Ոստիկանությունն աշխատում է ցուցմունքներ կորզելու հարազատ մեթոդներով    

Գեղարքունիքի Զոլաքար գյուղի տարեց բնակիչ Միշա Մխիթարյանը հայտարարում է, որ թոռանը՝ 18-ամյա Հայկ Մխիթարյանին ոստիկանությունը հետապնդում է, նրան առևանգել և բռնության են ենթարկել: Հայկը նոր է վերադարձել Ռուսաստանից և բանակ զորակոչվելու համար անհրաժեշտ բժշկական փորձաքննություններ է անցնում:
Մխիթարյանների պատմելով՝ օգոստոսի 12-ի առավոտյան 09:00-ին իրենց տուն են այցելել Ոստիկանության Նոր Նորքի Քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները: Նրանցից երկուսը ցույց է տվել ոստիկանության վկայականը, սակայն չեն ներկայացել: Հայկին ասել են, թե նրա հեռախոսային քարտի հետ խնդիրներ կան և ինքը պետք է գնա Երևանի բաժանմունք՝ պարզաբանման: Ծանուցագիր չեն ներկայացրել:
Հայկն այդ ժամանակ ապտրաստվում էր գնալ բժշկի և պապն ընդդիմացել է, որ թոռանը ոստիկանները տանեն. «Ասեցին մեզ չի հետաքրքրում, եթե չգաս, ուրիշ քայլերի կդիմենք: Ես իրենց հետ նստեցի եկա Երևան: Ճանապարհին ասեցին՝ ասա, ումով, ում մարդով ես ուզում ազատվես բանակից, ինչ ես ուզում անես, քեզ կօգնենք: Հետո ասեցին՝ նայի, թե չէ կիջնենք անտառ, ավելի կոպիտ ձևերով կասենք: Դուռը բացեցին, որ իջնեմ, բայց ասեցին՝ լավ, հելանք գնացինք բաժին»,- ոստիկանների ուղեկցությամբ ճանապարհին կատարվածը պատմում է Հայկ Մխիթարյանը:
Երիտասարդն ասում է՝ վախեցել էր, քանի որ իր հետ ոստիկանները շատ կոպիտ, սպառնալիքներով և հայհոյանքներով էին խոսում: Ոստիկանության Նորքի բաժնում ևս 18-ամյա երիտասարդի հետ շարունակել են հայհոյանքներով խոսել, նրան հարվածներ են.հասցրել.
«Ասեցի՝ հետս քֆուրով չխոսես: Իրար հետ վիճեցինք, խփեց ինձ: Հետո ինձ տարան գնդապետի մոտ: Մի գեր մարդ էր իր հետ նստած: Ասեցին՝ հլը պատմի տենանք, թե չէ կյանքովդ մեկ գնալու ես փտես բանտերում»:
Ոչ Մխիթարյանների բնակարան այցելած, ոչ ոստիկանության բաժնում նրա հետ զրուցած ոստիկանները չեն ներկայացել իրենց անուններով: Փորձել են իմանալ, թե որտեղից է ճանաչում ոմն Արայիկի: Հայկը Forrights.am-ին պատմում է, որ Արայիկը հոր ծանոթն է, նրա միջոցով իր գլխի տրավմայի բժշկական հետազոտության ժապավենն է ուղարկել Մոսկվա, որպեսզի բժիշկները վնասվածքի մասին կարծիք հայտնեն:
«Ոստիկանն ասեց արա այ լակոտ, քեզ ում տեղն ես դրել, էսա կխփեմ թրաշդ կթափվի դեմքիցդ, դու գիտես ուր ես ընկել,-պատմւմ է Հայկը,- Ես 8 տարի Ռուսաստան եմ մնացել ու հայերեն գրել չգիտեմ: Իրենք թղթի վրա գրում էին, ասում էին՝ էս տառեը էն թղթի վրա նկարի՝ գրի: Քանի որ հայերեն կարդալ չգիտեմ, չէի հասկանում ինչ եմ գրում: Ասեցին՝ ասա, որ դու 2000 դոլար փող ես տվել Արայիկին, ինքը քեզ համար 6 ամիս տարկետում  վերցրել: Բայց տենց բան չի եղել, ինձ ստիպեցին, ասեցի որ եղել ա: Ասում էին՝ արա ասա, թե չէ քո հերը էլ չի կարա աշխատի, ռոզիսկ կտանք կբերենք, էլ դուք ոնց պտի ապրեք: Ասեցին՝ ասա, թե չէ վատ բաներ կլինի քո հետ: Բայց ես ուզում եմ ծառայեմ, տենց բան չկա: Թուղթ բերեցին ստորագրեցի, ասին՝ ապրես, խելոք տղա ես»,- պատմում է Հայկ Մխիթարյանը:
Հետո ստուգել են տղայի հեռախոսը, տվյալներ մուտքագրել այնտեղից և ասել, որ տղան գնա բաժանմունքից: Հայկին ոստիկանության բաժնում պահել են շուրջ 7 ժամ: Նրան անգամ ջուր չեն առաջարկել խմել: Արդեն բաժնից դուրս գալուց հետո Հայկը Երևանից Զոլաքար է հասել երթուղային տրանսպորտով երեկոյան՝ 21:00-ի շրջակայքում: Ամբողջ այս ընթացքում ընտանիքը որևէ տեղեկություն չի ստացել Հայկի գտնվելու վայրի մասին: Քրեական հետախուզության բաժնի աշխատակիցները թույլ չեն տվել Հայկին կապվել ընտանիքի հետ, թեև պապիկին խոստացել էին:
Այս գործով հարուցվել է քրեական գործ, որում Արայիկ Անտոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: Նրա փաստաբանԱրմեն Սողոմոնյանը Forrights.am-ի հետ զրույցում ասաց, որ ապօրինի է ինչպես իր վստահորդի, այնպես էլ Հայկ Մխիթարյանի նկատմամբ գործողությւոնները.
«Այդ երեխայի նկատմամբ կոնկրետ խոշտանգում է տեղի ունեցել: Միանշանակ իրենք 90-ականների մեթոդներ են կիրառել, որպեսզի ցուցմունք կորզեն, ու էդ կորզած ցուցմունքներով մարդկանց ապօրինի քրեական հետապնդման ենթարկեն: Միանշանակ՝ որևէ հիմք չկա»:

Pin It on Pinterest