Forrights-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին, քաղաքապետի հավանական թեկնածուներին և նրանց նախընտրական ծրագրերը:

«Երևան քաղաքապետի հավանական թեկնածուները» (ՄԱՍ 1)-ը՝ այստեղ:

Հիշեցնենք՝ սա Երևան քաղաքի ավագանու թվով  4-րդ ընտրությունն է, որն այս տարի արտակարգ ընթացակարգով է անցկացվում: Արտահերթ ընտրությունների պատճառը հուլիսի 9-ի Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականն է: Միմյանց հետ «կմրցեն» 4 դաշինք և 8 կուսակցություն:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն: Ավագանու ցուցակում կա 195     թեկնածու: Քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Նաիրա Զոհրաբյանը

         Մասնագիտությամբ թատերագետ և լրագրող Նաիրա Զոհրաբյանը շուրջ 14 տարի զբաղվել է ակտիվ լրագրությամբ: Աշխատել է «ԱՐ», «Առավոտ», «Հայոց աշխարհ», «Հայք» և «Հայկական ժամանակ» թերթերում, որպես հեղինակ-վարող հանդես եկել՝ «Վերելք» քաղաքական հաղորդաշարում:

Ունեցվածք- Նաիրա Զոհրաբյանը՝ որպես դրամական միջոց հայտարարագրել է 71,186 ԱՄՆ դոլար, որի միակ եկամուտը Ազգային ժողովից ստացված աշխատավարձն է՝ մոտ 12 մլն 280.000 դրամ: ԲՀԿ թեկնածուն չի հայտարարագրել որևէ շարժական կամ անշարժ գույք:

Նախընտրական ծրագիր- «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 14 կետից բաղկացած նախընտրական ծրագիր է ներկայացրել, առաջարկելով «կանաչ-խելացի» հայեցակարգը: Մասնավորապես.

«Ազատ տարածքներ ունեցող վարչական շրջաններում ստեղծել քաղաքային նշանակության զբոսայգիներ և անտառային պուրակներ: Երևանում գոյություն ունեցող 90 պուրակներում, այգիներում և հանգստի գոտիներում իրականացնել կանաչապատման, բարելավման, իսկ անհրաժեշտության դեպքում՝ վերակազմակերպման աշխատանքներ: Երևանի արվարձաններում ստեղծել կանաչ տնկարկներով պաշտպանիչ շերտ (բուֆերային գոտի), որը կնպաստի ընդհանուր էկոլոգիական վիճակի բարելավմանը»,- ասվում է նախընտրական ծրագրում:

«Երկիր Ծիրանի» կուսակցություն: Ավագանու ցուցակում կա 56 թեկնածու:          Քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Զարուհի Փոստանջյանը

          Մասնագիտությամբ իրավաբան Զարուհի Փոստանջյանը բավականին բեղուն գործունեություն է ծավալել իրավական ոլորտում: Աշխատել է մի շարք ընկերություններում որպես փաստաբան: Հեղինակել և վարել է «Փաստաբան» հեռուստահաղորդումը: Եղել է «Էնդաքսի» ՍՊԸ ղեկավար:

Ունեցվածք- Փոստանջյանը միակ է քաղաքապետի թեկնածուներից, որը մինչ օրս իր ունեցվածքը չի հայտարարագրել:

Նախընտրական ծրագիր- Մոտ 18 էջ է կազմում «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ծրագիրը: Դաշինքը նշում է, որ Երևան քաղաքի կառավարումը տեղի է ունենալու բաց կառավարման գործընկերության շրջանակներում.

«Հանրային շահ ներկայացնող հարցերի վերաբերյալ տեղի են ունենալու բաց հանրային լսումներ, քննարկումներ և տեղական հանրաքվեների անցկացում: Թվայնացվելու և հրապարակվելու են Երևանի սեփականություն հանդիսացող գույքի և բյուջեի տնօրինման, տիրապետման և օգտագործման վերաբերյալ տվյալները: Բարձրացվելու է Երևան քաղաքի համայնքային դերը և անցում է կատարվելու որոշում կայացնող ազատ մարմնի»,- նախընտրական ծրագրում մանրամասնում է դաշինքը:

   «Ժառանգություն» կուսակցություն: Ավագանու ցուցակում կա 49 թեկնածու:          Քաղաքապետի թեկնածու է առաջադրվել Րաֆֆի Հովհաննիսյանը

          Մասնագիտությամբ քաղաքագետ, պատմաբան, դիվանագետ և իրավաբան Րաֆֆի Հովհաննիսյանը եղել է ՀՀ Արտաքին գործերի առաջին նախագահը: Աշխատել է Լոս Անջելոսի մի շարք իրավաբանական գրասենյակներում, հիմնել «Հայ փաստաբանների միություն»-ը:  1994 թ. Երևանում հիմնել է և մինչև օրս ղեկավարում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը։

         Ունեցվածք- Հովհաննիսյանը հայտարարագրել է մոտ 205.000 ՀՀ դրամ և 15.000 ԱՄՆ դոլար: Վերջինս այլ եկամուտներ չունի: Ունի 2 անշարժ գույք, սակայն չունի ավտոմեքենա:

Նախընտրական ծրագիր- 16 էջ և 16 կետ. ահա թե ինչքան է «Ժառանգություն» կուսակցության նախընտրական ծրագիրը, որում անդրադառնում է քաղաքում առկա մի շարք խնդիրներին, ամեն կետի վերջում՝ առաջ քաշում լուծման իր տարբերակները: Մասնավորապես, շեշտում են՝ ոչ մի անօթևան ընտանիք և շուրջ 70.000 նոր աշխատատեղեր Երևանում.

«Կկառուցվեն բավարար թվով հանրային կացարաններ՝ ժամանակավորապես անտուն դարձած կամ փողոցում հայտնված մարդկանց օթեւան տալու համար: Զուգահեռաբար կացարանների կառուցման (տրամադրման) աշխատանքները կֆինանսավորվեն նաեւ Հայաստանի այն բնակավայրերում, որտեղից մայրաքաղաք են եկել այդ անձինք: Երեւանում անտուն մարդ չպետք է լինի»,- ասված է նախընտրական ծրագրում:

         «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն: Ավագանու ցուցակում կա 33 թեկնածու:  Քաղաքապետի թեկնածու է   առաջադրվել Մանուել Գասպարյանը

             Forrights-ին չհաջողվեց որևէ կենսագրական փաստ գտնել Մանուել Գասպարյանի մասին:

Ունեցվածք- Գասպարյանը հայտարարագրել է մոտ 15 մլն դրամ, սակայն որևէ եկամուտի աղբյուր նշված չէ: Ունի 3 անշարժ գույք և 2 ավտոմեքենա՝ «Audi A8» և «Mitsubishi Pajero»:

Նախընտրական ծրագիր- Forrights-ը չկարողացավ նախընտրական ծրագրի որևէ հստակ օրինակ գտնել, փոխարենը, նախընտրական քարոզարշավի ժամանակ Մանուել Գասպարյանն իր խոսքում նշում է՝ որևէ կարևոր, առանցքային քայլ, առանց երևանցիների համաձայնությամբ, չեն իրականացվի.

«Կարևորագույն հարցերը պետք է դրվեն հանրաքվեի: Շենքերի քանդման, վերակառուցման հարցերին երևանցին պետք է հաղորդակից դառնա: Երևանը պետք  է դառնա կանաչ մայրաքաղաք: Մայրաքաղաքային բանուկ մասերում կարգելվի սրճարանային բիզնեսը, իսկ Նուբարաշենի աղբանոցն էլ՝ կվերացվի»,- իր ելույթներից մեկում նշել էր Գասպարյանը:

 

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest