«Մունետիկ» մշակութային հասարակական կազմակերպությունը, որը 2002 թվականից սկսած մինչ օրս Ապարանի Լուսագյուղ գյուղի մերձակա անտառում, «Կլոր արտ» կոչվող տարածքում կազմակերպել է անտառային խեցեգործական մշակութային սիմպոզիումներ, այս տարի, արգելել են:
Մեզ հետ զրույցում «Մունետիկ» հկ նախագահ Հրաչյա Համբարձումյանը տեղեկացրեց, որ իրենք ամեն տարի, օրենքով սահմանված կարգով դիմել են «Հայանտառ», ստացել են համապատասխան թույլտվություն, և հիմնվելով այդ փաստաթղթի վրա՝ իրականացրել են իրենց սիմպոզիումներն այդ տարածքում:
«Բայց այս տարի մենք ունեցանք խնդիր: Հիմա, «Հայանտառ» ՊՈԱԿ-ը մեզ մերժում է այդ տարածքը տրամադրել՝ ծրագիրն անցկացնելու համար՝ հիմնավորելով հետևյալ կերպ, որ տարածքը տրված է վարձակալությամբ՝ Աղվան Արամյանին: Եվ հիմնավորումն այն է, որ նա իբրև թե տնկել է 150 սոճու ծառ և ծրագիր ունի այդ տարածքում շարժական տաղավարներ տեղադրել: Արամյանը ՀՅԴ անդամ է և այդ անտառի երկարամյա պահակն է, որի անունով էլ ձևակերպվել է տարածքը՝ մեզ համար շատ անհասկանալի և կասկածելի պայմաններով»,- ասաց Հրաչյա Համբարձումյանը: Իդեպ, ուշագրավ է այն, որ Հրաչյա Համբարձումյանը տարածքն իրենց տրամադրելու համար ավելի վաղ էր դիմել, քան Ա. Արամյանը, սակայն նրան մերժեցին, իսկ Արամյանին՝ ոչ:
Վերջինս նաև տեղեկացրեց, որ նմանատիպ խնդրի առաջ իրենք կանգնել են 2007թվականից, սակայն այն ժամանակ հայրը դեռ ողջ էր և հարթեց խնդիրը:«Ես պարզեցի, որ կա հետևյալ կարգը, որ եթե ծառատունկ է իրականցվում, ապա այդ ծառատունկի իրավունքը պիտի տրվի հատուկ մարմնի կողմից, թե որ տարածքում պիտի իրականացվի ծառատունկ, ինչպիսի ծառեր պիտի տնկվեն այդտեղ և երբ: Եվ դրա համար հատուկ թույլտվություն պիտի լինի: Այդ մարդիկ չունեն ոչ մի թույլտվություն:
Եթե դա իրեն տված է որպես արոտավայր, նա պիտի ունենար թույլտվություն ինքը կատարել է ծառատունկ անտառապատ տարածքում և միջամտել է բնական լանդշաֆտին դրա իրավունքը չկա և առավել կարևոր հարց, գրել են սոճի, ես գնացել եմ ստուգել այնտեղ սոճիներ չեն, այլ արծաթափայլ եղևնիներ են: Ես կասկածում եմ նույնիսկ, որ դրանք արմատներ չունեն, այլ ճյուղեր են տնկված՝ հատուկ մեր ծրագրին խոչընդոտելու համար: Իսկ եթե ունեն արմատներ ապա այդ տնկիները որտեղից են հանվել բերվել: Այստեղ կարող է նույնիսկ քրեական գործ հարուցելու խնդիր առաջանալ, այդքան տնկի, որտեղի՞ց է բերվել»,- նշեց Հրաչյա Համբարձումյանը: Վերջինս մեզ տեղեկացրեց, որ իրեն նույնիսկ ակնարկել են, որ վարձակալին գումար տա:
«Երբ ես գնացի այդ հարցերով, ինձ ասեցին, թե դուք այդ տարածքում փող եք աշխատում, մի քիչ էլ իրան փող տվեք: Ասում եմ՝ ի՞նչ է նշանակում մենք փող ենք աշխատում: Մենք ՀԿ ենք, իրականացնում ենք ծրագիր երիտասարդների հետ: Ի՞նչ փողի մասին է խոսքը: «Հայանտառ» -ի վերահսկողության պետ դաշնակցական Սահակյանին ասեցի դուք այս ի՞նչ կոչ եք ինձ անում: Եվ ուրեմն այս ամբողջ շթղան, որ ես նայում եմ անտառի պահակը, գլխավոր անտառապետը այնտեղի բոլար պաշտոնյաները դաշնակներ են: Ես կարծում եմ, որ այստեղ կա միտում, որ փորձում են օգտվել այս քաղաքական իրավիճակից և իրավիճակն օգտագործել ի շահ իրենց նպատակների: Մենք փորձել ենք այս ամբողջը մաքրել կոռումպացված այս վիճակից, իրենք նորից տանում են դեպի հակառակը»,- ասաց արվեստաբանը:
Հրաչյա Համբարձումյանի խոսքերով՝ իրենք սիմպոզիումի իրականացման ժամանակ ամբողջ սնունդը գյուղից են գնում, նպաստում են գյուղացիների բիզնեսին, իսկ նշված վարձակալը ոչինչ չի անում այնտեղ: Իդեպ «Հայանտառից» Համբարձումյանի հարցմանը պատասխանել են, որ այդ տարածքը ներառված է Ա. Արամյանին երկարաժամկետ վարձակալությամբ տրված անտառային հողում: Հարցման պատասխանի մեջ նաև նշված է, որ տարիներ շարունակ Արամյանը համաձայնել է «Մունետիկ» ՀԿ-ին անհատույց տրամադրելուն, սակայն ներկայումս Ա. Արամյանի կողմից տնկվել է 150 հատ սոճու ծառ, ինչպես նաև ունի ծրագիր այդ տարածքում տեղադրել շարժական տաղավարներ:
«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ միջազգային երիտասարդական խեցեգործական սիմպոզիում իրականացնելու նպատակով «Մունետիկ» ՀԿ-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ը պատրաստ է «Արագածոտնի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքից հատկացնել այլ տարածք»,- ասված է «Հայանտառ» ՊՈԱԿ ժամանակավոր պաշտոնակատար Ա. Չոբանյանի կողմից տրված պատասխանի մեջ:Հրաչյա Համբարձումյանն այս պատասխանը որակում է երեք նախադասությամբ պատասխան և ոչ մի օրենքից մեջբերում, որը կազմել են 15 օրում:
«Մենք ծրագրի նախապատրաստական աշխատանքները պետք է սկսեինք հունիսի տասից, բայց մինչ օրս խոչընդոտում են իրենք և մենք պատրաստվում ենք բոլոր օրինական ճանապարհներով անցնել: Եթե իրանք կարծում են, որ իրենք հիմա իմ ծրագիրը պիտի փչացնեն, ապա ասեմ, որ չեն կարողանալու այդ ծրագիրը փչացնել: Մենք ծրագիրը կիրականացնենք, իսկ այս ոլորտով մենք պայքարելու ենք մինչև: Իրենք պետք է լավ գիտակցեին, որ մենք ունեցել ենք արվեստանոցի խնդիր, որի համար մինչև օրս պայքարում ենք և հաղթելու ենք: Որևէ ֆեոդալ, որևէ կուսակցություն, որևէ մեծահարուստ չի կարող կանգնել այն արժեքների դեմ, որին որ մենք դավանում ենք, որին որ մենք ձգտում ենք և արվեստանոցի և Ապարանի տարածքի համար մինչև վերջ պաքարելու ենք»,-ասաց Հրաչյա Համբարձումյանը:
Նշենք նաև, որ օրերս Հրաչյա Համբարձումյանն իր խնդրի մասին տեղեկացրել էր ՀՀ բնապահպանության նախարարության տեսչական մարմնին: Մեզ հետ զրույցում տեսչական մարնի իրավական աջակցության և փաստաթղթղաշրջանառության բաժնի գլխավոր մասնագետ Հարություն Բարսեղյանը տեղեկացրեց, որ Համբարձումյանի դիմումն ընդունվել է վարույթ և մակագրվել համապատասխան մարզի պատասխանատուներին և խնդիրն իրենց ուշադրության կենտրոնում է:
Տեղեկացնենք նաև, որ Հրաչյա Համբարձումյանը նախկինում աշխատում էր Գեղագիտության ազգային կենտրոնում, որպես խեցեգործության ուսուցիչ: Սակայն, կենտրոնի տնօրեն Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Լևոն Իգիթյանը որոշեց փակել այդ դասարանը և տեղում պատրաստվում էր կահույքի արտադրամաս հիմնել: Ինչը ևս մեծ աղմուկ առաջացրեց և ներկայումս այդ դասարանը վերականգնելու պայքարը նույնպես շարունակվում է:
Այս հարցով Համբարձումյանը մոտ մեկ ամիս առաջ դիմել է նորանշանակ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, որից դեռևս պատասխան չի ստացել: Արդեն մի քանի տարի է, որ Համբարձումյանը և դասարանի աշակերտները ծնողների հետ բախում եմ բազմաթիվ դռներ, որպեսզի այդ դասարանը վերականգնեն, սակայն դեռևս ապարդյուն: Տեղեկացնենք նաև, որ Հրաչյա Համբարձումյանը մշտապես մասնակցել է մեր երկրում տեղի ունեցող բոլոր խնդիրներով անցկացվող բողոքի ակցիաներին, քաղաքական ու հասարակական շարժումներին:
Լիլիթ Թադևոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: