Նիկոլ Փաշինյանը բացահայտումեր է խոստացել զոհված զինծառայողների ծնողներին

Նիկոլ Փաշինյանը բացահայտումեր է խոստացել զոհված զինծառայողների ծնողներին
Խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երեկվա հանդիպումից գոհ են մնացել: Զրույցը տևել է շուրջ 45 րոպե. «Դրական էր այնքանով, որ ինքը մարդկային ձևով մոտեցավ, լսեց՝ ժամանակի սղությունը հաշվի չառնելով: Ես վարչապետին ասեցի, որ հույս եմ կապում իր հետ և հավատում եմ իրեն»,- Forrights.am-ին փոխանցում է 2010 թվականի մարտի 14 լույս 15-ի գիշերը Լեռնային Ղարաբաղի «Հայկազով» զորամասում մահացած Վալերի Մուրադյանի մայրը՝ 
Նանա Մուրադյանը: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ չունի ոչ մի պատճառ չցանկանալու, որ քրեական գործերը լիարժեք բացահայտվեն: Նա խոսք է տվել միջնորդել իրավապահ մարմիններին զբաղվել այս զինվորների գործերով՝ փորձելով արդյունքներ ունենալ. «Մենք և անձամբ ես շահագրգիռ ենք, որ բոլոր այն թեմաները, որ կան՝ լուծվեն: Այսինքն՝ ես տեղյակ եմ, որ կան գործեր, որոնք ընդհանրապես բացահայտված չեն, կան գործեր էլ, որոնք համարվում են բացահայտված, բայց հարազատները որոշակի կասկածներ ունեն ու բավարարված չեն գործերի բացահայտմամբ: Հետևաբար, կարծում եմ, որ այնտեղ, որտեղ մենք հիմնավոր կասկածներ կունենանք, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես ներկայացվում է՝ նորից կփորձենք անդրադառնալ դրանց»,- ծնողներին ասել է Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետի հետ հանդիպումից դրական տպավորություններ ունի 2007 թվականին Կարճաղբյուրի զորամասում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը. «Ես մեծ ակնկալիք ունեմ պարոն Փաշինյանից: Չեմ կարծում, որ նա աչք կփակի սպանությունների վրա, համակերպվելով, որ դրանք կմնան չբացահայտված: Ասեց ճիշտ է՝ այնպես չէ, որ խոստանում եմ՝ հենց վաղը բացահայտումներ կլինեն, բայց որ լինելու են բացահայտումներ, աչքաթող չենք անելու, դա հաստատ է: Էսքան տարի էն իշխանության ժամանակ ոչինչ չի եղել: Այս իշխանությունից սպասելիքներ ունենք»: 

Հիշեցնենք, որ պաշտոնական վարկածի համաձայն՝ Տիգրան Օհանջանյանը Կարճաղբյուրի զորամասի տարածքում էլեկտրահարվել է: Սակայն Տիգրանի մարմնին առկա բռնությունների հետքերը ծնողներին հուշել են, որ որդուն գազանաբար սպանել են։ Փորձաքննությամբ պարզվել է, որ դեպքի վայրում մարդու կյանքին սպառնացող հոսանք չի եղել։ Գոհար Սարգսյանի վստահեցմամբ՝ նախաքննական մարմինը չի կարողացել ապացուցել իր իսկ կողմից պնդվող էլեկտրահարման վարկածը։  11 տարվա ընթացքում Տիգրան Օհանջանյանի գործը հայտնվել է 3 գլխավոր դատախազի և 3 զինվորական դատախազի ուշադրության ներքո։ 2015 թվականին գործի վարույթը հերթական անգամ կասեցվել է։ 

Տիկին Գոհարը վստահեցնում է, որ հեղափոխությունն արդեն իսկ դրական տեղաշարժ է բերել որդու մահը բացահայտելու առումով: Գործի քննության կասեցման որոշումը Առաջին ատյանում անարդյունք բողոքարկելուց հետո իրենք դիմել են Վերաքննիչ դատարան: Նախորդ ամիս տեղի ունեցած դատական նիստից Գոհար Սարգսյանը գոհ է՝ դատարանի վերաբերմունքն իրենց նկատմամբ 180 աստիճանով փոխվել է. 

«Երբ համեմատում եմ Առաջին ատյանի դատարանի դատավորի, դատախազի և Վերաքննիչի դատավոր- դատախազի մոտեցումները, ես մեծ տարբերություն եմ տեսնում: Շատ զարմանալի էր, որ դատավոր Հարությունյանը մանրակրկիտ ուսումնասիրում էր բողոքը»: Տիկին Գոհարը դատարանում պատմել է, որ քննիչները բազմաթիվ չարաշահումներ են թույլ տվել՝ գործի համար կարևոր ապացույցներ չեն ներկայացվել փորձաքննության. Նկատենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Տիգրան Օհանջանյանի գործով հարցեր է ուղղել Հայաստանի կառավարությանը: 

Չբացահայտված հանգամանքներում մահացած զինծառայողների ծնողներին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել է՝ եթե քննչական մարմինները չբացահայտեն մահերը, ինքը հետամուտ կլինի, որ գործերը փոխանցվեն Ազգային Անվտանգության ծառայություն և քննություն ընթանա իր անմիջական հսկողության ներքո: Վարչապետը ծնողներին նաև ասել է, որ հնարավոր է՝ կան վաղեմության ժամկետն անդառնալիորեն անցած գործեր: Եվ Նանա Մուրադյանըՙ և Գոհար Սարգսյանը պնդում են՝ այդ դեպքում պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն զինվորական սպանությունները կոծկած քննիչներին ու դատախազներին. 

«Ծնողը Բանակին հավի ճո՞ւտ է տալիս, որ հոշոտեն ու ոչ մեկը պատասխան չտա՞, քննիչները տարիներ անցկացնեն, հետո էլ ասեն՝ ոչ ոք պիտի պատասխան չտա՞»,- հարց է բարձրացնում տիկին Նանան: «Եթե որդու սպանողները չեն բացահայտվելու, ուրեմն պիտի պատժվեն գործը կոծկած քննիչներն ու դատախազները»,- ասում է Գոհար Սարգսյանը: 

Վալերի Մուրադյանի մահը նախաքննական մարմինը որակել է ինքնասպանություն և քննությունը տարել այդ ուղղությամբ: Այս վարկածին հարազատները չեն հավատացել՝ հայտարարելով, որ Վալերին զորամասում ականատես է եղել վառելիքի գողության, դրա համար էլ նրան սպանել են: 

Վարչապետը հետաքրքրվել է տիկին Նանայից, թե նա որտեղից գիտի այդ մասին. «Պարոն Փաշինյանին մեջբերեցի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի խոսքերը՝ այո, Վալերի Մուրադյանը զորամասում ականատես է եղել բազմաթիվ չարաշահումների: Կոստանյանն ասել էր նաև, որ քննություն է գնում և մեղավորները կպատժվեն, վերջում էլ ասեց՝ ես պատասխանատու եմ իմ ամեն բառի համար: Բայց դրանից հետո Կոստանյանը ոչինչ չարեց»: 

Նանա Մուրադյանը գիտի, թե ինչու որդու սպանությունը չի բացահայտվել: Նախորդ իշխանության ժամանակ բանակի գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ գործել է կոռուպցիոն շղթա: Իշխանության ամենաբարձր մակարդակով զինծառայողների մահվան մեղավորներին չպատժելու հրաման է եղել: Ողբերգական մահից 8 տարի հետո Նանա Մուրադյանը չի ստացել կարևոր հարցի պատասխանը՝ ո՞վ է իր որդուն կայնքից զրկել: Այս տարիների ընթացքում գործը մեկ կասեցվել է, մեկ՝ քննությունը վերսկսվել, բայց՝ զրոյական արդյունքով: 2017 թվականին Վալերի Մուրադյանի գործով երկու զինծառայողի մեղադրանք է առաջադրվել՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: 

Նրանց նկատմամբ հետախուզում է  հայտարարվել, բայց քանի որ չեն գտնվել, գործը կրկին կասեցվել է: Նանա Մուրադյանը վստահ է՝ քննիչն իրականում իմացել է հետախուզվողներից մեկի գտնվելու վայրը, բայց բերման չեն ենթարկել: Նանա Մուրադյանը հեղափոխության առաջին րոպեներից սկսած մասնակցել է քաղաքական հավաքներին՝ որդու մահվան իրական պատճառների բացահայտումը կապելով Նիկոլ Փաշինյանի հետ: Կոչ է արել հարազատներին, բարեկամներին ու ընկերներին՝ դուրս գալ փողոց ու նպաստել ժողովրդի հաղթանակին. 

«Մենք հույս ունենք, որ Նիկոլ Փաշինյանն արդարությունն է ուզում վերականգնել: Ինքը եթե կարողացավ Մանվելի կեղտերը հանել ջրի երես, այսինքն՝ իր համար մարդիկ հավասար են: Տեսնելով իր քայլերը՝ այո, ես հավատում եմ իրեն: Մենք հիմա չենք միանում Նիկոլ Փաշինյանին, այլ միանում ենք իր պայքարի իմաստին, որ հերիք եղավ՝ նստել են ու ժողովրդի արյունն են խմում, պիտի մաքրենք էս համակարգը: Աշխարհն է տեսել մեր չարչարանքները: Ի վերջո մենք էսքան պայքարում ենք ո՛չ միայն մեր երեխեքի համար, մեր երեխեքին մենք անդառնալի ենք կորցրել, չէ, մենք հիմա արդարություն ենք պահանջում՝ արդարադատություն լինի, որ սպանությունները չկրկնվեն»,- ասում է Նանա Մուրադյանը: 

Հավելենք, որ խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների ծնողները առժամանակ դադարեցնում են կառավարության շենքի դիմաց ավանդական բողոքի ակցիաները: Որդեկորույս ծնողները որոշել են ժամանակ տալ վարչապետ Փաշինյանի կառավարությանն ու իրավապահ մարմիններին. «Եթե զգացինք, որ ոչ մի բան էլ չի լինում, մենք նորից ենք գնալու մեր բողոքին…»:

Ռոբերտ Անանյան


3.07.2018
Jfhr.am Նորություների կայքից.
http://www.jfhr.am/sorces/print.asp/?id_=10&ln=1&page_id=790