Մարտի մեկի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանն այս օրերին արագ դիրքավորվում է լրատվական դաշտում: Նրան ավանդապես ծառայող ԶԼՄ-ները, որոնք միջնորդավորում են նրա շփումը հանրության հետ, մասնավորապես «Երկիր Մեդիա» հեռուստատեսությունը, բավական չեն:

Օրերս հայտնի դարձավ, որ Քոչարյանը գնել է news.am գործկալությունը և ՀՀԿ-ին պատկանող «Արարատ» հեռուստատեսությունը: Վերջինս բանկին մեծ պարտք ուներ, ըստ lurer.com կայքի, 1,5 մլն դոլարի չափով, որը Քոչարյանը մարելու է, մոտ այդքան էլ վճարելով առձեռն։ Ակամայից հիշում ենք Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը «Երկիր Մեդիային», որում, ի պատասխան իրեն պատկանող միլիոնների վերաբերյալ հարցի, նա ասաց, որ միլիոնները չունի։ Այսպիսով, ՀՀԿ-ն չի ցանկանում այլևս ավելորդ ծախսեր կատարել, և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին սպասարկող մամուլն այժմ փոխանցիկ դրոշի պես անցնում է նոր տիրոջը՝ մարտի մեկի գործով մեղադրյալին:

Չի բացառվում, որ այս փուլում երկրորդն ու երրորդը մեկտեղեն իրենց քարոզչական ջանքերը ընդդեմ հեղափոխության։ Նոր իշխանությունը չի խոչընդոտում իրեն քաղհալածյալ համարող գործչի լրատվական արշավանքներին, ստոր քայլեր չի ձեռնարկում, լիցենզիան խլելու հարց չի դնում, խմբագրություններ ու լրագրողների մեքենաներ չի պայթեցնում: Չկա կասկած, որ հեռուստաալիքը պաշտպանված է լինելու, ժողովրդավարական երկրի սկզբունքներին համապատասխան, անկախ ցեխի ծավալից, որը կնետի նոր իշխանության ուղղությամբ։

Քոչարյանի ռեժիմի պայքարը ընդդիմադիր մամուլի դեմ

Մինչդեռ, մենք այլ ժամանակներ ենք տեսել, քոչարյանական՝ լրագրողների հետ բիրտ հաշվեհարդարների, լրատվամիջոցներ փակելու, ընդդիմադիր գործիչներին մամուլից մեկուսացնելու ամոթալի տարիներ։ 1999 թ. հունիսին հարկային պարտավորությունները չկատարելու պատրվակով դադարեցվեց Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Օրագիր» օրաթերթի տպագրությունը: Փաշինյանին 1 տարվա պայմանական ազատազրկման դատապարտեցին: Ոչ ոք չէր կասկածում, որ ընդդիմադիր թերթի նկատմամբ հետապնդումը իրականացվում է իշխանության կողմից: Մեկ ամիս անց թերթը կրկին սկսեց հրապարակվել, արդեն որպես «Հայկական ժամանակ»:

2004 թվականի նոյեմբերին Քոչարյանի աճեծրած օլիգարխներից մեկի մարդիկ բենզինով լիքը շիշ դրեցին «Հայկական ժամանակ» թերթի խմբագրության ավտոմեքենայի տակ, որը Նիկոլն էր քշում սովորաբար, ու պայթեցրեցին այն: Պատճառը, ըստ մամուլի հրապարակումների, Ծառուկյանի դեմ հոդվածն էր: Այն ժամանակ մեծ աղմուկ եղավ: Խոսակցություններ տարածվեցին, որ հանցագործները լավ «մուծվել» են թերթին: Նիկոլ Փաշինյանը իրավապահներին չդիմեց: Պայթուցիկը այն տարիներին ահաբեկչության ընդունված միջոց էր:

2007 թվականին պայթեցրել են նաև «Չորրոդ Իշխանություն» թերթի խմբագրությունը, իշխանությանը ծաղրող և քննադատող հրապարակումների համար: «Չորրորդ իշխանությունը» այն ժամանակվա ամենակծու թերթերից էր: Այն հաճախ էր հարձակումների թիրախում հայտնվում: Մի քանի անգամ անհայտ անձինք փորձել են ներխուժել ՉԻ խմբագրություն, ծեծվել են ՉԻ լրագրողներ Գագիկ Շամշյանը, Մհեր Ղալեչյանը: Լրագրողների, վերլուծաբանների նկատմամբ բռնությունը, մահափորձերը այն տարիներին ընդունված մեթոդ էին:

Տուժողների անունները շատ են՝ Էդիկ Բաղդասարյանը, Գայանե Մուքոյանը, Ավետիս Բաբաջանյանը, Հովհաննես Գալաջյանը, Հայկ Գևորգյանը ծեծի են ենթարկվել: Մարկ Գրիգորյանի ոտքերի տակ 2002 թվականի հոկտեմբերի 22-ին պայթուցիկ էին նետել: Այս դեպքը կապում էին Հոկտեմբեր 27-ի տարելիցին նվիրված հոդվածի հետ, որը պատրաստում էր Մարկը: 1999 թվականի մարտի 9-ին ավտովթարի հետևանքով մահացավ հրապարակախոս, վերլուծաբան, համարձակ քաղաքական հոդվածների հեղինակ Տիգրան Հայրապետյանը: Քրեական գործ հարուցվեց: Նրան վրաերթի ենթարկած վարորդը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման բայց արագ հայտնվեց ազատության մեջ:

Մինչ օրս շատերը Հայրապետյանի շրջապատից համարում են, որ նրա մահը պատահական չէր, որ նրան սպանել են: Մահից օրեր առաջ Հայրապետյանը հայտարարել էր իր ընկերներին, որ ուզում է հանդիպել Վազգեն Սարգսյանին, որ կարևոր բան ունի նրան ասելու: Լրագրողի նկատմամբ որսի, հետապնդման դասական օրինակ է «ժամանակ Երևան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանի ձերբակալությունը և դատապարտումը բանակից խուսափելու մեղադրանքով: Նա 3,5 տարի կալանավայրում անցկացրեց: “Amnesty International” կազմակերպությունն ու ԱՄՆ պետդեպը Արման Բաբաջանյանին քաղբանտարկյալ ճանաչեցին:

«Քաղհալածյալը» հեռուստատեսություններ էր փակում

Մարտի մեկի գործով մեղադրյալն այսօր կցանկանար մոռանալ, թե ինչպես էր ոչնչացնում այլընտրանքային խոսքը եթերում: «Նոյյան տապանն» ու «Ա1+»-ը: Դրանք փակվեցին 2002 թվականին: Դրանից հետո դժվար էր պատկերացնել, որ ընդդիմադիր գործիչները կարող են հայտնվել կադրում, խոսել, իշխանությանը քննադատել, նախագահին թթու խոսք ասել, որ առհասարակ որևէ մեկին, բացի քոչարյանական «կռուգից», հեռուստատեսություն ունենալու հնարավորություն տրվի :

Ապրիլի 2-ին մետրային հաճախությունից զրկվեց «Ա1+» հեռուստաընկերությունը, որը եթերում էր 5 տարի։ «Հայաստանի հեռուստատեսային ցանց» ՊՓԲԸ-ի ներկայացուցիչը մտել էր այն տարածք, որտեղ գտնվում էր «Ա1+» -ի հաղորդակը և անջատել էր այն։ Նույն օրը, եթերազրկումից մի քանի ժամ առաջ, Քոչարյանը մեկնում էր Դուշանբե, և օդանավակայանում, պատասխանելով «Ա1+» -ի թղթակցին, ասել էր.․ «Դուք լավ հեռուստաընկերություն էիք»: Որոշումն ընդունվել էր Բաղրամյան -26-ում, և այդ որոշման մասին մինչև «Ա1+»-ի եթերազրկումը աղաղակում էր մամուլը։ Երկու տարի անց Հայաստանում նախագահական ընտրություններ էին լինելու, և Մարտի մեկի գործով մեղադրյալը երկրորդ անգամ առաջադրվելու էր որպես թեկնածու:

Ընդդիմադիր հեռուստաալիքը, պաշտոնական կարծիքի այլընտրանքը մահացու վտանգ էր ներկայացնում նրա քաղաքական ապագայի համար: Մյուս բոլոր հեռուստաընկերությունները, որոնք մետրային հաճախականություն ունեին, նախագահականի ուղիղ վերահսկողության տակ էին։ Բոլոր լրատվականներում նախագահականը իր դրածոներն ուներ։ Դրանք, սովորաբար, լրատվական ծրագրերի ղեկավարներն էին։ Ոչ մի նյութ առանց նախագահականի «դաբրոյի» չէր կարող եթեր գնալ՝ ավանդույթ, որը հիմնել էր Ռոբերտ Քոչարյանը և որը չխախտվեց ընդհուպ մինչև 2018 թվականի ապրիլի 23-ը, երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ՀՀ նախագահի պաշտոնից։

Միակ բացառությունը թիվ 37 մայրաքաղաքային նշանակության հաճախականությունն էր, որը զբաղեցնում էր «Ա1+»-ը։ Սա անվերահսկելի բաց պատուհան էր, որից երևում էր հայաստանյան իրականությունն իր ողջ թշվառությամբ, և այն պետք է փակվեր ու փակվեց, իսկ թիվ 37 հաճախականությունը տրվեց «Շարմ» ընկերությանը, Ռուբեն Ջաղինյանին, որը ներկայումս հանրային հեռուստառադիոխորհրդի նախագահն է։ Ռուբեն Ջաղինյանի օրերը, նոր իշխանության գալով, հաշվված էին, սակայն նա, կապեր ու ծանոթներ գտնելով նոր վարչակազմում, ինտրիգային ջանքերի շնորհիվ, մնաց իր պաշտոնին։

Հաշվեհարդար «Նովոյե Վրեմյայի» հովանավորի հետ

Այսօր Ռոբերտ Քոչարյանը հեռուստատեսություն ունի, իրեն ծառայող ԶԼՄ-ներ: Նա վայելում է ժողովրդավարության պտուղները, որոնք ինքը չի աճեցրել: Նա կցանկանար մոռանալ այս ամենը սարսափ-երազի նման, բայց ոչինչ չի մոռացվել: Տեղին է հիշել ընդդիմադիր գործիչ Արկադի Վարդանյանի մամուլին հովանավորելու փորձը: 1999-2000 թթ, նա փորձեց հովանավորել «Նովոյե Վրեմյա» ռուսալեզու թերթը: Վերջինիս համար երանելի ժամանակներ էին դրանք:

Սակայն 2000 թվականի նոյեմբերից հետո, երբ Վարդանյանը Ազատության հրապարակում բազմահազար միտինգ կազմակերպելու համար ձերբակալվեց և արտաքսեց Հայաստանից, «Նովոյե Վրեմյային» ստիպեցին հրաժարվել հովանավորից, և թերթի խմբագրակազմը դա արեց հրապարակավ, Արկադի Վարդանյանին դատապարտող հայտարարություն տարածելով: Այդպես էր վարվում Ռոբերտ Քոչարյանը հանդուգն քաղաքական գործիչների հետ, որոնք հանկարծ երևակայում էին, որ կարող են սեփական մամուլ ունենալ:

Սյուզան Սիմոնյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest