Հուլիսի 29-ին լրանում է Սարի թաղում քաղաքացիական անձանց և լրագրողների նկատմամբ ոստիկանության կազմակերպած բռնությունների երկրորդ տարին: Ինչպես հայտնի է, այդ օրը Սասնա ծռեր խմբի համակիրները Ազատության հրապարակից երթով շարժվել էին Սարի թաղ: Ոստիկանության ազդեցությամբ շարժվող քաղաքացիական հագուստով անձինք քարերով, փայտերով, ոտքերով ու ձեռքերով ծեծել ու դաժան վերաբերմունքի էին արժանացրել լրագրողներին ու ցուցարարներին:
Ոստիկանությունը ցուցարարների ու լրագրողների նկատմամբ կիրառել էր հատուկ միջոցներ: Բեկորային վնասվածքներ ու այրվածքներ ստանալով՝ նրանք տեղափոխվել էին հիվանդանոցներ: Հարուցված քրեական գործի շրջանակում 19 լրագրող և 6 տասնյակից ավելի քաղաքացի տուժող էր ճանաչվել: Որոշ գործեր դատաքննության փուլում են, մյուսների մասով դեռ ընթանում է նախաքննություն: Տուժող ճանաչված լրագրողներից է Ռոբերտ Անանյանը, որն այսօր այցելել է Հատուկ քննչական ծառայություն՝ տեղեկանալու գործի ներկա ընթացքից: Նրան ընդունել է քրեական գործով վարույթն իրականացնող ՀՔԾ պետին առընթեր ՀԿԳ ավագ քննիչ Գարեգին Բեգոյանը:
Հիշեցնենք, որ լրագրողը ոստիկանության կիրառած հատուկ միջոցներից աջ և ձախ ոտքերին բազմաբեկորային վնասվածքներ ու այրվածքներ էր ստացել, ինչպես նաև աջ նախաբազկի շրջանում բեկորային վնասվածք: Սարի թաղից հեռանալիս Ա1+-ի անձնակազմը ոստիկանական հարձակման էր ենթարկվել, բռնություն գործադրելով՝ ոստիկանները լրագրողին ու օպերատոր Տիգրան Բադալյանին ստիպել էին դուրս գալ ավտոմեքենայից և չշարունակել ճանապարհը: Այդպիսով՝ խոչնդոտվել էր լրագրողների օրինական մասնագիտական պարտականությունների կատարումը: Ստորև ներկայացնում ենք լրագրող Ռոբերտ Անանյանի դիտարկումներ գործի քննության ընթացքի շուրջ: 2 տարի ձգվող նախաքննությունը ոչ մի դրական տեղաշարժ չի արձանագրել:
Հակառակը՝ քննչական խումբն արել է ամեն ինչ՝ գործի կարճման հիմքեր ստեղծելու ուղղությամբ: Մասնավորապես՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունում կեղծ տվյալներ են ներդրվել: Փաստաթղթում ասված է, որ մարմնիս տարբեր հատվածներում եղած վերքերը կարող էին հասցվել պայթյունից առաջացած բեկորներով, որոնք առողջության թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում: Սա քննիչների ձեռքով սարքված ակնհայտ կեղծիք է: Կան տեսանյութեր, որոնք հավաստում են իմ ստացած վերքերի լրջությունը: Ի վերջո, եթե ստացած վիրավորումներս թեթև վնասի հատկանիշներ չեն ունեցել, ինչո՞ւ էի մի քանի օր սայլակով տեղաշարժվում, ինչո՞ւ էի մեկ շաբաթից ավելի հիվանդանոցում անցկացնում:
Օբյեկտիվ քննության դեպքում պետք է դատարանի առաջ կանգնեն նախկին բարձրաստիճան ոստիկաններ Լյովա Երանոսյանը և Աշոտ Կարապետյանը: Գործի հիմքում դնելով կեղծ դատաբժշկական եզրակացություն՝ քննչական մարմինները նպատակ են ունեցել պաշտպանել այս երկու անձին: Ըստ իս՝ հուլիսի 29-ի գործը քննող քննիչները, գործելով իջեցված քաղաքական պատվերի կանոններով, թաթախված են բացմաթիվ հանցագործությունների մեջ և չեն կարող օբյեկտիվ քննություն կատարել:
ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն Խաչատրյանը պետք է մտածի, թե ինչպես է վարվում հանցագործություններ պարտակելով զբաղված քննիչների հետ: Առաջին բանը, որ պարոն Խաչատրյանը պետք է անի, Սարի թաղի գործը քննող քննչական խմբից ազատվելն է: Գործը կարիք ունի նոր քննության՝ հաշվի առնելով իրական ապացույցները և հանգամանքները:
Այսօր ՀՔԾ-ում տեղեկացա, որ Սարի թաղում ոստիկանական գործողությունը ղեկավարած Լյովա Երանոսյանը և Աշոտ Կարապետյանը երկու տարի առաջ հարցաքննվել են, սակայն նրանց կարգավիճակը գաղտնի է պահվում: Երանոսյանի և/կամ Կարապետյանի հրամանով է խաղաղ ցուցարարների ու լրագրողների դեմ կիրառվել հատուկ միջոցներ: Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները վկայում են, որ ոստիկանության գործողությունները իրավաչափ չէին և իրավունք չունեին հուլիսի 29-ին հատուկ միջոցներ կիրառել:
Ոստիկանությունը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին հայտնել է, որ Սարի թաղում կիրառվել է ձեռքի լուսաձայնային նռնակ «Ֆակել-Ս»- 20 հատ, անբեկոր լուսձայնային նռնակ «Զարյա- 3»- 22 հատ, 40 մմ լուսաձայնային արկ «Սվիրել»- 13 հատ, լուսաձայնային նռնակ «Պլամյա Մ»- 1 հատ: Հատուկ քննչական ծառայությունը պետք է արդեն պարզած լիներ, որ 2016-ի հուլիսի 29-ին ոստիկանությունը չի ունեցել հատուկ միջոցներ կիրառելու բավարար հիմքեր:
Ինչպես հայտնի է, 2016-ի հուլիսի 29-ին Սարի թաղում ոստիկանները և նրանց ազդեցությամբ գործող քաղաքացիական անձինք հարձակվել են ցուցարարների վրա: Հատուկ միջոցների և ֆիզիկական բռնի գործողությունների կիրառման արդյունքում վիրավորվել են մի քանի տասնյակ լրագրողներ ու քաղաքացիներ: Սա հիմք է տալիս պնդելու, որ հարձակման են ենթարկվել ոչ թե ոստիկանության ծառայողները, այլ՝ ցուցարարները: Այսինքն՝ ոստիկանությունն այս հիմքով չէր կարող դիմել հատուկ միջոցների:
Տեսանյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հուլիսի 29-ին քաղաքացիները չեն դիմադրել ոստիկաններին, մասնավորապես՝ նռնակների պայթյուններից հետո ոչ թե ընդհարվել են ծառայողներին, այլ՝ նահանջել ու հետապնդվել: Չի կարող ապացուցվել նաև այս կետի երկրորդ պայմանը՝ օրինական պահանջներին չենթարկվելու մասով: Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները հավաքն առաջնորդած մի քանի անձի հրահանգել են քաղաքացիներին հեռացնել Սարի թաղից, տվել 5 րոպե ժամանակ, սակայն այս պահանջի օրինական հիմքերը չեն ներկայացվել:
Հուլիսի 29-ին Սարի թաղի հավաքն ունեցել է խաղաղ բնույթ, ցուցարարներն օգտվել են Սահմանադրությամբ իրենց տրված իրավունքներից: Հետևաբար՝ չի կարող իրավախախտման մասին խոսք գնալ: Այս կետը ևս հիմք չէր տալիս հատուկ միջոցի կիրառման: Սարի թաղից բերման ենթարկված կամ մեղադրված որևէ քաղաքացու մոտ զինված դիմադրություն ցույց տալու համար անհրաժեշտ առարկա չի հայտնաբերվել:
Փաստերի համադրումից ակնհայտ է դառնում, որ 2016-ի հուլիսի 29-ին Սարի թաղի հավաքն ունեցել է խաղաղ բնույթ: Սահմանադրական իրավունքներից օգտվող ցուցարարների ու լրագրողների նկատմամբ ոստիկաններն ու քաղաքացիական հագուստով անձինք կիրառել են ֆիզիկական բռնի ուժ և հատուկ միջոցները կիրառվել են վերոնշյալ օրենքի պահանջների կոպիտ խախտմամբ: Մի՞թե 2 տարին բավարար չէր, որպեսզի Հատուկ քննչական ծառայությունը կատարեր այս փոքրիկ վարժությունը և ի հայտ բերեր ճշմարտությունը:
Որևէ կասկած չկա, որ նախկինում քննչական մարմինները գործել են Սերժ Սարգսյանի հրահանգով: Խնդիր է դրվել կոծկել Սարի թաղի պետական ահաբեկչությունը և պատասխանատուներին ազատել քրեական պատժից: Կան բավարար հիմքեր, որպեսզի քրեական հետապնդում իրականցվի Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի և ներքին զորքերի նախկին հրամանատար Լյովա Երանոսյանի նկատմամբ: Փաստված է, որ այս երկուսի անմիջական հրահանգով ու օրենքի կոպիտ խախտմամբ կիրառվել են հատուկ միջոցներ՝ ծանր վիրավորելով մի քանի տասնյակ մարդկանց: Նռնակները նետվել են՝ ոչ թե օդում պայթելու և ձայն արձակելու նպատակով, այլ՝ անմիջապես քաղաքացիների շարքերը: Սա ևս օրենքի կոպտագույն խախտում է:
Ակնհայտ է, որ նույնիսկ Թավշյա հեղափոխությունից հետո քննչական մարմինները ցանկություն չունեն բացահայտել հուլիսի 29-ը: Պատճառը պարզ է: Մեծ հավանականությամբ՝ մեղադրյալի աթոռին են հայտնվելու Լյովա Երանոսյանը և Աշոտ Կարապետյանը, ինչը հետ է պահում ՀՔԾ-ին: Թեև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է իրավապահ համակարգին գործել անկաշկանդ, այդուհանդերձ, ասվածը լավ չի ընկալվել:
Վարչապետ ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանը քննչական մարմինների աշխատանքի գնահատման բարձր նշաձող սահմանեց: Ասաց, որ 2008 թվականի մարտի 1-ի գործի բացահայտումից կախված է լինելու իր գնահատականը քննչական մարմիններին: Կարճ ժամանակում տեսանք լուրջ և անսպասելի շրջադարձ: Ցավալիորեն կարող ենք փաստել, որ ՀՔԾ պետի պաշտոնում Սասուն Խաչատրյանի նշանակումը չի բարձրացրել քննիչների անկախությունը և օրենքի գերակայությունը չի դարձել ամենօրյա գործունեության սկզբունք:
Հասկանալով, որ խոշոր ձկներ են ընկնելու կարթը, քննիչները վախենում են ինքնուրույն գործել: Այլ կերպ ասած՝ ՀՔԾ-ում սպասում են Նիկոլ Փաշինյանի ուղիղ հրահանգին:
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: