2015թ. հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտի կուրսանտ՝ 19-ամյա Հայկազ Բարսեղյանի առանձնակի դաժանությամբ սպանության գործի քննության ժամանակ, այսօր դատարանում հետազոտվեց ամբաստանյալ Մովսես Ազարյանի հագուստները։
Դեռեւս նախորդ նիստին, պաշտպանական կողմը դատարանին միջնորդել էր նիստերի դահլիճ բերել այն հագուստները, որոնք եղել են իրենց պաշտպանյալների հագին՝ Ռազմական ոստիկանությունում հարցաքննության ժամանակ։ Մասնավորապես, ամբաստանյալները եւ փաստաբանները նշում էին, որ իրավապահ մարմինների կողմից ենթարկվել են բռնության եւ խոշտանգումների.
«Ես հարվածներ եմ ստացել դեմքիս և մարմնիս տարբեր հատվածներին, որոնք չեն արձանագրվել դատաբժշկի կողմից: Բացի դրանից, իմ դեմքից արյուն է հոսել և կեղտոտել հագուստս, չնայած, չեմ կարող ասել, արդյո՞ք այդ մասին արձանագրվել է փաստաթղթերում»,- իր ցուցմունքի ժամանակ հայտարարել էր ամբաստանյալ Մովսես Ազարյանը։
Դատարանի դահլիճ էր բերվել թվով 2 մեծ տոպրակ, որոնց պարունակությունը հետազոտվեց միայն համապատասխան ձեռնոցներով։ Տոպրակներից մեկից դուրս բերվեց զինվորական համազգեստ, որի ընթացքում հետազոտման սեղանին մոտեցան 4 մեղադրյալները եւ պաշտպանները։ Մովսես Ազարյանը նշեց, որ համազգեստի ծոցագրպանում համապատասխան գրություն պետք է լինի, որը կփաստի, որ այդ հագուստն իրեն է պատկանում. գրությունն առկա էր։ Հագուստի վրա որեւէ այլ հետք չհայտնաբերվեց։
Մյուս տոպրակի մեջ առկա հագուստի վրա բացակայում էր այդ նշանագիրը, ինչն էլ ամբաստանյալներին եւ պաշտպանական կողմին կասկածելի թվաց։ Մովսես Ազարյանի համար նշանակված հանրային պաշտպանը, խորհրդակցելով իր պաշտպանյալի հետ, հայտարարեց, որ այդ հագուստը չի պատկանում Ազարյանին։ Նա նշեց, որ չի կարող հագուստի վրա բացակայել որեւէ նշույլ, որը կփաստեր, թե ով է կրել այն։
«Այդ շապիկի վրա բացակայում էր զինգրքույկի համարը, բացի դրանից, մի կարեւոր հանգամանք եւս. դատարան բերված 2 համազգեստների վրա դրոշմված արյան խմբերը տարբեր են։ Մեկի վրա գրված է 4-րդ խումբ, մյուսի վրա՝ 2-րդ։ Ակնհայտ է, որ հագուստները պատկանում են երկու տարբեր մարդկանց։ Որեւէ հիմք չկա, որը կապացուցի, որ հագուստը Մովսեսին է պատկանում»,- փաստեց պաշտպան Նադիրյանը։
Տուժող կողմի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Թորոսյանն էլ իր հերթին դատարանին հիշեցրեց, որ Ազարյանը ցուցմունքի ժամանակ ասել էր, որ Ռազմական ոստիկանությունում փոխել է հագուստը, ուստի հնարավոր է հագնել արյան այլ խումբ ունեցող ուրիշ ծառայակցի հագուստ։
Լսելով կողմերի դիրքորոշումները, դատարանը որոշեց ենթադրյալ բռնությումների եւ խոշտանգումների մասին հաղորդում ուղարկել Գլխավոր դատախազությունը, որն էլ իր հերթին կքննի ամբաստանյալների կողմից բարձրացված հարցը։
Պաշտպան Արմեն Նադիրյանը դատարանին միջնորդեց դատարան հրավիրել այն երկու փորձագետներին, որոնք արձանագրել են, որ ամբաստանյալների մոտ առկա է թեթեւ հարբածության աստիճան։ Նա նշեց, որ անհասկանալի է, թե ինչպես կարող է արյան անալիզի մեջ ալկոհոլ չհայտնաբերվել, այնինչ մեզի հետազոտությունն արձանագրել է ոգելից խմիչքի օգտագործում։ Միջնորդության ժամանակ ոտքի կանգնեց Գնել Թեւոսյանը եւ հայտարարեց, որ ինքն ալկոհոլ չի օգտագործել.
«Էդ օրն ու դրան նախորդող 20 օրվա ընթացքում ես ալկոհոլ չեմ օգտագործել։ Ո՞նց ա լինում, որ անալիզը թեթեւ հարբածություն ա ցույց տալիս»,- վրդովված ասաց ամբաստանյալը։
Հայտարարությանը միացավ նաեւ Նորիկ Սահակյանի պաշտպանը։ Նա անգամ հավելեց, որ իր պաշտպանյալն այդ օրը պարապել է եւ չի միացել Վաչեի ծննդյան խնջույքին։ Մովսես Ազարյանն էլ իր հերթին նշեց, որ օգտագործել է ընդամենը կես բաժակ ալկոհոլ, այնինչ արձանագրության մեջ նշված է հարբածության թեթեւ աստիճան։
Մեղադրանքի կողմն առարկեց միջնորդությանը։ Դատախազ Հարությունյանը շեշտեց, որ էական չէ, թե ալկոհոլի ինչ չափաբաժին է օգտագործել նրանցից յուրաքանչյուրը, քանի որ օրգանիզմից է կախված՝ արյա՞ն մեջ ցույց կտա ալկոհոլը, թե՞ մեզի։
Դատարանը որոշեց բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը եւ հաջորդ նիստին փորձագետներին հրավիրել հարցաքննության։ Բացի վերոնշյալից, դատարանը որոշեց գործով անցնող մյուս 3 ամբաստանյալների հագուստները եւս բերել նիստերի դահլիճ եւ տեղում հետազոտել։
Քրեական գործի քննությանը հետաձգվեց մինչեւ ամսի 24-ը։
Հավելենք, որ 4 ամբաստանյալներից և ոչ ոք չէր ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, նշելով, որ այս ամենն իրենց «գլխին սարքել են»: Նրանցից Նորիկ Սահակյանն էլ հրաժարվել էր դատարանում ցուցմունք տալ:
Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 29-ի առավոտյան, Վազգեն Սարգսյան ռազմական ինստիտուտի բակում՝ պտտաձողի վրա կախված վիճակում հայտնաբերվել է 19-ամյա Հայկազ Բարսեղյանի դին: Ըստ մեղադրանքի, նրան դաժանորեն սպանել են նույն ինստիտուտի 4 երիտասարդները, ապա կտրել երակները, ինչից հետո ինքնասպանության տպավորություն ստեղծելու միտումով, կախել շարահրապարակի պտտաձողից:
Ռոզա Վարդանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: