Փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակի հարձակման դեպքով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է գործն արդեն գտնվում է  դատարանում: Հիշեցնենք, դեպքը տեղի էր ունեցել 2017թ. ապրիլի 27-ին` ժամը 14:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 2 հասցեում գտնվող Տիգրան Աթանեսյանի գրասենյակում:

Միջադեպից հետո Տիգրան Աթանեսյանը հաղորդում էր տվել այն մասին, որ իր աշխատասենյակում ինքն ու իր ընկեր Արմեն Սողոմոնյանը հարձակման են ենթարկվել Փաստաբանների պալատի չորս ներկայացուցիչներ Սիմոն Բաբայանի, Վրեժ Խաչիկյանի, Արսեն Հարությունյանի և Գևորգ Մկրտչյանի կողմից, իսկ Արմեն Սողոմանյանը հասցված հարվածներից ստացել է ճակատի վնասվածք և անհրաժեշտություն է եղել ճակատին կար դնելու: Մյուս կողմը նույնպես հաղորդում էր  ներկայացրել:
Այս պահին գործով մեղադրանք է առաջադրվել 3 անձի՝ փաստաբան Արմեն Սողոմոնյանին ՀՀ Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով (առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելը ), Փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանին եւ փաստաբան Արսեն Հարությունյանին՝ Քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով (առողջությանը թեթև վնաս պատճառելը ) :
Արմեն Սողոմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն առաջադրված  մեղադրանքն իրականում անհիմն է, քանի որ ինքը նրանցից որևէ մեկին մարմնական վնասվածք, այն էլ դիտավորությամբ,  չի հասցրել:
«Ես բազմիցս նշել եմ՝ այս մեկ տարվա ընթացքում, եթե ես ցանկանայի, պատրաստ լինեի իրենց հետ կռիվ անելու, ոչ թե միջին ծանրության մարմնական վնասվածք, այլ չորսին էլ ծանր մարմնական վնասվածքներ կպատճառեի: Այն, որ Տիգրան Աթանեսյանը հայտարարություն տվեց ոստիկանություն դեպքի վերաբերյալ, իրենք  զգալով, որ կենթարկվեն քրեական պատասխանատվության, ժամեր անց իրենց ծանոթների միջոցով դիմեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն և տարբեր ճանապարհներով  նկարեցին այդ մարմնական վնասվածքները: Կա՛մ իրենք իրենց են դիտավորյալ վնասվածքներ հասցրել, կա՛մ բժիշկների որոշակի միջամտությամբ է դա եղել», կարծիք հայտնեց Սողոմոնյանը:
Ըստ նրա գործի նյութերից  բացակայում է Արսենի ծնոտի կոտրվածքի վերաբերյալ համապատասխան  ռենտգեն լուսանկարը, որը պետք է հիմք հանդիսանար, թե՛ արարքի որակման համար, թե՛ կոտրվածքը հիմնավորելու համար: «Սակայն, ըստ դրա  ինձ մեղադրանք է առաջադրվել: Իմ վնասվածքը փորձագետի կողմից սխալ է որակվել, մենք դա բողոքարկել ենք: Նա տվել է թեթև մարմնական վնասվածք, բայց ես երկու շաբաթից ավել ունեցել եմ սրտխառնոց, գլխապտույտներ, գլխացավեր, ձախ աչքիս տեսողությունը մոտ մեկ ամիս չէր վերականգնվում»,- ասաց Արմեն Սողոմոնյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ դատարանում ցույց կտա, թե ինչպես են իր վնասվածքի վերաբերյալ բժշկական ամբուլատոր քարտի վրայի համապատասխան գրառումը  շտրիխով ջնջել  ու իր վնասվածքի վերաբերյալ ավելի թեթև նշումներ կատարել, ինչը փաստաբանը պատահական չի համարում:
Վերջինիս խոսքով՝ մեղադրական եզրակացությանը ծանոթանալուց հետո շատ զավեշտական պահեր են երևում, մարդիկ դարձել են վկաներ, քրեական գործեր են կարճվել իրենց նկատմամբ: Փաստաբանը չմանրամասնեց, սակայն  խոստացավ  դատարանում դիմակներ պատռել:
«Իմ վերաբերյալ ակնհայտ շինծու մեղադրանքով քրեական գործը գտնվում է ներկայումս դատարանում ու այն գործը, որի հետ ես որևիցե կապ չեմ ունեցել, թե այդ անձանց հետ, թե իրենց խնդիրների հետ: Տիգրան Աթանեսյանը որպես  վկա է ներգրավված գործում: Սկիբից ես ու Տիգրանը տուժող էինք, մեկ շաբաթվա ընթացքում բոլորս դարձանք մեղադրյալներ, մյուս խումբը նույնպես, հետո բոլորս դարձանք տուժողներ, հետո բոլորը մեղադրյալներ, հետո ես մնացի մեղադրյալ, այն կողմից էլ Սիմոն Բաբայանն ու Արսեն Հարությունյանը», գործի հանգամանքներն է ներկայացնում փաստաբանը, — անկախ նրանից այս գործով ես կդատապարտվեմ, թե չէ, իմ ձեռքով ոչ ոք չի դատապարտվի, ես անգամ հնարավոր է հաշտվեմ, ես տղամարդավարի պատասխան կտամ իմ արածի համար, բայց չարածի համար չեմ պատրաստվում պատասխանատվություն կրել: Չի բացառվում նաև, որ եթե մյուս կողմը գա և  իրեն նորմալ պահի,  ճիշտ ասի ինչպես է  եղել, այդ ժամանակ ես կհաշտվեմ, և որևիցե մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվի: Ասեմ նաև, որ ես ի սկզբանե դեմ եմ եղել այս գործով հաղորդում տալուն,  բայց քանի որ իմ ընկերը հաղորդում էր տվել, բնականաբար ոստիկաններն էլ եկան, գործը շարունակվեց»:
Հիշեցնենք նաև, որ Սիմոն Բաբայանը միջադեպից հետո հայտարարել էր, որ  Տիգրան Աթանեսյանը Ֆեյսբուքում փաստաբանների փակ խմբերից մեկում, որտեղ շուրջ 400 փաստաբան է ներգրավված, հայհոյանքներ է հնչեցրել իր ու իր ընտանիքի հասցեին, և նա  գնացել է Աթանեսյանի գրասենյակ՝ պարզաբանում ստանալու:
Մենք զրուցել ենք նաև փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ, ով այս  գործի քննությունը համարում է խայտառակություն և հարցի կոծկում: «Իմ մասով, իմ նկատմամբ հարձակում գործած մասով գործի նյութը կարճվել է դեռևս մարտ ամսին: Ես այդ չորս անձանց մասով կարճումը բողոքարկել եմ դատախազին: Հիմա մերժվել եմ և հիմա գործը գտնվում է դատարանում: Բողոքս Երևանի ընդհանուր իրավասության դատարանում է, հաջորդ նիստը կլինի սեպտեմբեր ամսին»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:
Ինչ վերաբերվում է դատարան ուղարկված գործին, փաստաբանն ասաց,  որ  մեկնաբանություններ չունի, քանի որ տեղյակ չի՝ ինչ է կատարվում: Հարցին, թե ինչպես պատահեց,  որ այս գործով ինքը վկայի կարգավիճակ ստացավ, Արմեն Սողոմոնյանը՝  մեղադրյալի,  Տիգրան Աթանեսյանը պատասխանեց :
«Ես անգամ չգիտեմ վկա եմ այդ գործով, թե ոչ, որևէ ծանուցագիր չեմ ստացել, տեղեկություններ չունեմ: Իսկ ինչ է տեղի ունեցել, ես առավել քան համոզված եմ, որ եղել է ազդեցություն և ամեն ինչ կանեմ, որ դա բացահայտվի: Բացի իմ գրասենյակի բուն հարձակումից, համոզված եմ, որ տեղի են ունեցել այլ ապօրինություններ»:
Բաբայանի և մյուսների հետ Աթանեսյանը որևէ շփում չի ունեցել այս ընթացքում, չի  հանդիպել և չի  պատրաստվում հանդիպել:
«Եղել են տարբեր տեսակի միջնորդութուններ, որպեսզի հաշտվենք, ես ունեցել եմ շատ հստակ պատասխան, որ այդ անձինք պետք է հրապարակավ ընդունեն իրենց մեղավորությունը և ներողություն խնդրեն և ոչ միայն ինձանից, այլև ամբողջ փաստաբանական ինստիտուտից: Չստացվի, որ ես ինչ-որ մեկի արյունն եմ ուզում, կամ վատություն անել: Ես համարում եմ, որ ոչ թե իմ անձնական խնդիրն է դա, բացարձակ, այլ փաստաբանական ինստիտուտի»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:
Դեպքի վերաբերյալ »Սիմոն Բաբայանն ասաց, որ այս թեմային բազմիցս անդրադարձել է, ուստի կրկին, այն իր մանրամասնություններով քննարկելը նպատակահարմար չի համարում, մանավանդ, որ այդ առումով նոր ասելիք չունի  և գործն էլ դատարանում է:
«Միջադեպի դետալները նույնպես չեմ պատրաստվում քննարկել, միայն կարող եմ ասել, որ ո´չ ես, ևո´չ էլ Արսեն Հարությունյանը, որևէ հանցավոր արարք թույլ չենք տվել, իսկ մեղսագրվող արարքը բացարձակապես մտացածին է, և չհիմնավորված: Ինձ համար պարզապես զարմանալի էր, որ Տիգրան Աթանեսյանի մասով քրեական հետապնդումը դադարեցվեց, մինչդեռ  ակնհայտ է, որ առաջինը նրա վարքագիծը պետք է իրավական խիստ գնահատականի արժանանար, քանի որ հենց նա սադրեց այդ վիճակը՝ նախ իր գրառումներով, ապա իր գործողություններով։»,- ասաց Սիմոն Բաբայանը՝  հավելելով, որ Տիգրան Աթանեսյանի նկատմամբ քրեական հետապանդումը դադարեցնելու մասին որոշումը բողոքարկել են:
Նշենք նաև, որ դատարանում Արմեն Սողոմոնյանի շահերը պաշտպանում է փաստաբան Արթուր Գրիգորյանը, իսկ Սիմոն Բաբայանի շահերը՝ Հրանտ Անանյանը:
Լիլիթ Թադևոսյան 

Pin It on Pinterest