«Հիմնադիր խորհրդարան»-ի աջակից, «Սասնա ծռեր» խմբի համակիր, նկարիչ Փայլակ Թեւանյանը մոտ մեկ տարի է ամբաստանյալի կարգավիճակ ունի։: Ըստ մեղադրանքի՝ նա նախորդ տարվա հունիսի 28-ին «Սասնա ծռեր»-ի գործով նիստի ժամանակ Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դարպասների դիմաց է ապտակել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող կարգադրիչ Առաքել Արզումանյանին։ Փայլակ Թեւանյանը չի ընդունում մեղադրանքը։
Նա շատ լավ է հիշում այդ օրը, երբ դատարանում բռնություն կիրառվեց «Սասնա ծռեր» խմբի 4 անդամների՝ Արայիկ Խանդոյանի, Գագիկ Եզիազարյանի, Արեգ Կյուրեղյանի եւ Մխիթար Ավետիսյանի նկատմամբ, իսկ դատարանի դարպասներից այն կողմ՝ իրենց նկատմամբ։ «Դատարանի դիմաց կանգնած էինք, մեր հերթին էինք սպասում, որ մտնեինք ներս։ Այդ ժամանակ դատարանի ներսից աղմուկ ենք լսում։ Ուզում էինք հասկանալ, ինչ է կատարվում, մեկ էլ տեսնենք Գարուշին՝ Աշոտ Պետրոսյանի որդուն, դուրս էին հանում դատարանից։ Մոտեցանք իրեն, գոռում ենք, ասում ենք՝ ի՞նչ է եղել, ասեց Մխիթար Ավետիսյանին են գցել գետնին, շատ լարված իրավիճակ էր։ Գարուշը հասավ մեզ։ Այդ ընթացքում կարգադրիչ Առաքել Արզումանյանը, ես եւ Գարուշ Պետրոսյանը հայտնվեցինք նույն հատվածում»,- հիշում է Փայլակ Թեւանյանը։
Նրա խոսքերով՝ հենց այդ ընթացքում կոնֆլիկտային իրավիճակ էր ստեղծվել, փորձել է ընկերոջը եւ կարգադրիչին իրարից բաժանել: «Կարգադրիչին հրում էի այս կողմ, Գարուշին այն կողմ, բաժանում էի, որ կոնֆլիկտ չլինի։ Մեկ էլ կարգադիչը հետեւիցս հայհոյում է։ Այդ ժամանակ, որ հայհոյում էր, մոտեցա, ցանկացա պատասխանել, որովհետեւ նա վիրավորում է իմ արժանապատվությունը»,- վերհիշում է նկարիչը։
Նրա խոսքերով՝ այդ ժամանակ այնտեղ կանգնած ոստիկանները բացարձակ անգործություն են ցուցաբերել եւ ոչինչ չեն արել։ Փոխարենը դեպքից մի քանի օր անց նրան բերման են ենթարկում եւ մեղադրանք առաջադրում։ Գործով նախաքննությունը տեւում է մոտ երկու ամիս։ Օգոստոսի 17-ին գործն ուղարկվել է Ավան եւ Նոր- Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան։ «Տեսանյութ են ներկայացնում, որտեղ երեւում է, որ ես առաջ եմ գնում եւ ուժեղ հարվածի ձայն է լսվում, սակայն հարվածի պահը չի երեւում։ Երբ տեսանյութը դանդաղացնում ես, միաձայն աղմուկ է եւ այդ աղմուկի մեջ ուժեղ ճայթյունի ձայն է լսվում։ Այս դեպքում նույնիսկ ոչ պրոֆեսիոնալ մասնագետը կարող է փաստել, որ այդ ձայնը դրված է կամ ինչ -որ բան արված է»,- ավելացնում է Փայլակ Թեւանյանը՝ պնդելով, որ գործը սարքված է:։
Նա հստակ գիտի՝ ինչու որոշեցին իրեն եւս մեղադրանք առաջադրել «Շրջապատի բոլոր տղաների վրա կային քրեական գործեր, մնացել էի միայն ես, որ որեւէ գործ իմ նկատմամբ չկար։ Կոնկրետ ինձ ճնշելու միտում կար։ Իմ կարծիքով հենց դա եղավ պատճառը, որ եւս մեկ լծակ ավելացնեն, որ Փայլակին կարողանան ճնշել՝ սկսել են քրեական տարրերից, վերջացրել պաշտոնյաներով: Այն ժամանակ, երբ գործով նախաքննություն է ընթացել, եղել է Սերժ Սարգսյանի ռեժիմը, ինձ համար տարօրինակ չէ, որ մարդիկ կարող են ոչինչ չանեն եւ մեղադրանք առաջադրվի»,- ասում է Փայլակ Թեւանյանը։
Գործով դատաքննությունն արդեն ավարտվել է։ Մեղադրողն արդեն պետք է հանդես գա ճառով։ Սակայն նիստերը թավշյա հեղափոխությունից հետո տեղի չեն ունենում։ Հերթական նիստը նշանակված է օգոստոսի 15-ին։ Փայլակ Թեւանյանը նշում է՝ դատաքննության ողջ ընթացքում չուսումնասիրվեցին պատճառները, թե ինչի համար էր այդ աղմուկը, հրմշտոցը։ «Հիմնադիր խորհրդարան»-ի աջակցին զարմացնում է այն, որ իր գործով արագ նախաքննությունն ավարտվեց, մինչդեռ «Սասնա ծռեր»-ին ծեծի ենթարկելու գործով մինչեւ հեղափոխությունը որեւէ մեղադրյալ ներգրավված չէր։
Միայն այս տարվա հուլիսի 13-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանին հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար մեղադրանք է առաջադրվել։ «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի կողմից դժգոհություն հայտնելու ըմբոստության համար նրան պատժելու նպատակով մտել է վերջինիս խուց, ապտակել դեմքին, որից հետո ոստիկանության ուղեկցող գումարտակի այլ ծառայողների հետ միասին ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցրել Գագիկ Եղիազարյանի մարմնի տարբեր հատվածներին` նրան դիտավորությամբ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Հատուկ Քննչական ծառայությունը փոխանցում է, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ուղեկցող գումարտակի հրամանատար Արմեն Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ամբաստանյալին խոշտանգելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Միջադեպը սկսել էր այն բանից հետո, երբ Արեգ Կյուրեղյանը փաստաբանին ցանկացել էր գրություն փոխանցել։
«Պաշտպանի ձեռքից ոստիկանը խլեց իմ փոխանցած փակ թուղթը, մինչդեռ ոչ -ոք իրավունք չունի դա կարդալու։ Իսկ ես պահանջում էի, որ եթե խուժան չէ, ոստիկան է, մնա իր պարտավորությունների մեջ, թուղթը չվերցնի։ Իրենք էլ հրաժարվում էին տալ եւ հենց դահլիճի դռան մոտ նրանք ծեծի ենթարկեցին»,- հիշում է վերջերս պատգամավորների երաշխավորությամբ ազատության մեջ հայտնված Արեգ Կյուրեղյանը։ Նրա խոսքերով՝ ճիշտ է հիմա երկրում իրավիճակ է փոխվել, բայց դատական համակարգը չի կայացել։ Դատարանում ոտքի չկանգնելն էլ վկայում է այն մասին, որ արդարադատության համակարգը չի կայացել։ Երբ փոփոխություն նկատեց, այդ ժամանակ էլ կներկայացնի իր բողոքը։
Միջադեպից հետո Արեգ Կյուրեղյանը հրաժարվել էր ներկայանալ դատաբժշկական փորձաքննության եւ խնդրել էր իրեն հանգիստ թողնել՝ քանի որ արդարադատությունից ակնկալիք չի ունեցել։ Ուղեղի ցնցում, մարմնի վրա բաց վերքեր, ձեռքերին, ոտքերին, դեմքին արյունազեղումներ։ Այս ամենն արձանագրվել էր Միայնակ Գայլի՝ Արայիկ Խանդոյանի մարմնի տարբեր հատվածներում: Նրա պաշտպան Արայիկ Պապիկյանը, սակայն նշում է՝ Արայիկ Խանդոյանի հետ որեւէ քննչական գործողություն չի կատարվել։ Ծանուցագրերը ստացել է քննչական գործողություն նշանակելու օրվա եւ ժամից հետո, այսինքն՝ ծանուցվել է ավելի ուշ, քան պետք է տեղի ունենար քննչական գործողությունը։ Փորձագետն էլ եզրակացություն է տվել, որ Արայիկ Խանդոյանը կարող էր պատերին կամ խցի դռանը հարվածներ հասցելով իրեն վնասվածքներ պատճառեր։
«Սա խեղկատակություն է , որին մենք որեւէ կերպ չէինք ուզում մասնակցել»,- ասում է պաշտպան Արայիկ Պապիկյանը։
Փաստաբանը վստահ է՝ միջադեպի առիթով 10-ից ավելի անձանց պետք է մեղադրանք առաջադրվի։ Արայիկ Պապիկյանը միջադեպի հաջորդ օրը վաղ առավոտյան տեսակցել էր իր պաշտպանյալին։ Հիշում է՝ նրա գիտակցությունը մթագնած էր եւ բավականին վատ վիճակում էր։ Արայիկ Խանդոյանը, սակայն պաշտպանին պատմել է, որ փոքր խցում հերթով են իրեն ծեծել։
«Թիկունքից մոտ 5 րոպե հարվածներ է ստացել գլխի շրջանում։ Ցավ այլեւս չի զգացել, այլ միայն դմբդմբոցներ գլխի մեջ։ Մի մասը խփում էին դուրս գալիս, մյուս մասն էր մտնում՝ այդպես 10-ից 15 մարդ։ Դա վայրենություն է եղել, որից հաճույք են ստացել այդ մարդիկ»,- ասում է Արայիկ Պապիկյանը։ Պաշտպանական կողմը վստահ է՝ եթե երկրում իրավիճակ չփոխվեր, գործում առաջընթաց չէր արձանագրվելու եւ մեղավորներն անպատիժ էին մնալու։
Միջադեպին անդրադարձել էր նաեւ միջազգային հեղինակավոր Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը եւ Հայաստանի իշխանություններին կոչ արել շտապ, մանրակրկիտ և արդյունավետ քննություն իրականացնել եւ պատժել մեղավորներին։ Մինչդեռ այս ընթացքում Արմեն Ղազարյանի կոչումը բարձրացավ՝ նա փոխգնդապետից դարձավ գնդապետ։
Սուսաննա Պողոսյան
Forrights.am-ը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի իրավական-լրատվական կայքն է:
Մեր առաջնահերթ նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունն է հրապարակայնացման միջոցով: