լ ր ա գ ր ո ղ ն ե ր   հ ա ն ու ն   մ ա ր դ ու   ի ր ա վ ու ն ք ն ե ր ի
ի ր ա վ ա կ ա ն    լ ր ա տ վ ա կ ա ն   կ ա յ ք
23.01.2018 | բանակ

հակատանկային նռնակը պայթել է «ղեկավարության անփութության պատճառով». 1 զոհ, 7 վիրավոր (տեսանյութ)

հակատանկային նռնակը պայթել է «ղեկավարության անփութության պատճառով». 1 զոհ, 7 վիրավոր (տեսանյութ)
«Բանակի ղեկավարությունից պահանջում եմ, որ իմ երեխային հետմահու հերոսի կոչում տան։ Ես ուզում եմ, որ Հրանտիս նկարի կողքը կախված լինեն իր հերոսական շքանշանը և գովասանագրերը, որովհետև ինքը հերոսական արժանիքներ ուներ»,- շուրջ երկու ամիս առաջ հակատանկային նռնակի պայթյունից մահացած Հրանտ Մանգասարյանի մայրը վիրավորված է Պաշտպանության նախարարությունից, որն իր որդուն չի գնահատել ըստ արժանվույն։ Որդին իր արարքներով հերոսացել էր ապրիլյան պատերազմում։ Մարտակերտում Հրանտը հռչակված էր որպես զորամասի լավագույն դիպուկահար։ 

Մարտական պատրաստության բարձր ցուցանիշների համար Հրանտը պարգևատրվել էր պատվոգրով, Բանակի գերազանցիկ և Քաջարի մարտիկ մեդալներով։ Բայց որդեկորույս մորը սա չի բավարարում․ Հրանտին պետք է ո՛չ միայն հետմահու պարգևատրեին, այլ որպես հերոս հուղարկավորեին զինվորական պանթեոնում․  

«Չի կարելի ասել, որ եթե ինքը կռիվների վախտ չի զոհվել, ուրեմն չի կարող հերոս լինել։ Իր հերոսական քայլերը չեն գնահատվել, իմ էրեխեն անտեսվել ա, այդ պատճառով եմ ինձ ոտնահարված զգում,- բողոքում է տիկին Նունեն,- զինվորներին հերոսացնելն ամենաքիչ բանն է, որ բանակի ղեկավարությունը պետք է անի»։  

Հրանտ Մանգասարյանը ծնունդով Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից է։ Վաղ տարիքից կորցրել է հորը, տան միակ զավակն էր։ Մորն այժմ մխիթարում են հինգ քույրերը։ Վերջին տարիներին ընտանիքը Երևանում վարձով է ապրում։ Խելացիությամբ փայլող Հրանտը քաղաքացիական կյանքում յուրօրինակ հոբբի ուներ՝ նորոգում էր սմարթֆոններու պլանշետներ։ Մորը խոստացել էր վերադառնալ ու նրան տիրություն անել․․․  

Հրանտը Երևանի ուսումնական զորամասում դիպուկահարի դասեր էր առնում, երբ Արցախում պայթեցին պատերազմի առաջին փամփուշտները։ Առաջնագիծը հմուտ դիպուկահարների կարիք ուներ, ու նա ծառայակիցների հետ տեղափոխվում է Արցախ։ Պատերազմում կրած տառապանքներով ու դժվարություններով երիտասարդը հարազատների հետ չի կիսվել։ 

2017-ի նոյեմբերի 4-ին Արցախի Պաշտպանության նախարարությունն ահասարսուռ հաղորդագրություն տարածեց։ Ժամկետային մեկ զինծառայողի մահվան ու երկու վիրավորների մասին հերթական գույժն էր։ Այս դեպքը սահմանային հերթական միջադեպը չէր, այլ՝ ահակատանկային նռնակի պայթյուն էր զորամասի պահեստում։ Սակայն Արցախի ՊՆ-ն պաշտոնական հաղորդագրությունում չէր թվարկել վիրավոր բոլոր զինծառայողների անունները։ 

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների իրավապաշտպան կազմակերպության ձեռքի տակ են նոյեմբերի 4-ի գործով հարուցված քրեական գործի վերաբերյալ փաստաթղթեր, որտեղ շարադրված են մեկ մահացածի և յոթ վիրավոր զինծառայողների անուններ։ Այսպես, Մարտակերտի զորամասում հակատանկային նռնակի պայթյունից նոյեմբերի 4-ին մահացել է ժամկետային զինծառայող Հրանտ Մանգասարյանը, վիրավորվել են պահեստապետը՝ պայմանագրային զինծառայող Գևորգ Հյուսնունցը, ժամկետային զինծառայողներ Սերգեյ Սևադայի Ալումյանը, Էրիկ Արթուրի Ավետիսյանը, Նարեկ Ստեփանի Բարեղամյանը, Մելսիկ Գրիգորի Մարգարյանը, Հովհաննես Վանիկի Շերմազանյանը և Վանիկ Վարազդատի Պողոսյանը։ Վիրավորներին պայթյունից հետո մարմնական տարբեր աստիճանի վիրավորումներով տեղափոխել են Մարտակերտի զինվորական հոսպիտալ։ 

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը չի այցելել մահացած Հրանտ Մանգասարյանի ընտանիքին։ Փոխարենը հարազատներին իր մոտ է ընդունել՝ ասելով, որ գործն իր անմիջական հսկողության ներքո է, խոստանում է պատժել մեղավորներին։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ ականի պայթյունի մեղավորների շրջանակը շատ լայն է՝ շուրջ 15 բարձրաստիճան զինվորական։ Այս տվյալը նաև քննիչն է հաստատել, ընտանիքին բացատրելով, որ հակատանկային նռնակը պայթել է «ղեկավարության անփութության պատճառով», և պատասխանատու է 15 բարձրաստիճան զինվորական։ 

Քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչությունում այս դեպքով քրեական գործ հարուցվել է Քր․ օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Ըստ այդմ՝ հակատանկային նռնակը պայթել է Պաշտպանության բանակի 49971 զորամասի պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու հետևանքով, ինչն անզգուշությամբ ծանր հետևանքներ է առաջացրել: Հրանտ Մանգասարյանը տուժող է ճանաչվել, մայրը՝ Նունե Հակոբյանը, տուժողի իրավահաջորդ։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ այս դեպքով դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ձերբակալված անձ չկա։ Ընթանում է նախաքննություն։ 

Ողբերգական դեպքից Հրանտի ընտանիքի տեղեկությունները սուղ են․ գիտեն, որ նռնակից տուժած զինծառայողները մեկ օր առաջ էին վերադարձել դիքերից, ու չնայած մարտական հերթապահությունից ծանր հոգնած էին, ուղարկված են եղել պահեստ՝ զենք-զինամթերք դասավորելու։ Հակատանկային նռնակի պայթյունից Հրանտի մարմինն այնպես է վնասվել, որ դիահերձելիս դժվարացել են նրան նույնականացնել։ Դիահերձարանում տիկին Նունեն անմիջապես է ճանաչել որդուն․ «Ոտքի տակի շռամից հասկացա, որ տղաս է»։ 



Հակատանկային նռնակը պայթել է Հրանտին շատ մոտ․ «Երեխեն կռացած վիճակով ա եղել, պայթյունի ուժն իրա վրայա վերցրել, ընկերները ասկոլկեքից են վիրավորվել։ Ձեռքերի, երեսի ու մարմնի ստորին հատվածների վնասվածքները դրան են տանում․․․»։ Եթե Հրանտը չնետվեր ու մարմնով չփակեր նռնակը, հօդս կցնդեր զենքի ողջ պահեստը, կունենայինք մարդկային մեծ կորուստներ։ Հրանտ Մանգասարյանն իսկական տղամարդու կեցվածք ուներ, մի քանի բառ զրույցը նրա հետ արդեն բավական էր համոզվելու, որ գործ ունես զինվորական գործի գիտակ երիտասարդի հետ, պատմում է քեռին՝ Արամ Հակոբյանը․ 

«Լավ գիտեր իր արժանիքները։ Հրանտն այնպիսի զինվորական էր, որին պետք չէր ավելորդ բառեր շռայլել․ ինքն իր գործով արդեն իսկ որակավորել էր իրեն»։ Բայց հմուտ դիպուկահարին տրված չէր երկրային կյանքում իր փառքը վայելելու՝ մահացավ տուն վերադառնալուց երկու ամիս առաջ։  

Հրանտ Մանգասարյանի ընտանիքը բազմաթիվ անպատասխան հարցեր ունի, օրինակ՝ ինչպե՞ս է պատահել, որ դիպուկահար Հրանտը հակատանկային նռնակի հետ է գործ ունեցել։ Նունե Հակոբյանը գիտի, որ որդու մահվան պատճառ դարձած նռնակը գտնվել է լարված, այսինքն՝ մարտական վիճակում։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ էր նռնակը լարված, եթե պատերազմական դրություն չէր։ Արդյո՞ք դիտավորություն այստեղ չի եղել։ Նախաքննական մարմնի կողմից ներկայացվում է, թե իբր վիրավորված պահեստապետ Գևորգ Հյուսնունցը փորձել է ականը հանել մարտական վիճակից, ու հենց այդ պահին նռնակը նրա ձեռքում պայթել է։ 

Հրանտի քեռին՝ Արամ Հակոբյանը տիրապետում է Հյուսնունցի նախնական ցուցմունքին, որում պահեստապետն ընդունել է, որ հակատանկային նռնակը լարումից հանելու փորձի ժամանակ այն իր ձեռքից ընկել է ու պայթել։ Հետո պահեստապետը տարբերվող բաներ է հայտնել նախաքննությանը, նախ՝ որ պայթելուց առաջ նռնակը դրված է եղել սեղանին։ Իսկ արդեն վերջնական ցուցմունքում Հյուսնունցը պնդել է, թե նռնակն իր ձեռքերում պայթել է, երբ փորձում էր այն լարումից հանել․ 

Հրանտ Մանգասարյանի ընտանիքը մեծ հույսեր չունի, որ մեղավորները քրեական պատժի կարժանանան։ Վիրավոր զինծառայողներից ոչ մեկը մյուսի դեմ ցուցմունք չի տա․ զորամասի ղեկավարությունն առաջին հերթին զինվորին թույլ չի տա այդ անել։ Տիկին Նունեն քաջ գիտակցում է, որ հուսահատվելու իրավունք չունեն ու որպեսզի դեպքի բոլոր մանրամասները պարզվեն, պատրաստ է անվերջ պայքարել․ 

«Իրենք պարտավոր են բացահայտել, թե երեխաս ում մեղքով ա մահացել, թեկուզ անփութության պատճառով։ Ուզում եմ, որ էս դեպքի մասին շատերն իմանան, պատժվեն էն մարդիկ, որոնք անփույթ են եղել ու տղաս մահացել ա»։ 

Առեղծվածային միջադեպի լիարժեք բացահայտումը կարևոր է ոչ միայն իրենց համար, այլև այն ընտանիքների, որոնք բանակում զինվոր ունեն․ 

«Ոչ ոք չի հասկանում, թե ինչ է կատարվում իմ ներսում։ Նման դեպքեր այլևս պիտի չլինեն, կորուսյալ մայրեր էլ պետք է չլինեն»,- սա ասելով Նունեն պինդ փակում է արցունքներով լցված աչքերը:

Հուղարկավորությանը ներկա են եղել զինվորականներ Հրանտի զորամասից, բայց դրան հաջորդող 40 օրերին Պն որևէ բարձրաստիան պաշտոնյա չի այցելել Հրանտ Մանգասարյանի ընտանիքին։ Փոխարենը Վիգեն Սարգսյանը սգավոր ընտանիքին ընդունելության է կանչել․ «Դա իմ տեղը չէր որպես ծնող գնալու։ Սպասում էինք, որ նախարարությունից կգային։ Չէ՞ որ հերոսների մահից հետո իրենց պարտականությունն ա այցելել ընտանիքին, աջակցություն հայտնել, մխիթարանք տալ ծնողին։ Քառասունքն էլ անցավ, ոչ մեկ չեկավ ասի, տիկին ջան, մենք ցավակցում ենք ձեզ, ձեր որդին հերոս էր։ Ես ոչ մեկին չտեսա, միայն՝ վայենկոմի տեղակալն էր, որ եկավ»- ցավով շեշտում է Հրանտի մայրը։ 

Նունեն անձամբ է Վիգեն Սարգսյանին խնդրել իր որդուն հերոսի կոչում տալ։ Նախարարը պատասխանել է, որ քննություն է ընթանում և արդյունքների պարզ լինելուց հետո միայն հնարավոր կլինի այդ հարցին անդրադառնալ․ Հրանտի քեռին՝ Արամ Հակոբյանը նախարարից փորձել է ճշտել, թե արդյո՞ք քրոջ ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից որևէ փոխհատուցում ստանալու է․ 

«Մենք գիտենք, որ Վիգեն Սարգսյանն է այդ 1000 դրամների հիմնադրամի հեղինակը, բայց էնպես խոսեց, իբր ինքը տեղյակ չի․․․»։ 



 Ռոբերտ Անանյան   
9290
Print
բանակ
Զինծառայող Արթուր Գասպարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին 25.05.2018 | բանակ

Զինծառայող Արթուր Գասպարյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել հենակետի ավագին

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արթուր Արտյոմի Գասպարյանի մահվան դեպքի բոլոր հանգամանքները պարզ

Մովսես Հակոբյանը կազատվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից 24.05.2018 | բանակ

Մովսես Հակոբյանը կազատվի Գլխավոր շտաբի պետի պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է նախագահ Արմեն Սարգսյանին՝ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին այլ աշխատանքի տեղափոխելու և պաշտոնից ազատելու հարցով: Այս մասին հայտարարել է վարչապետը՝ կառավարության նիստի սկզբում։ 


«Ոտքերդ աճում են». Ապրիլյան պատերազմի անդամահատված մասնակցից  «մաղարիչ» են պահանջել՝ 2-րդ կարգից չզրկելու համար 23.05.2018 | բանակ

«Ոտքերդ աճում են». Ապրիլյան պատերազմի անդամահատված մասնակցից «մաղարիչ» են պահանջել՝ 2-րդ կարգից չզրկելու համար

2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ Քարվաճառի սահմանին ձյան տակ մնացած ու ցրտահարության արդյունքում երկու ոտնաթաթերն ու կրունկը կորցրած Վարդենիսի բնակիչ Ալբերտ Մարտոյանն այժմ անդամահատված ոտքերով, փայտին հենված ստիպված է մի կերպ Երևան հասնել ու դիմել լրատվամիջոցի օգնությանը՝ հաշմանդա

լրագրողներ հանուն մարդու իրավունքների | 530840 ; 093589631 | info@jfhr.am Մեջբերումներ անելիս հղումը «JFHR»-ին պարտադիր է:© 2013 JFHR online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:

Այս կայքը ստեղծվել է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:Կայքի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտի ԱՄՆՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: