«Հայաստանի կույրերի միավորում»-ն այլևս նոր նախագահ ունի. արտահերթ ընտրության ժամանակ 16 «Կողմ» և 4 «Ձեռնպահ» ձայնով նախագահ ընտրվեց միակ առաջադրված թեկնածու 65-ամյա Ռաֆիկ Խաչատրյանը:

Նախագահի ընտրությունը հեշտ չանցավ. արդեն մեկ ամսից ավելի իրենց բողոքի ձայնը բարձրացրած ՀԿՄ-ի անդամներն առավոտից փակել էին այն սենյակի ճանապարհը, որտեղ պետք է նիստը կայանար: Բողոքի ակցիա իրականացնող անդամների նկատմամբ բռնություն և ուժ է կիրառվել հենց ոստիկանական աշխատակիցների աչքի առաջ, որոնք որևէ գործողություն չեն իրականացրել.

«Մեզ ծեծեցին և քաշքշեցին, իսկ ոստիկաններից և ոչ ոք մոտ չեկավ: Մենք տեղեկություն ունեինք, որ նախագահական կազմի կողմնակիցները նման դրսևորում էին ցույց տալիս, որ մենք ևս ուժ գործադրեինք և ոստիկանական ուժերը կարողանային մեզ բերման ենթարկել, սակայն սադրանքին չտրվելով՝ բացեցինք ճանապարհը»,- Forrights-ի հետ զրույցում մանրամասնեց բողոքի ակցիայի մասնակից Պատվական Ռևազյանը:

Դեռևս օգոստոս ամսից նախագահության կազմի հրաժարականը պահանջող միավորման անդամների հետ որևէ հանդիպում նորընտիր նախագահը չի ունեցել: Բողոքի ակցիայի մասնակիցներն անգամ համոզմունք ունեն, որ Ռաֆիկ Խաչատրյանը տեղյակ չէ, թե ում և ինչի դեմ են իրենք ընդվզում.
«Ելույթ ունեցավ Խաչատրյանը, որի ժամանակ նշեց, որ երիտասարդներին նույնպես տեղ են տալու միավորման կազմում, բայց մենք նման հույս չունենք: Նորից նույն է լինելու՝ իրար գործ են շարունակելու, նույն անարդարություն է լինելու»,- թերհավատորեն նշեց Ռևազյանը:
Նորընտիր նախագահ Խաչատրյանը և բողոքի ակցիայի անդամները երեքշաբթի օրը կհանդիպեն: Վերջիններս, սակայն, չկարողացան այս պահին հստակ պատասխանել՝ այդ հանդիպումն իրենց բոլոր հարցերի պատասխանը կտա՞, թե ոչ.

«Չորեքշաբթի օրը կհավաքվենք միավորման մեծ դահլիճում և կքննարկենք հետագա անելիքները: Հնարավոր է, որ չորեքշաբթի օրվանից մենք կրկին սկսենք նստացույցը»,- նշեց Պատվական Ռևազյանը:
Ինչպես նշեցին բողոքի ակցիա իրականացնող անդամները, այն պահին նրանք դիմել են Քննչական կոմիտե՝ միավորման «անօրինությունների խնդրով», որն էլ գործն ուղարկել է Գլխավոր դատախազություն:

Հիշեցնենք, որ միավորման անդամներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում չվճարվող աշխատավարձերի մասին և պահանջում՝ օր առաջ հրաժարական ներկայացնեն ՀԿՄ նախագահության ողջ անձնակազմը և բացահայտել ՀԿ-ում տարիներ շարունակ տեղի ունեցած թալանն ու կոռուպցիան.

«30 տարի ա նրանք նույն քաղաքականությունն ունեն. ցածր գներով իրենց ծանոթ-բարեկամների անունով ամրագրել են միավորմանը պատկանող տարածքները, վերջիններս էլ դրանք բարձր գնով այլ մարդկանց են տրամադրել և ստացված գումարը գրպանել»,- իր խոսքում նշել էր բողոքի ակցիայի մասնակից Վրեժ Մանուկյանը:

Նկատենք, որ նախագահի թափուր տեղի համար թեկնածություն չէր առաջադրել ՀԿ փոխնախագահ Մարտին Սարգսյանը: Ինչպես ավելի վաղ Forrights-ի հետ զրույցում նշել էր՝ ակցիայի մասնակիցների կողմից շատ է շրջանառվում իր անունը՝ միավորման հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կողին.

«Ախր ինչքան կարելի է իմ անունը շոշափել: Որտեղով անցնում ես՝ Մարտին, հա Մարտին, ախր անմեղության կանխավարկած կա, չի կարելի էլի»,- իր վրդովմունքն էր հայտնել նա:

Ռոզա Վարդանյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest