Լրագրող Տիրայր Մուրադյանի գործով մեղադրվող ոստիկանն իրեն մեղավոր չի ճանաչում

2973

Այսօր, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում տեղի ունեցավ գործով տուժող ճանաչված, լրագրող Տիրայր Մուրդայանի գործով առաջին դատական նիստը: Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության բաժնի պետ Արսեն Արզումանյանին:

Վերջինս հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է Երևան-Սևան ավտոճանապարհի «Առինջ Մոլլ» տոնավաճառ տանող խաչմերուկում քաղաքացիների կողմից իրականացված հավաքի ընթացքը լուսաբանող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ, լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական օրինական գործունեությանը: ՀՔԾ-ն իր հաղորդագրությունում մանրամասնել է.

«Հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Արզումանյանի գլխավորությամբ: Լրագրող Տիրայր Մուրադյանը, զանգվածային լրատվության միջոցների մյուս ներկայացուցիչների հետ, լրագրողական վկայականով (որը տեսանելի է եղել), իր բջջային հեռախոսով ուղիղ հեռարձակմամբ լուսաբանել է քաղաքացիների և ոստիկանության ծառայողների գործողությունների ընթացքը:

Այդ ժամանակ Արսեն Արզումանյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, լրագրողի օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դիտավորությամբ մոտեցել է Տ. Մուրադյանին և փորձել վերցնել վերջինիս բջջային հեռախոսը, այնուհետև իր աշխատակիցներին հրահանգել է Տ. Մուրադյանին հեռացնել նշված հատվածից:

Հանդիպելով Տ. Մուրադյանի արդարացի և իրավաչափ ընդվզմանը և անտեսելով լրագրող լինելու մասին վերջինիս հավաստիացումները, ինչպես նաև այն, որ լրագրողն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ոստիկանների ծառայությանը խոչընդոտող վարքագիծ չի դրսևորել, այդուհանդերձ, Ա. Արզումանյանը մյուս ծառայողների հետ ֆիզիկական ուժ և բռնություն գործադրելով` Տ. Մուրադյանին նստեցրել են «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան և հեռացրել մասնագիտական գործունեության իրականացման վայրից»:

Նշենք, որ ՔՕ 164-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Դատարանում Տիրայր Մուրադյանի շահերը պաշտպանում է փաստաբան Գրիշա Բալասանյանը, իսկ Արսեն Արզումանյանի շահերը՝ փաստաբան Լուսինե Սահակյանը: Դատավոր Հովհաննես Ավագյանի այն հարցին, թե ամբաստանյալ Արսեն Արզումանյանն իրեն մեղավոր ճանաչո՞ւմ է, վերջինս պատասխանեց, որ իրեն մեղավոր չի ճանաչում: Անցնելով ապացույցների հետազոտման կարգին՝ որոշվեց սկզբում հետազոտել գործում առկա ապացույցները: Այնուհետև դատարանում ուսումնասիրվեցին գրավոր ապացույցները, սակայն գործին կցված սկավառակը, որում առկա է միջադեպի վերաբերյալ տեսանյութը տեխնիկական պատճառներով հնարավոր չեղավ ուսումնասիրել և այդ պատճառով դատական նիստը հետաձգվեց:

Հաջորդ նիստը կկայանա այս տարվա հոկտեմբերի 1-ին:

Լիլիթ Թադևոսյան