Forrights.am-ի խմբագրություն է դիմել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով մեղադրանքով կիրակի օրը կալանավորված 35-ամյա Վարդան Մաթևոսյանի կինը՝ Ամալյա Մաթևոսյանը:

Նրա պնդմամբ՝ ամուսինը «Արմավիր» ՔԿՀ-ում կիրակի օրվանից հացադուլ ու ջրադուլ է անում իր հետ առնչություն չունեցող մեղադրանքի պատճառով:

«Ամուսինս էն վիճակում էր, որ չգիտեմ՝ 2 օր կձգի՞, թե՞ չէ։ Արդեն քանի օր է՝ հացադուլ ու ջրադուլ է անում, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում»,-մեզ հետ զրույցում տարակուսեց Ամալյան՝ շարունակելով․ «Նոր ենք տեսակցել իրեն: Պռոշները կապտած են, ճաքճքած ջրազրկումից, վատ վիճակում է, գույնը գցած, մարդ է կանչում, որ իր բողոքն արտահայտի, չեն բերում, ասում են՝ մի օրով բարձրացի վերև՝ խուց, որ ասեն, թե դուրս է եկել հացադուլից ու ջրադուլից»։

Հուսահատ կինը նաև հավելեց, թե ՔԿՀ-ում ամուսնու իրավունքները խախտված են․ «Չնայած ջրադուլի մեջ է, ծորակով խցում են պահում ու ջուրը կաթում է։ Դա արդեն իր իրավունքի ոտնահարում է, բայց նրա ձայնը լսելի չի»:

Վարդան Մաթևոսյանը նախկինում արդեն չորս անգամ դատված է եղել, սակայն կինը պնդում է, որ այս մեղադրանքը իրեն անհիմն է ներկայացվել, գործել է դատվածություն ունեցողի վրա գործ բարդելու իրավապահների ավանդույթը: «Քննիչը իրեն ասել է՝ Վարդան շառով էլ լինի, պիտի դատվես, արի էս գործը վերցրու քո վրա, ես քեզ տղավարի խոսք եմ տալիս, դու մինչև դեկտեմբերի վերջ երեխուդ հետ Նոր տարի կանես տանը։ Ամուսինս չի ընդունել, դրա համար և հացադուլ, և ջրադուլ է անում»,-պատմեց կինը՝ մանրամասնելով, որ խոսքը ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչության քննիչ Արմեն Մաթևոսյանի մասին է։

«Ինքը ասում է՝ նախորդներն արել է, բայց էս մեկը չի արել, իրան շառով են տվել՝ առանց ապացույցների։ Ասում է՝ լրիվ անարդար են իրեն դատում ու կալանավորել, փորձել են ցուցունք կորզել այլ անձանց դեմ»,-պատմեց կինը՝ հավելելով, թե ամուսինը ասել է հետևյալը․ «Հանցագործություն արած լինեմ, դատվեմ, բայց սա ես չեմ արել, արյուն թափելու էլ լինի, չեմ դատվելու: Սա Փաշինյանի ժամանակշրջանն է, անարդարություն չի լինելու»:

Ամալյան, որը 6 ամսական երեխա ունի ու վարձով է ապրում, 7.5 տարի սպասել է բանտից ամուսնու վերադարձին: Ամուսինը բանտից դուրս է եկել նոյեմբերի 20-ին: Իսկ նոյեմբերի 24-ին կրկին կալանավորվել է մի հանցանքի համար, որը, ըստ կնոջ, չէր կարող իրագործել բանտում լինելու ժամանակ: «Իբր բերդից բիլայն համարներով զանգել, ապրանք է պատվիրել, գումարը չի տվել, 6 մլն 200 հազար դրամի մասին է խոսքը, բայց ինքն ասում ա՝ ես դա չեմ արել, էն ինչ արել է, խոստովանել է»,-հավաստիացրեց կինը։  

Հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը, որը ստանձնել է Վարդան Մաթևոսյանի պաշտպանությունը, մեզ հետ զրույցում ասաց, որ կալանավորման որոշումն արդեն իսկ բողոքարկել են Վերաքննիչ դատարան։ «Մենք առարկել ենք, ասում ենք, որ քննիչի կողմից բերված փաստական տվյալները բավարար չեն կալանք կիրառելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ դատարանը մերժել էր իր բոլոր առարկությունները․ «Անգամ գրավի միջնորդություն էինք արել»։

Փաստաբանի խոսքով՝ Մաթևոսյանը չի ընդունում մեղադրանքը։ «Առարկություն ունենք և վիճարկում ենք նրա մասնակցությունը դեպքերին։ Մեղադրանքի հիմքում մի ձայնագրառում է դրված, որի հիմքն էլ ենք վիճարկում։ Ուղղակի նախաքննություն է հիմա, շատ բաներ չեն կարող ասել։ Բայց մենք էդ մեղադրանքը վիճարկում ենք»,-ասաց փաստաբանը։

Ըստ Ֆանյանի՝ առարկությունները վերաբերում են փորձաքննությունը նշանակելիս տրամադրված նմուշներին։ «Դրոնք, մեր կարծիքով, չէին կարող այդ փորփաքննությունը կատարելու հիմք հանդիսանալ։ Վարդան Մաթևոսյանի ձայնի նմուշն ենք էս պահին վիճարկում։ Քանի որ սխալ ճանապարհով է ստացվել, այդ փարձաքննությունն էլ չի կարող քրեական դատավարությունում որպես ապացույց լինել։ Ցուցմունքներում խոսքը այլ անունով անձի մասին է և Վարդան Մաթևոսյանին ոչ ոք չի նշում»,-մանրամասնեց պաշտպանը։ 

Պաշտպանի խոսքով՝ զուգահեռ այլ վարույթներ էլ են քննվում Վարդան Մաթևոսյանի նկատմամբ։ Այս գործով՝ նրան վերագրվում է բանտից հեռախոսի միջոցով խոշոր խարդախության կատարում։ Եթե Մաթևոսյանը մեղավոր ճանաչվեց դատարանով, նրան սպառնում է 4-8 տարվա ազատազրկում։

Ի դեպ, Վարդա Մաթևոսյանի կնոջ խոսքով՝ այս պահին «Արմավիր» ՔԿՀ-ում է գտնվում մի հացադուլավոր, որն արդեն 34-րդ օրն է, հացադուլի մեջ է, սակայն ՔԿՀ-ում աշխատում են չհրապարակել նրա բողոքը, իսկ վերջինս էլ ընտանիք չունի, որ իր հարցով զբաղվեն։  

Մարինե Խառատյան

Pin It on Pinterest