Վարչապետը հավանական է համարում, որ 2008 թվականի մարտի 1-ի գործով ապօրինի վճիռներ կայացրած դատավորները ենթարկվեն քրեական պատասխանատվության։ Այս մասին նա հայտարարել է այսօր՝ արտաշատցիների հետ հանդիպմանը՝ մեկնաբանելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Վարդգես Գասպարիի ու Մուշեղ Սաղաթելյանի վերաբերյալ կայացված որոշումները։

Դրանք, ըստ էության, ապօրինի են ճանաչել դատական ատյանների մեղադրական վճիռները, ինչպես և՝ արձանագրվել է այս անձանց վերաբերող քրեական գործերով կատարված համակարգային ապօրինությունների փաստը։

«Իրավաբաններն ինձ այսպես են բացատրել, որ այս վճիռը տարածվելու է մյուս վճիռների վրա։ Դե յուրե դա նշանակում է, որ մարտի 1-ի գործով կայացված բոլոր վճիռները, ըստ էության, հայտնվում են ապօրինի հայտարարվելու շատ կոնկրետ սպառնալիքի առաջ։ Խնդիրն այն է, որ մեր դատական համակարգի բազմաթիվ դատավորներ էդ վճիռները կայացրել են, և հիմա մենք պետք է հասկանանք՝ ինչ ենք անում և ինչպես ենք վարվում այդ դատավորների հետ։

Դա հիմա մենք չենք ասում, որ ասեն ա՛յ, ընդդիմությունը դարձավ իշխանություն, դատավորներին բան է ասում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ մարտի 1-ի առավոտյան գործողությունները եղել են ապօրինի և մարտի 1-ի գործով ընդդիմության ներկայացուցիչների դատավճիռները եղել են ապօրինի։ Ու հիմա էդ դատավորները պետք է Հայաստանում շարունակեն էդ գործո՞վ, առնվազն բարոյականությունն էս որոշումից հետո ստիպում է, որ նրանք հրաժարական տան և գնան իրենց տներով։ Առնվազն։

Էլ չեմ խոսում, որ նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարց բացվի, որովհետև այո, դատական համակարգը կոռուպցիոն համակարգին սկզբից մինչև վերջ սպասարկել է։ Երկրում ունեցվածքներ են խլել, քաղբանտարկյալներ են եղել, և ամբողջը եղել է դատական համակարգի միջոցով և դատական համակարգը պետք է պատասխանատվություն կրի ժողովրդի առաջ։ Եվ սա մենք չենք ասում, սա ասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը»,- ասել է վարչապետ Փաշինյանը։

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest