Ցմահ դատապարտյալներն իրենց կյանքը դանդաղ մահ են անվանում, բանտի 4 պատերը համարում են քարե դագաղ, որի կափարիչը ժամանակ առ ժամանակ մի փոքր բացվում է, հույս է երևում: Պատկերավոր այս արտահայտությունն արել էր ցմահ դատապարտյալներից Մանուկ Սեմիրջյանը, որը նորանկախ Հայաստանի առաջին մահվան դատապարտվածներից էր, և կալանավայրում 22 տարի անցկացնելուց հետո, մահացավ ամանորի գիշերը:
Թեև օրենքը թույլ է տալիս ցմահներին 20 տարվա անազատությունից հետո դիմել վաղաժամկետ ազատման համար, սակայն Հայաստանում ոչ մի «ցմահ» այդ իրավունքը չի ստացել: Միակ բացառությունն արվել է 2017 թվականին Սողոմոն Քոչարյանի համար, որին, սակայն ազատեցին հիվանդության պատճառով, կալանավայրերի տերմինով ասած՝ «ակտիրովկայի» ենթարկվեց, ազատության մեջ անցկացրեց ընդամենը 17 օր և մահացավ հիվանդանոցում:
Հեղափոխությունից հետո ցմահների դագաղի կափարիչը կրկին մի փոքր բացվեց: Հույս արթնացավ, որ նոր կառավարիչները, արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն անմիջապես կզբաղվեն իրենց խնդրով, հասկանալով, որ չկա ավելի կարևոր հարց, քան մարդու ազատագրումը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արդարադատության նոր նախարար Արտակ Զեյնալյանը այնպես կանեն, որ 2003 թվականին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով «ներվածները», որոնք կալանավայրում 20 տարուց ավելի են անցկացրել, ազատվելու հնարավորություն կստանան:
Ցմահները բողոքի ակցիաներ կազմակերպեցին, հացադուլներ հայտարարվեցին, նամակներ ուղարկեցին ատյաններ, սակայն վիճակն ավելի վատացավ: ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի գործով, բանդայի կազմավորման և սպանությունների համար դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը որդու՝ Աբգար Տեր-Սահակյանի միջոցով փոխանցեց Forrights.am-ին.
«Ես 20 օրից ավել հացադուլի մեջ մնացի, պահանջել էի, որ արդարադատության նախարարությունից ինչ որ պաշտոնյա գար, ոչ թե անձամբ նախարարը, այլ որևէ մեկը: Պահանջել էի դատախազությունից, ՄԻՊ-ից: Հելսինկյան կոմիտեից էի պահանջել՝ Ավետիք Իշխանյանից, դեպուտատների էից պահանջել, բայց ոչ ոք չեկավ: Բայց առաջ եթե հացադուլի մեջ էիր լինում, էլի գալիս էին, ուշադրություն էին դարձնում, ճնշում էին չափում: Այս անգամ ոչ մի մարդ չեկավ: Դեպի վատն ա գնացել ամեն ինչ, ոչ թե դեպի լավը: Իրենք պարտավոր էին հանդիպել հացադուլավորի հետ, ոչ թե տենց առհամարհված թողնել մարդուն»:
Արմեն Տեր-Սահակյանը կալանավորվել է 1998 թվականին և դատապարտվել է 2000-ին: Իրավական առումով համարվում է, որ նա 22 տարի է, անազատության մեջ է, քանի որ այն ժամանակ գործող օրենքով, կալանքի յուրաքանչյուր օրը մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը օր ու կես էին հաշվում: Արմեն Տեր-Սահակյանի հարազատները հունիսի 11-ին կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի էին դուրս եկել: Նրանց միջոցով Տեր-Սահակյանին 5 հարց ուղղեցինք և ստացանք պատասխանները: Ստացվեց հեռակա հարցազրույց ցմահ դատապարտյալի հետ:
Ձեր կարծիքով ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը չէին ուզում լուծել ձեր խնդիրները: 2003 թվականին Քոչարյանը, դատավորի դեր ստանձնելով, Ձեզ դատապարտեց ցմահ ազատազրկման, զրկեց «ցմահներին» վաղաժամկետ ազատման համար դիմելու հնարավորությունից, իսկ 2011 թվականին, երբ ազատազրկման առավելագույն պատժաչափը 15 տարուց փոխվեց 20-ի, Ձեր գործերը չվերանայվեցին:
Կարծում եմ, Քոչարյանի կողքին բոլորը անգրագետներ են եղել, որ չեն ասել՝ նման բան դու իրավունք չունես անելու, դա դատարանի գործն է: Բնականաբար, եթե նախագահ Քոչարյանը արդեն սխալը թույլ էր տվել, ոչ մի դատավոր առյուծի սիրտ չէր կերել, որ Քոչարյանի որոշմանը դեմ գնար: Բացի դա, Ռոբերտ Քոչարյանը չէր կարող ցմահներին վաղաժամկետ ազատվելու իրավունք տալ, քանի որ Նաիրի Հունանյանն էլ ընկնելու էր դրա տակ, և ժողովուրդը կասեր՝ քո արածն էր, որ Նաիրիենց ուզում ես թողնել: Այսինքն մենք՝ նախկինում մահվան դատապարտված 42 հոգիս, ընկանք Նաիրի Հունանյանի և Ռոբերտ Քոչարյանի «ուդառի» տակ: Սերժ Սարգսյանը ընդհանրապես ցմահներով չի զբաղվել, նրա համար մեկ էր՝ կանք մենք, թ՞ե չկանք:
Ի՞նչ պահանջներ ունեք, որոնք բարձրացրել էիք վերջին անգամ հացադուլի միջոցով:
Ես որպես ցմահ դատաօարտյալ հայտարարում եմ, որ այսօր Հայաստանում մահապատիժը չի վերացվել: Այն ի կատար է ածվում: դանդաղ մահով արդեն 23-ից ավելի մարդ է մահացել՝ ջահել, ահել: Այսինքն, ոչ ոք չի ազատվում և այստեղ բոլորը մահանում են: Սա սադիզմ է պետության կողմից, սա ցույց է տալիս, որ մեր պետությունունը գթասիրտ չի, հակված է սպանության: Ես պահանջում եմ իմ գործի վերանաւյում: Չեմ ասում՝ անմեղ եմ: Արել եմ հանցագործություն, բայց իմ հանցանքի չափով կարող էին ինձ պատժել: 10, 15, թեկուզ 20 տարի տային, բայց ոչ ցմահ բանտարկություն, կամ մահապատիժ:
Իմ գործը քաղաքական պատվեր էր Վանո Սիրադեղյանի դեմ, ուղիղ Բաղրամյան 26-ից եկած պատվեր էր: Մինչև դատավճիռը ինձ մոտ գալիս էր Աղվան Հովսեփյանը: Նա և մեր քննչական խմբի պետը ասում էին՝ քեզ մահապատիժ չի հասնում, բայց մենք քեզ տալու ենք, տենց էլ իմացի: Այն ժամանակ իրենց իշխանությունը նոր էր, իրենք իրենց շատ լավ էին զգում: «Իմ դեմ խաղ չկա»-ն շատ նուրբ է ասված: Երկրորդ պահանջը մեր հարգելի, սիրելի Նիկոլ Փաշինյանից է, որ նա ոչ թե խոսքեր ասի, այլ իրոք օրենքի տառը ապահովի: Եթե նա պայքարել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմ, լավ գիտի, որ Քոչարյանի բոլոր քայլերն անօրինական են եղել, այդ թվում՝ մահապատիժը ցմահ ազատազրկմամբ փոխարինելը: Հիմա մենք պահանջում ենք, որ այդ որոշումը չեղյալ համարվի:
Արդարադատության նախարարը հունիսի 6-ին իր ֆեյսբուքյան ասուլիսում ասաց, որ ուսումնասիրում է ցմահների պահանջները, առաջիկայում կոնկրետ գործողություններ կլինեն և որ նա պետք է իմանա զոհերի կամ նրանց շահերի պաշտպանների վերաբերմունքը այս հարցին: Դուք բավարարվա՞ծ եք նախարարի պատասխանով:
Գործողությունները, որոնք մասին նախարարը ասում է, պետք է խիստ անհատական լինեն: Մենք միշտ պահանջել ենք գործերի անհատական վերանայում, ում սխալ են դատել, ում ճիշտ: Զեյնալյանն ասում է նաև, որ ցհամները շատ են մեր ազգաբնակչության թվաքանակի հաշվարկով, և պետք է քչացնել քանակությունը, բայց ինչպես է դա անելու, չի ասում: Երկրորդն էլ, ինչը աբսուրդ է, որ ասում է՝ մենք տուժողների կարծիքն էլ պետք է հաշվի առնենք: Բայց տուժողն ի՞նչ կապ ունի: Նա իր խոսքն ասել է դատարանում, պահանջել է առավելագույն պատիժ: Մենք էլ տուժողի հետ գործ չունենք:
Մենք 20 տարուց ավելի նստել ենք, ցմահ դատապարտման համաչափ օրենքով սահմանված ժամկետը: Մենք արդեն գործ ունենք պետության հետ, ոչ թե տուժողի: Պետությունը պետք է որոշի իմ կարգավիճակը: Մեր տուժողները մեզ ասում էին՝ էս տղերքը կապ չունեն, դա պետական որոշում է եղել: Ես չէ, բայց շատերը դատապարտվել են պատերազմական տարիներին, 92-93 թվերին: Այն ժամանակ եթե ցանկացածի ասեին՝ սա ազգի դավաճան է, կելնեին այդ մարդուն ազգովի կսպանեին: Արտակ Զեյնալյանը ընկել է երկրորդական հարցերի հետևից: Նա պետք է սկզբից մարդկանց կյանքի հարցը լուծի: Մենք այնքան ենք լսել՝ զբաղվում են էդ հարցով, բայց ոչ մի լուրջ բան երբեք չի եղել:
2012 թվականին դուք ասում էիք, որ սենսացիոն հայտարարություն ունեք անելու: Աղվան Հովսեփյանը դրանից հետո ձեզ այցելեց, և դուք էլ չարեցիք այդ հայտարարությունը: Ի՞նչ էիք ուզում ասել: Գոնե հայտնեք, թե ում էր վերաբերվում, արդյո՞ք դա Ձեր քրեական գործի հանգամանքներին էր վերաբերում:
— Ոչ, դա Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին էր վերաբերում: Մեր գործը բոլորը գիտեն, վերից վար պարզ էր, թե ոնց է եղել: Ես մահապատիժ ստացել եմ ցուցմունք չգրելու համար: Եկել է ցուցմունք տվողների շղթան հասել է ինձ, առաջ չի գնացել, իսկ ինձ ասում էին՝ անուն տուր, գնա տուն, Վահան Հարությունյանից շուտ կազատվես: Ես դատապարտվել եմ ցմահ ազատազրկման մի բանի համար՝ որ վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չեմ գրել: Ինչ վերաբերում է հայտարարությանը՝ եթե ես դա հիմա էլ ասեմ, շատ մարդկանց համար վատ կլինի: Բայց դա շատ լուրջ հարց է, ես չեմ ուզում պատասխանել: Դա հիմա էլ սենսացիոն հայտարարություն կլինի, բայց ես չեմ ուզում ժամանակից շուտ ասեմ: Աղվան Հովսեփյանը որ եկավ, ասում էր՝ նման բան չկա, համոզում էր:
Էն ժամանակ եթե իմանայիք, որ ամեն ինչ այսպես է դասավորվելու, Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք կտայի՞ք:
2008 թվականին, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը դրեց նախագահի իր թեկնածությունը, էլի ինձ մոտ եկան, էլի ասում էին՝ կազատվես, ցուցմուքն տուր: Աղվան Հովսեփյանը անձամբ եկավ: Ես չտվեցի: Իրենց պետք չի եղել ճիշտն իմանալ, իրենց Վանոն էր պետք, պետք էր նրան ասպարեզից հանել, դաշտը մաքրել Վանոյից: Մարդիկ շատ կային, բայց միայն Վանոյից էին իրենք վախենում: Ես մի տարի ցուցմունք չեմ տվել, 8 ամիս նստած էի, Վահանին Հարությունյան հանեցին բերեցին տնից, որ Վանոյի վրա ցուցմունք տվող լիներ: Հիշո՞ւմ եք, Վանոյի հայտնի խոսքը՝ ես քավության նոխազ չեմ դառնա: Այսինքն, ուզում էր ասել, որ ինքը կապ չուներ, չ՞է: Եթե նա կապ չունի, Արմե՞նն ինչքան կապ ունի: Հիմա ես նստած եմ, 20 տարի, քավության նոխազ դարձած:
Դուք 2000 թվականին դատարանում ձեզ հոգեկան հիվանդի տեղ էիք դնում, և շատերը ասում էին, որ ձևացնում եք: Չեմ կարող չտալ այս հարցը, քանի որ շատերին հետաքրքրում էր: Կարո՞ղ եք ասել, ինչո՞ւ էիք ձևացնում, թե հոգեկան հիվանդ եք:
Ձեր հարցին պատասխանելու իմաստ չեմ տեսնում, քանի որ ինձ դատարանը չեր դատում, այլ Բաղրամյան 26-ը: Այն տեղից էր որոշվում, թե ինչը ինչպես պետք է լինի:
Սյուզան Սիմոնյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: