«Ես տեսել եմ մարտի 1-ը և չեմ կարող մոռանալ: Անմոռանալի են արյան լճակները, ջարդած, ջախջախված գլուխները, փողոցում մանկահասակ մորը դուբինկաներով խփելը, ոստիկանական այդ թշնամական վերաբերմունքը: 80 ականատեսի հետ ենք խոսել, ահավոր բաներ են պատմել: Ո՞վ է դա արել, ո՞վ է այդ ամենի պատասխանատուն: Ռոբերտ Քոչարյանը պետք է պատասխան տա և նա պետք է հայտնվի բանտում: Անասելի հանցագործություն է տեղի ունեցել Հայաստանում»,- «Առաջին լրատվականի» հետ զրույցում սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակը մեկնաբանում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
Հեղափոխությունից հետո դատական համակարգն անկախացել է գործադիր իշխանությունից: Դատավորներն այլևս վերևներից զանգեր չեն ստանում: Իրավապաշտպանը համաձայն է մասնագիտական շրջանակներում հնչող գնահատականների հետ, ըստ որոնց՝ Վերաքննիչ դատարանը Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելով ապօրինի որոշում է կայացրել.
«Ես բացասական եմ վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությանը: Հավատում եմ առաջադրված մեղադրանքին և կարծում, որ դեռ շատ տեղ ունի ընդլայնվելու այդ մեղադրանքը: Մարտի 1-ի իրադարձությունների միակ պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է, կատարվել են նաև սպանություններ և նա պետք է պատասխան տա»:
Հովհաննես Ազարյանին դատավոր է նշանակել Ռոբերտ Քոչարյանը, աշխատել է նրա աշխատակազմում և շարունակում է ծառայել Քոչարյանին: Ժաննա Ալեքսանյանը վստահ է, որ հանրության կարծիքը էականորեն տարբերվում է դատարանի դիրքորոշումից և դրա հետ պետք էր հաշվի նստել: Պետք է չփոխվեր Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը:Իրավապաշտպանը նկատել է, որ Քոչարյանի ձերբակալման պահից սկսած նրա փաստաբաններն ու գրասենյակի ղեկավարը քաղաքականացնում են իրավական գործընթացը.
«Մենք այդպես էլ չտեսանք իրավական այն հիմնավորումները, թե ինչու պիտի Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք չառաջադրվի և ինչու նա պիտի չկալանավորվի»: Ըստ Ալեքսանյանի՝ այսօր Էրեբունի Պլազայում Քոչարյանի հրավիրած ասուլիսի չկայանալն ավելի հզոր հարված էր Քոչարյանին, քան Վերաքննիչ դատարանի որոշումը՝ հանրությանը: Ժողովուրդը չի ընդունում Քոչարյանին և չի ուզում լսել նրան.
«Քոչարյանը թող կանգներ այնտեղ, խոսեր ակտիվիստների հետ, ոչ ոք իր գլխին ոչնչով չէր խփելու, բայց ունի՞ այդքան համարձակությունԸ: Նա գիտի, թե ինչ ատելություն ու մերժում է իր դիմաց»: Մամուլիս սրահում հավաքված ակտիվիստները կլսեին Քոչարյանին, եթե նա ժամաներ և մարդավարի դիմեր հավաքվածներին.
«Ի՞նչ է, իրեն հատուկ չէ՞ մարդկային լեզուն: Քոչարյանը պարզապես երեսատեղ չունի հանրության առաջ ներկայանալու: Մարդիկ չեն ընդունում նրան և ինձ համար ծիծաղելի են խոսակցությունները, թե Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն»: Եթե Ռոբերտ Քոչարյանը մի փոքր հնարավորություն ունենար ակտիվիստներին սանձելու, ինքը դա կաներ վատագույն ձևով, ինչպես մարտի 1-ին:Ժաննա Ալեքսանյանը մարտի 1-ի գործի քննության իրավական պրոցեսից զատ կարևորում է զոհերի ընտանիքների վիճակը: Նրանց մոտ վերջապես հույս է արթնացել, որ Քոչարյանին դատարանի առաջ կանգնեցնելով՝ արդարությունը հաղթելու է.
«Նրանք արցունքներն աչքերին են լսել Քոչարյանի ազատման մասին լուրը: Ոնց կարելի է նրանց մեջ հույս արթնացնել, ու հետո չքանա այդ հույսը: Ի վերջո պետք է բացահայտվի չէ՞ մարտի 1-ը: Հո այսպես չի ավարվելու ամեն ինչը: Մարդիկ ամենուր՝ տաքսիներում, խանութներում ատելությամբ են խոսում Քոչարյանի մասին: Ես չեմ լսել նրան արդարացնող կարծիք: Որևէ մեկը չի մոռացել և չի մոռանա մարտի 1-ը»:
Այսօր հայտնի է դարձել, որ Գլխավոր Դատախազությունը Վճռաբեկ դատարան բողոք է ներկայացնելու՝ բողոքարկելով Քոչարյանի խափանման միջոցի վերացման որոշումը:Ժաննա Ալեքսանյանը միֆ է որակում կարծիքը, թե Քոչարյանի կառավարման տարիներին Հայաստանը տնտեսապես հզորացել է: Այդ տարիներին հարստացել ու միլիարդներ է դիզել ոչ թե ժողովուրդը, այլ հենց Քոչարյանը: Իրավապաշտպանը քոչարյանական ժամանակների մասին բացասական հիշողություններ ունի.
«Քոչարյանի կառավարման տարիներին աննախադեպ թվի հանցագործություններ են եղել, ասենք՝ հոկտեմբերի 27: Թող հրաժարական տար ու հեռանար այդպիսի հանցագործությունից հետո: Բայց ոչ, նա կառչեց իր տեղից: Պողոս Պողոսյան, մարտի 1, հալածանքներ մարդկանց նկատմամբ… ես դրանք եմ լավ հիշում իր տարիներից»:
Օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքը մեծ կարևորություն ունի թե իշխանության, թե հասարակության համար: Քոչարյանի մուտքը հանրային օրակարգ ապականել է սիրո, ջերմության մթնոլորտը: Հանրահավաքը գալիս է մաքրելու այդ բիծը: «Նիկոլն ինքը զգում է հանրության աջակցության կարիքը: Հանրությունը պետք է սիրով ու ջերմությամբ գնա հանրահավաքի, որովհետև Նիկոլը շատ անկեղծ է մարդկանց հետ, իրոք անկեղծ է և ես չեմ հիշում երկրի ղեկավար, որը կարողանում է այդքան անկեղծ հաղորդակցվել մարդկանց հետ: Իրեն վստահում ու հավատում են, և ինքը պետք է այդ սերը նորից զգա, լիցքավորվի ու նորից լծվի աշխատանքի»:
Դիտեք Ժաննա Ալեքսանյանի հարցազրույցի տեսանյութը՝ Առաջին լրատվականին
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: