«Սասնա Ծռեր» խմբավորման միանգամից երկու անդամ քիչ առաջ ազատ արձակվեց. դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը եւ փոխեց Տիգրան Մանուկյանի եւ Սերգեյ Կյուրեղյանի խափանման միջոց կալանքը՝ պատգամավորական անձնական երաշխավորությամբ։

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այս ամիս վերջին անգամ կայացավ «Սասնա Ծռեր 1» քրեական գործի քննությունը։ Այս շաբաթ եւս՝ 11 ամբաստանյալներից նիստին չէր ներկայացել Արամ Հակոբյանը. վերջինս շուրջ մեկ ամիս է ստացիոնար բուժում է ստանում «Շիրակ» ԲԿ-ում։ Դատավոր Արշակ Վարդանյանը կրկին դիմեց դատավարական կողմերին, փորձելով եւս մեկ անգամ հստակեցնել՝ շարունակե՞լ գործի քննությունն առանց ամբաստանյալի։ Կողմերը չառարկեցին, շեշտելով, որ մեղադրյալ Հակոբյանի բացակայությունը հարգելի է. «Բացի վերոնշյալից, Արամ Հակոբյանը դեռ շաբաթներ առաջ գրությունով երաշխավորել էր՝ առանց իր ներկայության նիստը շարունակելու խնդրանքով»,- նշեց պաշտպան Հարություն Բաղդասարյանը։ Դատարանը որոշեց շարունակել նիստը, սակայն քննել միայն ներկայացվող միջնորդությունները։

Պաշտպան Մուշեղ Շուշանյանը դատարանին միանգամից երկու միջնորդություն ներկայացրեց՝ փոփոխել իր պաշտպանյալներ Տիգրան Մանուկյանի եւ Սերգեյ Կյուրեղյանի խափանման միջոց կալանքը եւ այն փոխարինել պատգամավորական անձնական երաշխավորությամբ. «Մանուկյանի եւ Կյուրեղյանի համար, այսօր առավոտյան անձնական երաշխավորություն են ներկայացրել ԱԺ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը եւ Սերգեյ Բագրատյանը։ Այսպիսով վերջիններս երաշխավորում են, որ մեղադրյալները, գտնվելով ազատության մեջ, կդրսեւորեն պատշաճ վարքագիծ եւ չեն խոչընդոտի դատավարական բնականոն ընթացքին»,- հայտնեց պաշտպան Շուշանյանը։

Պաշտպանական կողմը միացավ ներկայացված միջնորդությանը, մեղադրող կողմը եւս չառարկեց։

Հայտարարված ընդմիջման ընթացքում դատարան ժամանեցին երաշխավորություն ներկայացրած պատգամավորները։ Դատավոր Արշակ Վարդանյանը պատգամավորներին պարզաբանեց Տիգրան Մանուկյանին եւ Սերգեյ Կյուրեղյանին առաջադրված մեղադրանքի մասին, ապա տեղեկացրեց՝ եթե ամբաստանյալները պատշաճ վարքագիծ չդրսևորի, ապա մուծված 1 մլն գրավ գումարը կդառնա պետության եկամուտը. «Անձնական երաշխավորողը նաև պատիժ կարող է կրել, եթե չարամտորեն չի կատարում իր պարտականությունները, ինչի հետևանքով ամբաստանյալը խուսափում է դատաքննությունից: Այդ դեպքում երաշխավորը պատիժ է կրում որպես տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով կամ երկու տարվա ազատազրկմամբ: Մնացած դեպքերում գումարը վերադարձվում է անձնական երաշխավորին»,- պարզաբանեց դատավոր Վարդանյանը և հեռացավ խորհրդակցական սենյակ։

Վերադառնալով նիստերի դահլիճ, դատարանը հայտարարեց, որ որոշում է կայացրել բավարարել պաշտպան Շուշանյանի միջնորդությունները եւ հենց դատարանի դահլիճից՝ երաշխավորությամբ ազատ արձակել Սերգեյ Կյուրեղյանին եւ Տիգրան Մանուկյանին։ Դահլիճը բուռն ծափահարություններով ողջունեց դատարանի որոշումը։

Ամբաստանյալ Արամ Հակոբյանի բացակայության պատճառով՝ նիստը հետաձգվեց։ Գործի քննությունը կշարունակվի արդեն արձակուրդից հետո՝ սեպտեմբերին 14-ին։ Հավելենք, որ գործով անցնող բոլոր 11 ամբաստանյալներն այս պահին ազատության մեջ են գտնվում։ Վերջիններիս խափանման միջոց կալանքը փոխարինվել է այլընտրանքային խափանման միջոց գրավով, ստորագրությամբ եւ պատգամավորական անձնական երաշխավորությամբ։

Հիշեցնենք, որ Սերգեյ Կյուրեղյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել հրազեն ու ռազմամթերք։ Տիգրան Մանուկյանին, բացի վերոնշյալ մեղադրանքներից, մեղադրանք է առաջադրվել նաեւ կազմակերպված խմբի կազմում, զենքի գործադրմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնությամբ՝ զավթել և պահել է շենքեր, շինություններ և տրանսպորտի միջոցներ՝ զուգորդված դրանք ոչնչացնելու, վնասելու սպառնալիքով, ինչպես նաև նույն եղանակներով պատանդ է վերցրել և պահել երկուսից ավելի անձանց, որոնք կատարել է զավթածը և պատանդներին ազատելու պայմանով պետությանը գործողություններ կատարելուն հարկադրելու նպատակով, կազմակերպված խմբի կազմում «Ակբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲ ընկերության բանկոմատից կատարել է առանձնապես խոշոր չափերով՝ 14.808.000 ՀՀ դրամի գաղտնի հափշտակություն, իսկ հանցավոր գործունեությունն ավարտել է 2016 թվականի օգոստոսի 31-ին՝ ժամը 20-ի սահմաններում, երբ կամովին ազատել է զավթած շենքերը, շինություններն ու տրանսպորտի միջոցները, հրաժարվել իր պահանջներից և հանձնվել իրավապահ մարմիններին:

Ռոզա Վարդանյան

Pin It on Pinterest