Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր հրապարակել է Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով որոշում։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻԵԴ կայքից։ Որոշման ամբողջական տարբերակը դիտեք այստեղ:

Դատարանն արձանագրել է, որ Սաղաթելյանի գործով խախտվել են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներ, այդ թվում՝ խոշտանգումներից զերծ մնալու, անձնական ազատության անձեռնմխելիության, արդարացի դատաքննության և ժողովների ու միավորումների ազատության իրավունքները։

Եվրադատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 15 հազար 600 եվրո վճարել տուժողին բարոյական վնասի, ինչպես նաև 5 հազար եվրո՝ դատական ծախսերի համար:

2008 թվականի փետրվարին կայացած նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի Շիրակի մարզի ներկայացուցիչ Մուշեղ Սաղաթելյանը ձերբակալվել էր 2008 թվականի մարտի 1-ին: Նույն տարվա հոկտեմբերին նա դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման և 900 հազար դրամ տուգանքի` մեղավոր ճանաչվելով սառը զենք կրելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն կիրառելու մեջ:

Մարտի 1-ի գործով տուժողների շահերը Եվրոպական դատարանում ներկայացնող փաստաբան Վահե Գրիգորյանն այսպես է մեկնաբանել որոշումը՝ «Saghatelyan v. Armenia կամ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԻԱԳՆՈԶԸ».

«Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008 թվականի մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր եւ դատական իշխանությունների կողմից հայաստանյան եւ միջազգային հանրությանը հրամցված վարկածը։ Դատարանը ճանաչել է դիմողի բոլոր իրավունքների խախտումները, որոնք ներկայացված են եղել Դատարանին։ Կառավարության բոլոր փաստարկները մերժվել են։ Այս վճռով քաղաքական զգայունության եւ կարեւորության գործերով Հայաստանում արդարադատության համակարգի գոյության վերաբերյալ պատրանքն էլ է ցրվել»,- ասում է փաստաբան Վահե Գրիգորյանը։

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ անցումային արդարադատության գործընթացի նախաձեռնումն այլեւս ոչ միայն ներքին պահանջարկի, այլ նաեւ՝ միջազային իրավունքի թելադրանք է Հայաստանի համար։ Այսօր կայացված վճռով այն փաստացի սկսվում է. «Այն Հայաստանի արդարադատության համակարգի քաղցկեղի բուժման առաջին քայլն է լինելու»։

ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել նաև Վարդգես Գասպարիի գործով: Հայաստանի կառավարությունը խախտել է խոշտանգումներից զերծ մնալու և ազատության ու անձնական անձեռնմխելիության իրավունքները։ Եվրադատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը 4 հազար եվրո վճարել տուժողին բարոյական վնասի համար:

Գասպարին ձերբակալվել էր 2008-ի մարտի 1-ին, նա մեղադրվում էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:

 

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest