«Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը Կառավարությունը չէ, այլ ժողովուրդը»

0
1932

«Ոմանք ասում են, թե եկել եմ «հող հանձնելու»…բայց իրենք իրենց հետ են շփոթում, քանի որ հող հանձնելուց բացի, այլ բանի մասին չեն բանակցել: Հայտարարում եմ՝ տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ բովանդակությանը, գիտեմ բոլոր փաստաթղթերը, դրա համար էլ հիմա ասում եմ՝ Տո՛, այ բանակ թալանածնե՜ր, այ զինվորին թալանածնե՜ր, այ սերմացու գողացող մկնե՜ր, պատրաստ եմ լիարժեք բանակցել ՀՀ անունից՝ Ղարաբաղի հարցով, բայց Արցախի անունից պետք է բանակցի Արցախի իշխանությունը»,- այսօր իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ շեշտելով՝ պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալ Ադրբեջանի ցանկացած սադրանքին:

Անդրադառնալով արցախյան հակամարտության բանակցային գործընթացին, վարչապետ Փաշինյանը ժպիտով մատնանաշեց, որ վերոնշյալ սուտ տեղեկություններ տարածելու համար, գումարներ են ծախսվում և հատուկ լրատվամիջոցներ բացում.

«Ախր դա ծիծաղելի է: Ես անգամ դեռ բանակցային փուլ չեմ մտել, իսկ նրանք նմանատիպ ստերով են լցնում լրատվական դաշտը»:Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ ինքը խաղաղության կողմնակիցն է, ցանկանում է բանակցությունները տեղափոխել խաղաղ կարգավորման փուլ, սակայն հայտարարեց՝ Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը Կառավարությունը չէ, այլ ժողովուրդըրոշողը ժողովուրդն է.

«Ղարաբաղի հարցի լուծող-չլուծողը Կառավարությունը չէ, այլ ժողովուրդը…Եթե կլինի կարգավորման տարբերակ, որին ինքս կհավատամ, կհայտարարեմ դրա մասին: Որևէ մեկը չմտածի, թե ես թաքուն ինչ-որ թուղթ կստորագրեմ: Երբ տեսնեմ՝ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, կգամ այս հրապարակ և բոլոր մանրամասները կներկայացնեմ, ժողովուրդն էլ կորոշի՝ գնո՞ւմ ենք կարգավորման այդ տարբերակով, թե ոչ»:

Վարչապետն անցում կատարեց հայ-ռուսական հարաբերություններին, որը, ինչպես նշում էր նախկին իշխանությունները, այնքան էլ բարիդրացիական չեն: Փաշինյանը հայտարարեց, որ ի հեճուկս այդ մարդկանց, Ռուսաստանի հետ հարաբերությունները հրաշալի են.

«Եկեք հիշենք, որ այս ընթացքում ես երկու անգամ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երեք անգամ էլ նրա հետ հեռախոսով խոսել. «Հայ-ռուս հարաբերությունները ոչ միայն վատ չեն, այլեւ ի հեճուկս ՀՀԿ-ի՝ լավ են ու ավելի լավանալու են: Մեր նպատակներից է հայ-ռուսական բարեկամության խորացումը և երկկողմ հարաբերությունների մակարդակի բարձրացումը: Համապատասխան ընթացակարգերից հետո շուտով բոլորը կիմանան հայ-ռուսական համատեղ հումանիտար նախագծի մասին, որն աննախադեպ է ՀՀ-ի նորանկախ պատմության մեջ: Դա ապացույց է, որ մենք շարժվում ենք հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ճանապարհով»,- ուրախությամբ նշեց վարչապետը:

Ռոզա Վարդանյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here