Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներդրողներ է հրավիրում դրսից՝ նոր Հայաստանում բիզնես ծավալելու համար, հայաստանցի գործարարների մի մասը դեռ տառապում է նախկին իշխանության իրականացրած «հարկային տեռորից» ու լուծում չի գտնում անգամ նոր Հայաստանի հարկային մարմնի պարագայում:
Forrights.am-ի խմբագրություն դիմած կին անհատ ձեռներեց Գոհար Վլասյանը ՊԵԿ-ի գործողությունների արդյունքում արդեն 2 տարի չի կարողանում զբաղվել իր բիզնեսով. այն է՝ գյուղմթերքի արտահանմամբ, քանի որ 2 տարի առաջ հարկային մարմնի միջնորդությամբ նախ սնանկ է ճանաչվել 10 մլն դրամ հարկային պարտավորությունը ժամանակին չկատարելու համար: Իսկ հետո նույն ՊԵԿ քննչական մարմինը կնոջն է մեղադրել կեղծ սնանկության գնալու համար ու քրգործ հարուցել նրա դեմ՝ բռնագրավելով Վասիլյանի հորը պատկանող ընկերության բեռնատար մեքենաները՝ 15 տոննա բեռով:
Դրանք արդեն երկու տարի տուգանային տերմինալում են, մաշվել ու փչացել են, բայց գործարարը ոչ մի ճանապարհով չի կարողանում բեռնատարները հետ ստանալ ու վերադարձնել տիրոջը: Նա չի հասկանում, թե ինչու չնայած որ Հայաստանում հեղափոխություն է եղել, ՊԵԿ-ում իր գործով ոչ մի փոփոխություն չկա: Քանի որ ինքը Հայաստանից միրգ արտահանելով՝ ալյուր ու կոմբիկեր է ներմուծել, չի բացառում, որ հնարավոր է իրեն «շարքից հանելու» գործողություն է եղել:
«Արդեն երկրորդ տարին է՝ ոչ նորմալ քննություն են անում, ոչ ինձ կանչում են: Չեմ հասկանում, սրա վերջը ինչ է լինելու: Մինչև հիմա ՊԵԿ-ը քննում է գործը, ոչ մի որոշում չկա, իսկ իմ բիզնեսը կաթվածահար է, ու հսկայական վնասներ կրում եմ ոչ միայն ես, այլև հայրս ու մյուս մեքենայի տերը: Ես չեմ հրաժարվում իմ պարտքից, իմ հարկային պարտավորության 7 մլն-ն վճարել եմ, մնացել է 3,5-ը, սակայն չեմ կարողանում աշխատել, որ դա էլ տամ»,-դժգոհեց կին գործարարը:
Նա տարակուսած է, որ ՊԵԿ-ն այդքան երկար որոշում չունի:
«Ես հանցագործություն չեմ կատարել, գյուղացիներին եմ օգնել՝ իրացնել իրենց բերքը: 2008 թվականից զբաղվել եմ մրգի արտահանմամբ: 2015-ին հարկային ստուգման արդյունքում 5 մլն դրամի ակտ են գրել, քանի որ գյուղացիներից կանխիկ եմ միրգը գնել, ոչ փոխանցումով, տարեկան հաշվետվություններիս հետ միասին թիվը դարձել է 10 մլն»,-պատմեց գործարարը՝ շարունակելով.
«ՊԵԿ-ը 15 օրվա ընթացքում դիմել է դատարան, որ ինձ սնանկ ճանաչեն, ես չեմ դիմել: Երկու տարի անց ինձ կանչել են պետեկամուտների քննչական վարչություն՝ մեղադրելով կանխամտածված սնանկության մեջ, քրգործ են հարուցել, այդ գործի շրջանակում կալանել են բեռնափոխադրումներով զբաղվող «Գոհլիլ» հորս ընկերության երկու բեռնատար մեքենաները»:
ՊԵԿ քննչական վարչության ՀԿԳ քննիչ Տ. Հարությունյանը 20.09.2016թ.ին որոշում է կայացրել կալանք դնել բեռնատար երկու մեքենաների և 14 հազար 680 կգ ընդհանուր քաշով բեռի վրա, որից 154 պարկը՝յուրաքնաչյուրը մոտ 50 կգ քաշով` ալյուր, իսկ 260 պարկը՝ յուրաքանչյուրը մոտ 27 կգ քաշով՝ կոմբայնացված կեր, որոնք ի պահ են հանձնվել մյուս պատասխանող «Ալիանս– Տերմինալ» ՍՊԸ-ին:
«Այդ երկու բեռնատարները սահմանից բերել են մաքսային տերմինալ, քանի որ քննիչը «նախաքննությամբ պարզել է», որ այդ բեռը իմն է և մեքենաները ինձ են պատկանում, մինչդեռ դրանք տեր ունեն: Այդ մեքենաները իմը չեն, մեկը հորս ընկերության մեքենան է, մյուսը վարձակալած մեքենա է»,-տարակուսում է Վլասյանը՝ հավելելով, որ արդեն 2 տարի էդ մեքենաները տերմինալում փչանում են արևի ու ձյան տակ, իսկ մի քանի տոննա ապրանքն էլ վաղուց նեխել ու փտել է.
«Մեքենայի դռները բացում ենք, ինչ տեսակ որդ ու բլոճ ասես կա մեքենաների մեջ, ընդ որում դրանք սառնարան մեքենաներ են»:
Ի դեպ, ՊԵԿ-ի գործողությունների արդյունքում իսկապես սնանկացած գործարարին այժմ ստիպում են նաև 6 մլն դրամ մուծել տերմինալին, ուր կայանված են մեքենաները. «Բայց չէ որ ես չեմ տարել էնտեղ այդ մեքնենաները և դրանք ապօրինի են էդտեղ կայանված»,-տարակուսում է նա:
Այսօր արդեն կին գործարարը խնդիր ունի նաև մեքենաների տերերի հետ, քանի որ եթե մեկը իր հոր ՍՊԸ-ի մեքնենան է, մյուսը վարձակալած մեքնենա է. ստացվում է, որ իր դեմ հարուցված քրգործի պատճառով նրանք էլ են վնասներ կրում: Գոհար Վլասյանը դիմել է դատարան՝ ապօրինի պահվող մեքենաները սեփականատերերին վերադարձնելու պահանջով, սակայն ապրիլին Կենտրոն Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է հայցը: Գործն այս պահին Վերաքննիչում է, որը այն կքննի միայն հոկտեմբերին:
«Հիմա ես խնդրում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին միջամտել, որ գործին ընթացք տան, էդ մարդկանց մեքենաները վերադարձվեն տերերին: Ես չեմ կարողանում իրենց պատասխան տալ»,-իր խնդրանքը փոխանցեց կին գործարարը՝ հավելելով.
«Արդեն այնքան ենք հիասթափված էս ամեն ինչից, որ էլ չենք էլ ուզում ոչ մի բան անենք: Մի քանի շաբաթ առաջ նամակ ենք գրել դատախազություն, ոչ մի պատասխան չի եղել: Ես չեմ հասկանում՝ իրանք էդքան ինչն են քննում, որ կարան մարդկանց էդքան վնաս տան: Ես կարող էի այս ընթացքում աշխատել, հարկերս էլ մուծել»:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը մեր հետ զրույցում ասաց, որ իրենք պատրաստ են այս գործով զբաղվել և օգնել գործարարին: «Նման դեպքեր շատ են եղել երբ հարկային մարմինը շահերի բախումից ելնելով տարել է սնանկացման»,-ասաց Մակարյանը՝ հավելելով, որ երբեմն դա արվում է մրցակցությունից դուրս մղելու համար:
Սակայն այսօր, ըստ Մակարյանի, ՊԵԿ գործունեությունը էական փոխվել է, գործարարների հետապնդման քայլեր չկան, փորձում են որքան կարելի է ճիշտ վերաբերվել գործարարին, կիրառել հակակոռուպցիոն ռազմավարությունը: «Իհարկե էնտեղ դեռ մարդիկ կան, որ պետք է էականորեն բարելավեն իրենց աշխատանքը կամ դեռ իրենց տեղում չեն, բայց հիմնականում տեսուչների և ղեկավարության մակարդակով մաքսիմալ ձգտում են ուշադիր լինել և մաքսիմալ մեկը մեկին վերահսկում են, որ կոռուպցիոն երևույթներ չլինեն»,-եզրափակեց Մակարյանը:
Հ.Գ. ՊԵԿ-ից խոստացան այս խնդրի առթիվ պարզաբանում տալ առաջիկա օրերին:
Մարինե Խառատյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: