Գրիգոր Նարեկացու ոճով և նարեկյան հոգու փորձառությամբ է ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը գրել «Աղոթարանը»: Մի քանի տասնյակ աղոթքների հավաքածուն օրերս հանձնվեց ընթերցողի դատին: Գրքի շնորհանդեսը տեղի ունեցավ շաբաթ երեկոյան` Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում: Դահլիճը լեփ-լեցուն էր:
Ներկա էր ինչպես Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, այնպես էլ հասարակական-քաղաքական տասնյակ գործիչներ:Դրոյի գործով դատապարտված Արմենակ Մնջոյանը ճաղերի հետևում է արդեն 24 տարի: Իր «Աղոթարան» գրքի շնորհանդեսին ներկա չէր, այդուհանդերձ, ներկաներն ունկնդրեցին նրա ձայնով հնչող աղոթքները.
«Մենք հավաքվել ենք նշելու աներևակայելի դժվար պայմաններում մաքառող, ազատատենչ մարդու ոգու հաղթանակը` ընդդեմ խավարի և բռնակալության»,- խոսքն այսպես սկսեց նարեկագետ Աշոտ Պետրոսյանը, որը Մնջոյանի մտերիմներից է:
Բեմ են բարձրանում ցմահականի կինը և դուստրը: Տիկին Լյուդմիլան հուզմունքից կարկամում է: Մորը հանգստացնում ու հոր գրքի շնորհանդեսին եկածների առաջ խոսում է Լաուրան.«Հուսով եմ` արդարությունը շուտով կվերականգնվի: Մեծ ուժով սպասում ենք մեր պապաներին, բոլոր էն անմեղ մարդկանց, ովքեր էս տարիների ընթացքում ազատազրկված են` չորս պատերի մեջ»:Ժամանակն է, որ Արմենակ Մնջոյանը, Արսեն Արծրունին և նրանց անմեղ ընկերները դուրս գան իրենց ճգնարաններից և ֆիզիկապես ազատ լինեն: Ասում է նարեկագետ Աշոտ Պետրոսյանը, ով բարձր է գնահատում «Աղոթարանի» արժեքը.
«Մնջոյանի աղոթքներն աստվածաբանական իմաստով անթերի են: Ամեն բան իր տեղն է, դավանաբանական որևէ շեղում չկա, որովհետև կառուցված է ամուր հիմքի վրա: Ունենալով Սուրբ Գրիգորի բարերար ազդեցությունը` այդ աղոթք-երգերը միանգամայն ինքնատիպ են, զուտ արմենակյան են, անձնական են և բխում են մեր ազգի անհատականությունից»: Աշոտ Պետրոսյանի խոսքով` Արմենակ Մնջոյանը կարճ ժամանակաընթացքում հասել է քրիստոնեության գագաթներին.
«Բանտում մկրտվելուց կարճ ժամանակ անց նա մեզ է ներկայանում իբրև իր ինքնությունը քերթողական արվեստում հաստատած, Քրիստոսի և ազգի զավակ»: Գրել Գրիգոր Նարեկացու պես, կամ դրան մոտ, չի հաջողվել հարյուրավորներին` ոչ թե տաղանդի բացակայության, այլ` հոգևոր փորձառության պակասի պատճառով. «Արմենակ Մնջոյանը հաջողել է, որովհետև ունի համապատասխան փորձառություն»,- նարեկագետի գնահատականն է: Մնջոյանը բանաստեղծ է, նա բանաստեղծ է եղել միշտ: Դա իմացել են նրանք, ովքեր տեսել են նրա զարմանալի բարի աչքերը:
«Աղոթարան» գրքի ծնունդը օծում է Գրիգոր քահանա Հովհաննիսյանը: Գիրքը միջնադարյան արվեստի ոճն է կրում` զարդարված է դասական մանրանկարչության ձևերով: «Աղոթարանի» դեմքը զարդարում է Աստվածամոր և մանկան պատկերը` զույգ հրեշտակների հետ միասին: Մնջոյանն իր գիրքը նվիրել է Հաց բերող Արթուր Սարգսյանին: Նարեկագետը շեշտում է` այսպիսի գիրքը պահանջում է միանգամից մի քանի մասնագետի համատեղ աշխատանք, բայց ամբողջ աշխատանքը կատարել է ինքը:
Արմենակ Մնջոյանը ծնվել է 1964 թվականի ապրիլի 1-ին: Ունի 1 դուստր, առաջնեկ որդին մահացել է 1999 թվականին: Նա անկախ Հայաստանի առաջին դատապարտյալներից է, ում քաղաքական բանտարկյալ են կոչում: Արցախյան պատերազմի զինադադարից անմիջապես հետո Մնջոյանը հետապնդվել է ՀՀՇ-ական իշխանության կողմից: 1995 թվականին Դրոյի գործով ձերբակալվել է և 1996 թվականին դատապարտվել է մահապատժի: 2003 թվականի օգոստոսի 1-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով մահապատիժը փոխարինվել է ցմահ բանտարկությամբ:
Այս տարիներին Մնջոյանը կորցրել է երեխային, ծնողներին և ոչ մի արարողության ներկա չի եղել:Կինը` Լյուդմիլա Մնջոյանը մեզ մանրամասներ է պատմում ամուսնու կյանքից` մինչ ձերբակալությունը: Պատերազմից վերադառնալուց հետո Մնջոյանի կյանքը խաղաղ չի եղել: 1994 թվականին նրա նկատմամբ 6-7 մահափորձ է իրականացվել` կրակոցներ մեքենայի վրա և ձեռքին: Մի անգամ Դաշնակցությունը ժողով է հրավիրում և կուսակցական Մնջոյանին հորդրորում հեռանալ Հայաստանից, որպեսզի որոշ ժամանակ իշխանությունը մոռանար նրան.
«Մնջոյանը հայրենասեր էր` հայրենական ոգոց ծնված ու մեծացած: Քաղաքականապես ակտիվ էր շատ: Ինքը Օդեսա քաղաք գնաց, բայց նրան ձերբակալեցին ու Լևոն Տեր-Պետրոսյանի անձնական ինքնաթիռով նրան բերեցինք Հայաստան»,- պատմում է Լյուդմիլա Մնջոյանը:
Դա 1995 թվականն էր: Դատավարությունը տևեց 1 տարի 7 ամիս: Իրեն քաղբանտարկյալ հայտարարած Արմենակ Մնջոյանը նախորդ տարիներին դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով, սակայն մերժվել է: Թավշյա հեղափոխությունից հետո խոսակցություններ են շրջանառվում, որ նա ու էլի մի քանի ցմահ դատապարտյալներ վաղաժամկետ ազատ են արձակվելու: Կինը չի հաստատում տեղեկությունը, քանի որ պաշտոնական այդպիսի տեղեկություն չունեն:
2014 թվականին ՀՀ երեք նախագահներին ուղղված նամակում Մնջոյանը խոսում է, թե ինչպիսի վնաս են հասցնում անկատար օրենքները.«Օրենքները պիտի բխեն խղճից և ոգուց, որոնք ունակ պիտի լինեն նոր ուժ ու լիցքեր հաղորդելու տկարացած ժողովրդի վերաշինման, նրա ոգու ուժեղացման ու ազգային ինքնության գիտակցումին: Եվ քանի դեռ մենք չենք գիտակցելու արդարության, ճշմարտության, արժանապատվության ու ազատության մեր միակ ու անփոխարինելի տիրոջ իրավունքին տեր լինելու հրամայականը, շարունակաբար տառապելու ենք անարդարության արնաշաղախ ճիրաններում, ստրկացվելու ենք սեփական ազգի տականքի կողմից, հալածվելու ենք ստի, կեղծիքի ու բանսարկուի զազրելի հետապնդումներից և ոչնչանալու ենք ճորտի ու ստրուկի անփառունակ նահատակությամբ»:
Ստորև ներկայացնում ենք Արմենակ Մնջոյանի ձեռքով գրված և «Աղոթարան» գրքում իր տեղը գտած աղոթքներից մեկը.
Տե՛ր Աստված, կենդանի՛ անուն,
Հարամնաց սեր, կենսատու պտուղ,
Մշտակիր, հավերժ,
Անգոյությանը գոյություն տվող,
Աներկբայելի ու խոստովանալույս,
Շնորհաց պարգևիչ հավասարապես,
Փոքրիս աղերսը հագեցնող ակունք,
Մեծիդ փրկչությամբ խորապես ազդող,
Աստվա՛ծ իմ, Հիսո՛ւս, որդի՛ Աստծո,
Ծարավդ եմ ես քո` ցեղից Նարեկա:
Աղաչում եմ քեզ, բազումօղորմ տեր,
Վա՛սն նվազող Նարեկյան ազգիս,
Քեզ եմ աղերսում ծնրադրորեն,
Սուրն եկեղեցուդ հովանու ներքո, ինչպես պարթևի երկնաբաղձ բազուկ,
Ձգտում եմ հասնել ոտքերիդ Աստծո,
Հայկ Նահապետիս ազգ դավանանքով,
Եվ Սուրբ Վարդանի ուխտով Մամիկոնեից,
Աղաչում եմ քեզ, Աստվա՛ծ իմ, և Տեր,
Ողորմիր բազմամեղ ազգս հնավեր,
Տե՛ր Աստված, փրկի՛ր ազգս հայկական և հավաքիր մեզ իմի հայրենիք,
Ամրոց վանքերիս անես արժան, սրբարաններին մեր նվիրական:
Գերյալ գերեզմաններին նաև, և նախնաց հերոս լույս շիրիմներին,
Աստվա՛ծ իմ, Տե՛ր, բարի, անճառելի,
Մշտագոհ, հավերժ, անկորուստ բնույթ, երկնավոր, հզոր, սրբոցն սիրելի,
Միշտ հիշիր ազգիս մեղքերը չարանյութ,
Եվ ողորմիր դու, գթառատ փրկիչ,
Հանուն քո անվան, էություն, սրբազուն:
Ռոբերտ Անանյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: