Ցմահ դատապարտյալի բաց նամակը գլխավոր դատախազին

Հարգելի պարոն Դավթյան, օրեր առաջ ես՝ Արթուր Քոչարյանս, բաց նամակով դիմել էի ՀՀ Վարչապետ Պարոն Ն. Փաշինյանին: Այժմ ցանկանում եմ ավելի հանգամանալից Ձեզ ներկայացնել այն ՝ ինչի մասին արդեն 14 տարի է բարձրաձայնում եմ:

2003 թվականի հունիսի 20-ին զորակոչվել եմ ԼՂՀ Մարտունու երկրորդ պաշտպանական ծառայության: 2004 թ.-ի սեպտեմբերի 21-ի առավոտյան հայտնաբերեցին նույն զորամասի ժամկետային ծառայող լուսահոգի Արթուր Մեսրոպյանի դին: Կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով ինձ եւ մոտ 30 ծառայողների տարան ԼՂՀ Ռազմական ոստիկանություն, այնտեղ տարբեր տեսակի ճնշումներով փորձում էին մեզանից կորզել ինքնախոստովանական ցուցմունք, սակայն՝ ապարդյուն։ Այնուհետ մեզ ՀՀ ՌՈ-ի նախկին պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով տեղափոխեցին ՀՀ ՌՈ վարչություն, այնտեղ մոտ 1 ամիս խոշտանգելով՝ քննիչ Արմեն Հակոբյանը փորձում էր ստիպել, որ իր թելադրանքով ցուցմունք տանք, բայց ես ինչպե՞ս կարող էի կաարվածից անտեղյակ լինելով՝ ցուցմունք տալ և զրպարտել ուրիշներին, քանի-որ ես բացարձակ անտեղյակ էի կատարվածից:

Ինչևիցէ, այս նամակում ուզում եմ անդրադառնալ գործով միակ ցուցմունքին և ներկայացնել իմ հակափաստարկները։ Անդրանիկ Կարապետյանի շինծու եւ զրպարտական ցուցմունքը գրվել է քննիչի թելադրանքով, որի վրա հիմնվել է դատարանը և կայացրել է վճիռ։ Այս նամակում կներկայացնեմ այդ ցուցմունքը եւ Դուք՝ որպես հմուտ իրավաբան, կտաք Ձեր կարևոր գնահատականը: Եվ այսպես՝ Անդրանիկ Կարապետյանը իր ցուցմունքում նշում է, որ սեպտեմբերի 19-ին՝ ես, ինքը, գումարտակի պատասխանատու Արմեն Ալեքսանյանը, լուսահոգի Արթուր Մեսրոպյանը և մի քանի ծառայողներ պետք է հավաքվեինք եւ քննարկեինք գումարտակի պատասխանատու լեյտենանտ Արմեն Ալեքսանյանի եւ լուսահոգի Արթուր Մեսրոպյանի միջև տեղի ունեցած միջադեպը :

1-ին հակափաստարկ՝

Բոլոր մարդիկ, ում նշում է Ա. Կարապետյանն իր ցուցմունքում, հերքում են այդ տեղեկությունը , անգամ լեյտենանտ Ա. Ալեքսանյանը նշում է, որ այդպիսի քննարկման կամ «ռազբոռկայի» միտք կամ նպատակ չի եղել: Այստեղից ի հայտ է գալիս 1-ին փաստը, որ Ա.Կարապետյանը սուտ ցուցմունք է տալիս: Անցնելով առաջ ներկայացնեմ Ա. Կարապետյանի ցուցմունքից ևս մեկ դրվագ եւ դրա հակափաստարկը, որն ապացուցում է, որ նա սուտ ցուցմունք է տալիս: Ա. Կարապետյանն ասում է, որ «ռազբոռկի» ժամանակ Ա. Մեսրոպյանը վազեց մեզանից 20 մետր հեռու, հետո մենք մոտեցանք, տեսանք նրան գետնին ընկած, երկու թևերի երակներն ու վիզը կտրել է ու շատ ուժեղ արնահոսում է:

2-րդ հակափաստարկ՝.

Ասացեք խնդրեմ պարոն Դավթյան, նամակս ընթերցող իրավաբաններ եւ ՀՀ քաղաքացիներ….ինչպե՞ս կարող է տեղազննության ժամանակ չհայտնաբերվել արյան լճացում այն դեպքում, երբ ըստ ցուցմունքի, թևերի երակներն ու վիզը կտրված վիճակում մոտ 20 րոպե շատ ուժեղ արնահոսում էր, մի՞թե հնարավոր է այդքան արնահոսելուց արյան գեթ մեկ կաթիլ չլինի այնտեղ, որտեղ մատնանշում է Ա. Կարապետյանը: Այստեղից ևս հետեւություն, որ Ա. Կարապետյանը սուտ ցուցմունք է տալիս, քանի որ տեղազննության ժամանակ ոչ մի արյան հետք չի եղել: Անցնելով առաջ Ձեզ ներկայացնեմ ևս մեկ շատ կարևոր հանգամանք սուտ ցուցմունքից: Ա.Կարապետյանն ասում է՝ մենք տեսանք, որ Արթուրը չի շարժվում, Արթուր Քոչարյանը (այսինքն՝ ես) ասեց՝ բերեք տանենք-կախենք, թող իմանան ինքնասպանություն է և Սուրիկ Չոբանյանի հետ Արթուրի թևատակերից բարձրացրեցին ու քարշ տալով՝ մոտ 20 մետր տարան դեպի պարիսպը:

3-րդ հակափաստարկ

Ինչպե՞ս կարող էինք ես եւ Սուրիկ Չոբանյանը թևատակերից քարշ տալով 20 մետր տանել դեպի պարիսպը եւ մի գրամ արյուն չլինել՝ այն դեպքում, երբ Ա. Կարապետյանի ցուցմունքով լուսահոգի Արթուրի թևերի երակները եւ վիզը կտրված էին եւ նա շատ ուժեղ արնահոսում էր: Ես դա չեմ պատկերացնում: Փորձագետի եզրակացության մեջ նշվում է, որ կասկածյալներից վերցված փորձանմուշները՝ մատնահետքերը, եղունգները, մաշկը, զինվորական համազգեստը, կոշիկներն ու ներքնաշորը կատարված հանցագործության հետ որևէ առնչություն չունեն:

Այս հատվածից ես Ձեզ կներկայացնեմ ևս երկու փաստարկ: Ա. Կարապետյանի ցուցմունքի համաձայն՝ մենք լուսահոգի Արթուրին մոտ 20 մետր քարշ ենք տվել դեպի պարիսպը: Նշեմ, որ Արթուրը մոտ 1,70 մետր բոյով եւ մոտ 80 կգ քաշ ունեցող տղա էր: Ինչպե՞ս մենք կարող էինք քարշ տալով տանել այնպես, որ հողի վրա չմնային Արթուրի ոտքերից առաջացած ակոսներ, կամ ինչպե՞ս կարող էր Արթուրի կոշիկների վրա քերծվածքներ չառաջանային քարշ տալու հետևանքով: Թե տեղազննության, և թե փորձաքննության ժամանակ իմ նշած կարևոր հանգամանքները բացակայում են եւ դրանից հետևություն, որ Ա. Կարապետյանը սուտ ցուցմունք է տալիս: Իմ կողմից նշված հակափաստարկների բացակայության դեպքում դատարանը առնվազն պետք է քր. գործը ուղարկեր լրացուցիչ քննության, բայց արի ու տես, որ դատարանին չէր հետաքրքրում՝ գործում կա՞ ապացույց՝ թե ոչ:

Նրան հրահանգվել էր մեզ դատապարտել և նա դա արեց: Հարգելի պարոն Դավթյան, այս նամակում ես Ձեզ ներկայացրեցի 3 հակափաստարկ՝ 3 հանգամանք, որոնց բացակայության դեպքում չպետք է կայացվեր վճիռ: Ես պատրաստ եմ Ձեզ ներկայացնել նմանօրինակ հակափաստարկների շարքը այն ժամանակ, երբ կայցելեք Քրեակատարողական հիմնարկ՝ ինձ հետ հանդիպման:

Արդեն 14 տարի է ես դատապարտված եմ ցմահ ազատազրկման: Ինձ դատել են առանց հանգամանքի, առանց ապացույցի, մեկ հոգու զրպարտչական ցուցմունքի հիման վրա եւ վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո ինձանից նոր երևան եկած հանգամանք են պահանջում, որպեսզի քր. գործը ուղարկեն լրացուցիչ քննության: Ասացեք՝ ինձ խնդրում եմ, ի՞նչ հանգամանքների եւ ապացույցների հիման վրա է կայացվել վճիռը իմ հանդեպ: Դատարանի համար հիմք է եղել Ա. Կարապետյանի ցուցմունքը, որում չկա ոչ մի փաստ, որ նա ճիշտ է ասում, այլ հակառակը ես՝ ինչպես նամակում առավել հանգամանալից և բովանդակալից հակափաստարկներ եմ ներկայացրել դատարանին, որ Ա. Կարապետյանի ցուցմունքը շինծու է և դա չի կարող համապատասխանել իրականությանը:

Բացատրեք ինձ խնդրում եմ, ինչպե՞ս է հնարավոր, որ Ա. Կարապետյանը սեփական ցուցմունքով ինքն իրեն մեղավոր է ճանաչում լուսահոգի Արթուրի սպանության մեջ , բայց դատարանը Ա. Կարապետյանին դատապարտում է 1 տարվա ազատազրկման եւ ազատ է արձակում դատարանի դահլիճից: Այստեղից ևս հէտեւություն, որ Ա. Կարապետյանի ցուցմունքը եղել է քննիչ Արմեն Հակոբյանի թելադրանքը՝ Անդրանիկին այլևս չծեծելու եւ չդատելու խոստումով, նույնը՝ ինչ փորձում էր ինձ հետ՝ ցուցմունք տամ իր թելադրանքով եւ չդատվեմ:

Հագելի պարոն Դավթյան, շուրջ 14 տարի է՝ ես բարձրաձայնում եմ, որ ես անմեղ եմ և ինձ դատապարտել են չկատարած հանցանքի համար, սակայն ոչ մի արձագանք: Հիմա շատ բան է փոխվել մեր երկրում թավշյա հեղափոխությունից հետո: Դիմում եմ Ձեզ, որպեսզի վերականգնեք արդարությունը եւ բացահայտեք այս հանցագործությունը: Հուսով եմ այս անգամ ձայնս տեղ կհասնի եւ կվերականգնվի արդարությունը:Նամակին կից ուզում եմ ավելացնել իմ վերջին խոսքը դատարանի դահլիճում:

Վերջին խոսքը

Ես ձեզանից ներողություն չեմ խնդրում, քանի որ մեղքի անգամ մի մասնիկ չունեմ: Իրական պատժի մասին թող մտածեն իրական հանցագործները, նրանց պարտակողներն ու հովանավորողները: Թող ներեն ինձ Արթուրի ծնողներն ու ինքը՝ Արթուրը , որ այդ պահին նրա կողքին չեմ եղել, որ կանխեմ դա: Եվ թող ների մեզ բոլորիս Աստված…. Հասկացեք ՛, ես մեղավոր չեմ: Այսքան մեղք ինչպե՞ս պիտի կրեք ձեր հոգու մեջ: Ես չեմ խնդրի մեղմ վերաբերվել կամ ներել, այլ իմ պահանջը հետեւյալն է ՝ ճանաչել իմ անմեղությունը կամ գործը հետ ուղարկել՝ նոր քննության:

Զղջում եմ նրա համար, որ մորս աչքերը նայում են ոչ թե որպես զինվորի, այլ իբրև մարդասպանի: Արթուրի մայրը նայում է մի մարդու, ով համարյա իր որդու կարգավիճակում է… Ես ել ամեն օր հոգեկան մահ եմ վերապրում: Մեկ է, վաղ թե ուշ իրական հանցագործը նորից կիրագործի իր չար գործը: Աղոթում եմ , որ Աստված չլքի ոչ թե ինձ, այլ ձեզ այս կարևոր ու վճռական պահին: Ինքս դատապարտում եմ այն արարքը, որ կատարվել է…

Սա գալիս է նրանից, որ ոչ մեկին չի հետաքրքրել ճշմարտությունը: Կա մեկը, ով հանգամանքի բերումով համապատասխանում է զոհի դերին եւ վերջ, մնացածն էական չէ, իսկ Անդրանիկի տված ցուցմունքը ոչ այլ ինչ է, քան Հուդայի 30 արծաթ: Տարօրինակ է, բայց Կտակարանի պատմությունը կրկնվում է ՝ անմեղի դատապարտումը և իրական մեղավորի ազատության մեջ գտնվելը …

Վերջ

Դիմող ՝ Ա.Գ.Քոչարյան

Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:

Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով:

Pin It on Pinterest