«Այսօր, առավոտյան ժամը 9:35-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության և ոստիկանության աշխատակիցների կողմից խուզարկություն Է իրականացվել «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում՝ ՀՔԾ և ԱԱԾ պետերի խոսակցության հայտնի գաղտնալսման առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում»,- տեղեկացնում է «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար Կարինե Եսայանը։ «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» պաշտոնական ֆեյսբուքյան էջում որևէ տեղեկություն չկա այս մասին։
Ըստ Եսայանի՝ միաժամանակ խուզարկություն է իրականացվել նաև հիշյալ նախաձեռնության ղեկավարներից մեկի՝ Հայկ Այվազյանի բնակարանում:
«Դատարանի որոշման մեջ, մասնավորապես, նշված է, որ հայտնի գաղտնալսումը հնարավոր է կատարվել է Հայկ Նահապետյանի և Հայկ Այվազյանի կողմից:
Խուզարկության ժամանակ փնտրում էին հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում իրականացնելու և դրանք ձայնագրելու տեխնիկական հնարավորություն ունեցող սարքեր, դրանց համալրող սարքավորումներ, էլեկտրոնային սարքավորումներ, հիշողության սարքեր և կրիչներ, համակարգիչներ և ծրագրային ապահովումներ, որոնցում կարող էին տեղեկություններ պահպանվել իրականացված գաղտնալսման և ձայնագրման մասին՝ որևէ կերպ ապօրինի միջամտելու միջոցով:
Առգրավվել են համակարգիչներ, հիշողության կրիչներ, անձնական բջջային հեռախոսներ»,- ասվում է «Հանուն քրիստոնեական ընտանիքի» նախաձեռնության ղեկավար Կարինե Եսայանի տարածած հաղորդագրությունում։
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: