Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը սոցիալական ցանցի իր էջում գրում է:
14/09/2018թ․-ին Մարդու իրավունքների եւրոպական դատարանն արդեն պաշտոնապես հրապարակել է մամլո հաղորդագրություն Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի եւ Գասպարին ընդդեմ Հայաստանի գործերով վճիռների/որոշումների հրապարակման օրվա՝ 20/09/2018թ․-ի մասին։
Սրանք առաջին գործերն են, որոնք վերաբերում են 2008թ․-ի մարտի 1-ի դեպքերին։ Ավելի կոնկրետ, սրանք այդ օրվա վաղ առավոտյան դեպքերին վերաբերող գործերն են։ Ժամանակագրորեն, օրվա երկրորդ կեսի եւ երեկոյան եւ գիշերվա գործերի խմբերի մասին վճիռները հետեւլու են սրան։
Այս գործերով ներկայացված բողոքները վերաբերում են 01/03/2008թ․-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում ցուցարարների նկատմամբ ուժի գործադրմամբ եւ Սահմանադրության բազմաթիվ խախտումներով խաղաղ հավաքը ցրելուն, որի ընթացքում պրն․ Մուշեղ Սաղաթելյանին ծանր վնասվածքներ էին հասցվել ոստիկանների կողմից։ Այս առավոտյան վնասվածքներ հասցվել էին բազմաթիվ այլ ցուցարարների նույնպես, սակայն դրանցից եւ որեւէ մեկով որեւէ ոստիկան պատասխանատվության չէր ենթարկվել։
Ավելին, ցուցարարներից անմիջապես ձերբակալվում, այնուհետեւ կալանավորվում եւ երկարաժամկետ ազատազրկման էին դատապարտվում մանավանդ նրանք, որոնց մարմնական վնասվածքներ էին հասցրել ոստիկանները։ Սա կազմակերպված մոտեցում էր․ նպատակն էր լռեցնել քրեական հետապնդման պահանջատերերին եւ նրանց հրապարակավ ներկայացնել, որպես հանցագործություն կատարած անձինք, որոնց մարմնական վնասվածքներ հասցվում էին վնասազերծելու կամ ոստիկաններին դիմադրություն ցուցաբերելու համար։
20/09/2018թ․-ի վճիռները/որոշումները լինելու են միայն մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների մասին։ Զանգվածային բռնությունները եւ իրավապահ «բեսպրեդելը» սկսեց հենց 01/03/2008թ․-ի առավոտյան, ժամը 6․30-ի սահմաններում։ Հետագայում իրավապահ կառույցների եւ բանակի ստորաբաժանումների ներգրավմամբ բռնության էսկալացիան օրվա իշխանությունը (որի գլխավոր անձանցից մեկը ամենեւին էլ չի խորշում իրեն անտեղյակ ձեւացնելու հուսահատ փորձերից) հաջողությամբ հասցրեց Երեւանի կենտրոնը մարտական/ռազմական գործողությունների թատերաբեմ դարձնելուն։
Բայց ի՞նչն է այն առանցքային հանգամանքը, որ երեւալու է այս գործերում։ Դիմողներից որեւէ մեկի դիմումը բավարարվելու դեպքում (իսկ ես խորապես համոզված եմ, որ առնվազն առանցքային բողոքները բավարարվելու են) մենք այլեւս միջազգային դատարանի վճռով փաստված մի իրողության առջեւ ենք կանգնած լինելու, որտեղ միաժամանակ․
1․ նախաքննությունն իրականացրած մի ամբողջ մարմին՝ հատուկ քննչական ծառայությունը 2008թ․-ին ամիսներ շարունակ թույլ է տվել հիմնարար իրավունքների կոպտագույն խախտումներ եւ շարունակել նման խախտումները թույլ տալ հարյուրավոր այլ՝ նույն գործի շրջանակներում ձերբակալված, կալանավորված եւ դատապարտված մարդկանց նկատմամբ։ Հիշեք, որ խոսքը վերաբերում է մոտ մեկ տասյակ հիմնարար իրավունքների խախտումներին միայն դիմողներից ամեն մեկի դեպքում։ Օրինակ, որ դիմողին խոշտանգել են, նրա կալանքը չունի որեւէ հիմնավորում, իր դեմ ցուցմունք տված ոստիկանները դեպքի հետ առնչություն չունեն, որեւէ այլ մեկը, քան գործի ելքով շահագրգռված ոստիկանները չեն վկայել դիմողի կողմից հանցավոր արարք կատարելու մասին, եւ այլն։ Այսինքն, միայն ասյ փուլում ունենք առնվազն 3 ՀՔԾ քննիչ․
2․ այնուհետեւ, այս ամենը ամբողջությամբ չեն նկատել գլխավոր դատախազն ու գործով դատավարական հսկողություն իրականացնող դատախազները, չնայած պաշտպանության կողմի մանրամասն բացատրությունների եւ միջոնդորդությունների։ Այսինքն՝ եւս առնվազն 2 բարձրակարգ իրավաբան՝ դատախազ․
3․ այնուհետեւ գործը գնում է դատարան եւ կատարված խախտումները չի տեսնում առաջին ատյանի դատավորը, չնայած պաշտպանության բազմաթիվ ու բարեխղճորեն կազմված մանրամասն բացատրությունների։ Չի նկատում որեւէ խախտում եւ շարունակաբար կալանավորումն է կիրառում որպես խափանման միջոց, վերջում էլ մեղավոր է ճանաչում մեղսագրվող արարքում եւ դատապարտում 5 տարի ազատազրկման։ Եւս մեկ բարձրակարգ իրավաբան՝ առաջին ատյանի դատավոր, եւ կալանքի գործը քննած եւ մեկ դատավոր առաջին ատյանի դատարանում եւ մի քանիսը վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններում․
4․ այնուհետեւ այս կոպտագույն խախտումների ձնագնդի պես աճող կույտը մանրամասն ներկայացվում է վերաքննիչ քրեական դատարանին, որը նույնպես համարում է, որ որեւէ խախտում չի եղել եւ ուժի մեջ է թողնում 5 տարվա ազատազրկման դատավճիռը։ Եւս 3 բարձրակարգ իրավաբան՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր․
5․ այնուհետեւ նույն պատմությունը՝ վճռաբեկ դատարանում։ Նույնիսկ ավելին, վճռաբեկ դատարանը ոչ միայն չի նկատում մանրամասն վճռաբեկ բողոքներում շարադրված խախտումներից որեւէ մեկը, այլ նույնիսկ քննության չի ընդունում վճռաբեկ բողոքը։ Եւ վերջապես եւս 3 բարձրակարգ իրավաբան՝ դատավոր։
Քիչ լսած կլինեք, որ 2 իրավաբան նույն կարծիքն ունենան։ Բայց պատկերացրեցիք, թե ինչ միակամություն ու միաձայնություն այս ամենի հետեւում մոտ 20 իրավաբանի մոտ։ Հիմա պատկերացրեք, որ այսպիսի գործերը եղել են հարյուրավոր։ Հնարավոր է՞ այն։ Իհարկե այո, բայց միայն մի դեպքում, որ խախտումներն իրապես չլինեին, ինչն էլ փաստված լիներ հենց մեկ այլ՝ օբյեկտիվ միջազգային դիտորդի կողմից։ Ասենք օրինակ՝ ՄԻԵԴ կողմից։
Իսկ եթե՝ ոչ, այսինքն ՄԻԵԴ-ը վճռեց, որ խախտումներ են եղել եւ հիմնարար իրավունքների, որոնք էլ ազդել են գործի ելքի վրա, ի՞նչ է սա նշանակելու։
Իսկ սա նշանակելու է, որ վերը նշված ցանկում ներառված բոլոր պաշտոնյաների մոտ մի ինչ-որ անհասկանալի եւ միաժամանակյա մտավոր կուրություն է եղել, հետեւողականորեն չեն նկատել կամ չեն հասկացել բաներ, որոնք նկատել ու հասկանալը ոչ միայն իրենց մասնագիտական կարողությունների շրջանակում է եղել, այլ իրենք եղել լավագույները նրանցից, ով կարող էր նկատել այդ ամենը։
Ո՞րն է լինելու այս մարդկանց բացատրությունը։ Միայն մտավոր անկարողությու՞նը։ Բայց այդ ինչքա՞ն պետք է չհասկանալ կամ չնկատել, որ հասնել այս աստիճանի։ Ի վերջո սա անմեղսունակության մի այնպիսի աստիճան չէ, որ մարդն ասի չեմ հասկացել կամ չեմ գիտակցել եւ սա լինի հարցի գոնե մասնակի պատասխան։ Կներեք, եթե այս մարդկանց պաշտպանությունը լինելու է պաշտպանությունն անմեղսունակությամբ, ապա այս աստիճան անմեղսունակությունը ես կընդունեմ միայն համապատասխան եւ հիմնավոր բժշկական փաստաթղթերի առկայության դեպքում։ Այդ փաստաթղթերում պետք է հստակորեն նկարագրված լինի այն հիվանդությունը, որով տառապողի մտավոր ունակությունները կատարելապես նվազել են մինչեւ այն աստիճան, որ դա ինքը ինքնուրույն հասկանալ չի կարող։
Ես չեմ հավատում, որ բանը հասնելու է սրան։ Ես չեմ հավատում եմ, որ այս մարդիկ անմեղսունակներ են եղել։ Ես հավատում եմ տասնյակ հազարավոր ժամերի հեռախոսային գաղտնալսված եւ չգաղտնալսված խոսակցությունների այս դատավարությունների կոնտեքստում, ես հավատում եմ բազմաստիճան հայհոյանքներին եւ սպառնալիքներին այն իրավապահների եւ դատավորների հասցեին, որոնք կհամարձակվեին կուսակցական գծից շեղվել այս դատավարություններում, ես հավատում եմ, որ չհամաձայնողների նկատմամբ միջոցներ են ձեռնարկվել, ես հավատում եմ դատավորների եւ դատախազների անձնական տնտեսական շահերի նկատմամբ սպառնալիքների՝ նման կուսակցական գծից շեղվելու համար, մի խումբ կարիերիստ ստահակների կողմից անմեղ մարդկանց բանտերում տարիներով «փագելու» միջոցով իրենց փափագած պաշտոններին բերանքսիվայր հասնելու, ընկելու տարբերակին եւ այլն։ Մնացածն էլ դեռ կպատմվի եւ ի հայտ կգա։
Մոտ հարյուրը գերազանցող դատավորներ, դատախազներ, քննիչներ եւ կեղծ փաստաթղթեր կազմած բարձրաստիճան ոստիկաններ եւ գրպանի վկա եւ մատնագրեր ստորագրող ոստիկաններ իրենց կարիերան են կառուցել մարդկանց տարիներով բանտելու իրենց կամային որոշման դիմաց։
Մյուս կողմում եղել են մարդիկ, որոնք տարիներով բանտերում են անցկացրել բացարձակապես իրենց քաղաքական համոզմունքների եւ քաղաքացիական իրավունքների իրականացման համար։ Ես անձամբ եմ ճանաչում բազմաթիվ այսպիսի ընտանիքների, որոնք նյութական եւ հոգեկան աննկարագրելի զրկանքների միջով են անցել այդ տարիներին։ Ոմանց համար դա իրենց եւ իրենց ամուսինների եւ ծնողների առողջության կորուստ է եղել։ Իսկ որ ամենածանրն է՝ ոմանց համար նաեւ իրենց դեռահաս երեխաների առողջության անդառնալի խոցերի պատճառ է եղել։ Այս մարդկանց հրապարակավ ինչ մեղադրանքներ եւ վիրավորանքներ ասես չեն տվել, ամենաամուր կերպով փակվել են նրանց համար պետական կամ հանրային ծառայության բոլոր դռները։ Այս մասին այնքան է խոսվել, որ ինչ-որ պահից արդեն սովորական է դարձել եւ լսողների եւ իրենց համար։
Այս բոլոր գործերն իրենց եռուն ընթացքում դեռ 2008-2010 թվականներին, երբ բոլոր ոստիկանները, քննիչները, դատախազները, դատավորները, բարձրաստիճան պետական այլ պաշտոնյաները միաբերան պնդում էին իրենց անհեթեթ մեղադրանքները, միշտ մտածել եմ, թե ինչ է պարզելու մի ուսումնասիրող մեր ժամանակների մասին հետազոտություն կատարելիս այս ողջ մամուլն ու պաշտոնական փաստաթղթերն ուսումնասիրելիս։ Իհարկե համակարծիք կդառնային այդ նույն փաստաթղթերը հորինածներին, եթե չունենային այլ՝ օբյեկտիվ տեսակետ։
Մի օր ժամանակ կգտնեմ եւ կգրեմ, թե ինչպես էին այս գործերն արվում այդ տարներին, ում կողմից, ինչ գնով։ Փոքրաթիվ խումբ կոլեգաներիս հետ ընտրել էինք այս գործերն ամեն գնով ՄԻԵԴ հասցնելու ճանապարհը։ Բոլորը չկարողացանք, բայց որոնք մեզ հանդիպեցին՝ հաջողեցինք։
Ես ճշմարտության գործընթաց ասելով նախկինում չէի կարող ավելին պատկերացնել, քանի այս գործերը միջազգայնացնելը։ Այսինքն՝ արձանագրել ճշմարտությունը միջազգային դատարանի վճիռներով։ Բայց այսօր Հայաստանն ունի իրական հնարավորություն ապահովել իրողության վերհանումը, ուսումնասիրությունն ու արձանագրումը իր միջոցներով եւ իր ներսում։
Եթե այս վճիռները/որոշումները հրապարակվելու լինեին մի քանի տարի առաջ, ես դեռ տեղի ունեցածի ակնհայտ անարդարության հիշողությամբ արդար կհամարեի միայն այն լուծումը, որ միջնադարում տաճարականների դատավարությունների այս մերօրյա տարբերակի մասնակիցները խիստ պատիժների ենթարկվեն իրենց արարքների համար։ Բայց տարիներով այս խնդրի եւ «այլեւս երբեք»-ի, միաժամանակ նաեւ արդարադատության համակարգն առողջացնելու մասին մտորելով, ես հիմա կարծում եմ, որ երկու առաջնահերթ անելիք կա, որի վրա պետք է կենտրոնանալ․
1․ Իրավունքների խախտման զոհերի իրավունքների ամբողջական վերականգնում (արդարացում, փոխհատուցումներ բարոյական եւ նյութական վնասների եւ կատարած ծախսերի դիմաց), եւ
2․ Ճշմարտության արձանագրում եւ տարածում՝ ներգրավված (այսինքն՝ կոնկրետ դեպքերով եւ գործերով գործողությունների կամ անգործության հեղինակ) պաշտոնյաների անունների հրապարակայնացում եւ միասնական ռեգիստրի կազմել։
Այս գործերը քննած բոլոր դատավորներին պետք է առաջարկվի ներկայացնել իրենց դիրքորոշումը տեղի ունեցածի վերաբերյալ։ Հանրությունն իրավունք ունի լսել, թե ինչ են նրանք կարծում իրենց մեղքով եւ առանց որեւէ հիմքի մարդկանց տարիներով ազատազրկման դատապարտելու համար։ Իրավական գործընթացներ (կարգապահական վարույթներ, համապատասխան հիմքերի դեպքում՝ քրեական հետապնդում) պետք է հարուցվեն միայն նրանց նկատմամբ, ովքեր կհրաժարվեն հրապարակային պարզաբանումներ ներկայացնել իրենց թույլ տված դատական սխալների պատճառով մարդկային ճակատագրեր խեղելու մասին իրենց վարքի մասին։ Ով կընտրի պաշտոնից հրաժարականը, ինքնին դա կարող է եւ հատուցում համարվել իր կատարածի դիմաց։
Հանրությունը դրանից կշահի այն, որ դրա փոխարեն այս իշխանությունը պետք է համալրվի նոր, երիտասարդ դատավորներով, որոնցից յուրաքանչյուրը պետք է հիշի, թե ում տեղն է զբաղեցնում եւ ինչ պատճառով իր նախկինը գնաց։ ԻՍկ համակարգում մնացած եւ ազնվորեն կամ նման բեռի տակ չմտած դատավորները պետք է րանց հաշվին առաջխաղացում ունենան։ Դեռ երկար չեմ մտածել հետագա ողջ սխեմայի եւ քայլերի մասին, սակայն սա նվազագույնն է, որ պետք է արվի։
Վճիռները հրապարակվելուն պես դրանք կհրապարակեմ իմ մեկնաբանություններով եւ մեր՝ այս վճիռների կատարմանն ուղղված հետագա քայլերի նկարագրությամբ։
ՀԳ․ Անցումնային արդարադատությունը սկսվում է։ Սրանում պետք է, որ ամեաշահագրգռվածը լինեն դատական իշխանության այն անդամները, որոնք չունեն իրենց խղճի վրա ծանրացած նման գործերի բեռ։ Նրանք պետք է օժանդակեն այն տրամադրության ձեւավորմանը եւ համակարգի ներսում եւ դրանից դուրս, որ արդարադատության համակարգը չի կարող վերականգնել իր հեղինակությունն առանց գործուն եւ վճռական քայլերի հենց իր ներսից։ Չպետք է թողնել, որպեսզի փոփոխությունների անհրաժեշտության այս պայմաններում դրա լուծումը տրվի ոչ թե ներքին որոշումների, այլ արտաքին միջամտության դեպքում։ Եթե լուծումը ինքը համակարգը չի տալու, պետությունը չի կարող գերի մնալ իշխանության այս ճյուղի անկարողությանը։
ՀՀԳ․ 2018թ․-ի սեպտեմբերին դատական իշխանությանը միջամտելու վերաբերյալ աղմուկ-աղաղակ կապած կոնկրետ մեկ մեղադրյալի արտահաստիքային քարոզչական սատելիտներին ես դեռ շատ մանրամասն եւ ատյան առ ատյան բացատրելու եմ, թե ինչ է նշանակում միջամտել դատարանների աշխատանքին մինչեւ այդ դատարաններին ստրկացնելու աստիճան։ Դրանք ոչ թե օտար պետությունների հատուկ ծառայությունների առջեւ անհայտ պարտավորություններ ստանձնելու դիմաց ապօրինաբար գաղտնաձայնագրած նյութերի միջոցով եմ անելու, ինչպես իրենց պատվիրատուն, ոչ էլ Հայաստանյան սուղ տնտեսական շուկաներից տնտեսական մենաշնորհների միջոցով քամած միջոցները տարբեր արեւմտյան ՊՌ «գռդոնչիների» դեմը շաղ տալու կամ էլ պատերազմական վիճակում գտնվող Հայաստանի զենքի գլխավոր մատակարար պետության հետ հարաբերությունները վնասելու առավոտից երեկո ջանքերի գործադրմամբ, այլ շատ հրապարակային այսպիսի վճիռները հատ առ հատ մեկնաբանելով։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: