեկեցիկ քաղաք, որտեղ յուրաքանչյուր երևանցի կտեսնի և կհասկանա քաղաքի զարգացման հեռանկարը, կտեսնի իրեն հուզող խնդիրների լուծման ճանապարհն ու արդյունքները»:
Ծրագրում անդրադարձ է կատարվել նաև Երևանում ժամանակակից, ինովացիոն և գիտատար տնտեսության համակարգի ձևավորման գործընթացին, շեշտելով՝ անհրաժեշտ է իրականացնել քաղաքի տնտեսության հիմնական և հեռանկարային ճյուղերի զարգացման ռազմավարական ծրագրերի մշակում:
Forrights-ը մանրամասն ներկայացրեց 4 դաշինքներին և 8 կուսակցություններին, ծանոթացրեց նրանց կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուներին և նրանց ունեցվածին, առանձնացրեց նախընտրական ծրագրերի կարևոր դրույթները:
Սեպտեմբերի 23-ին կմեկնարկի Երևանի ավագանու ընտրությունները: Forrights-ը ևս կհետևի դրանց և իր ընթերցողներին մանրամասն կներկայացնի ընթացքի մասին:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: